Շոտլանդական երաժշտություն

Շոտլանդական երաժշտության արվեստը սկզբնավորվել է երկիրը բնակեցրած ցեղերի (կելտերի, սքոթների, սկանդինավցիների և այլն) ժողովրդական երգ-պարային մշակույթից։ Կելտական ժողովրդական շրջիկ երգիչ-ասացողները՝ բարդերը (հնագույն ժամանակներից մինչև XIX դար), ավելի ուշ՝ մենեստրելներն ու լյուտնահարները ազգային էպոսի տարածողներն ու պահպանողներն էին։ Նրանք հորինել ու կատարել են վիպական, հերոսական երգեր, սագաներ ու բալլադներ, ինչպես և սիրային ու այլ երգեր։ Շոտլանդական երգերին բնորոշ են պենտատոնիկան և բնական լադերը։ Մեղեդիների մետրառիթմական յուրահատկությունները (այսպես կոչված լոմբարդական ռիթմ, սկոչ սնեպ) բխում են ռիլ, սթրեասփեյ, ֆլինգ, էքոսեզ ժողովրդական պարերից։ Երգերն ու պարերը նվագակցել են տավիղով (XII դարից), պարկապզուկով (XV դարից Շոտլանդիայի հիմնական ազգային նվագարան), ֆիդելով (լարային, աղեղնավոր նվագարան), ավելի ուշ՝ վիոլայով, ջութակով։ Եկեղեցական և աշխարհիկ պալատական պրոֆեսիոնալ երաժշտությունը զարգացել է XII դարից։ XIII դարում առաջացել են երգեցողության դպրոցներ, ուր ավանդվել է Գրիգորյան խորալը, ինչպես և երգեհոն ու այլ գործիքներ նվազելու արվեստը։ Եկեղեցիներում առաջին երգեհոնները տեղադրվել են 1440-ական թվականներին։ XV դարում հանդես են եկել երգեհոնահարներ և կոմպոզիտորներ Ջ․ Մելիսոնը, Ջ․ Ֆետին, Զ․ Բլեկը, Պ․ Դեյվիդսոնը, Ա․ Մելվիլը, Լ․ դը Ֆրանսը։ XV դարի կեսերին Էդինբուրգում ստեղծվել է թագավորական կապելլա։ XVI դարի ձեռագրերում պահպանվել են եկեղեցական (մեսսաներ, մոտետներ, սաղմոսներ և այլն) ու աշխարհիկ (պարեր, պոպուրիներ) վոկալ և գործիքային երկեր։ XVI դարի առաջին կեսի Շոտլանդիայի կոմպոզիտորներից են Ռ․ Քարվերը, Ռ․ Ջոնսոնը, Դ․ Փիբլսը, Ռ․ Դուգլասը, Ա․ Բլաքուելը։ Ռեֆորմացիայի գաղափարների տարածումը արգելակել է երաժշտության զարգացումը։ Երաժշտական արվեստի վերելքը սկսվել է XVII դարից։ Ստյուարտների ժամանակաշրջանի (1603 թվականից) Շոտլանդիայի երաժշտական բարձր զարգացածության մասին են վկայում մի շարք ձեռագրեր, որոնք բովանդակում են մեղեդիների, պարերի, երգերի և գործիքային երկերի գրառումներ։ Շոտլանդական ազգային մեղեդիներից օգտվել են Հ․ Պյորսելը, Հ․ Փլեյֆորդը և այլ անգլիացի կոմպոզիտորներ, ավելի ուշ՝ Ֆ․ Մենդելսոնը («Շոտլանդական սիմֆոնիա»), Մ․ Բրուխը («Շոտլանդական ֆանտազիա» ջութակի և նվագախմբի համար) և ուրիշներ։ XVI դարում ստեղծվել են պրոֆեսիոնալ երաժշտական ընկերություններ, երգչախմբային, նվագախմբային և օպերային միավորումներ ու ասոցիացիաներ։ Հրատարակվել են բազմաթիվ ֆոլկլորային երաժշտական ժողովածուներ։ Շոտլանդական ժողովրդական երգերի հիման վրա է գրվել շոտլանդական առաջին բալլադային օպերան՝ Ա․ Ռամզեյի «Ազնիվ հովիվը» (1725)։ XVIII —XIX դարերում Շոտլանդիայում պրոֆեսիոնալ բարձր մակարդակի է հասել կատարողական արվեստը։ Զարգացել է երաժշտական կրթությունը։ 1838 թվականին Էդինբուրգի համալսարանին կից բացվել է երաժշտության ամբիոն, 1890 թվականին՝ հիմնադրվել Շոտլանդիայի երաժշտության թագավորական ակադեմիան։ XIX դարի երկրորդ կեսին հանդես են եկել կոմպոզիտորներ Թ․ էրսքինը, Զ․ Ֆերգուսը, Վ․ Մաքգիբոնը, Դ․ Դոուն, Ն․ Հոուն։ 1929 թվականին Էդինբուրգում կազմակերպվել է Շոտլանդիայի երաժշտության ազգային ակադեմիան։ Արդի կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն է Ա․ Մաքենզին (XIX դարի վերջ - XX դարի առաջին կես, 5 օպերայի, օրատորիաների, կանտատների, ֆանտազիաների, դաշնամուրի կոնցերտի և այլ գործերի հեղինակ), որի հետևորդներից են՝ Հ․ Մաք-Կուննը, Չ․ Մակֆերսոնը, Ու․ Ուոլլեսը, Ֆ․ Զ․ Սքոթը, Լ․ Դրայսդեյա՛․ ժամանակակից կոմպոզիտորներից են՝ Ս․ Դեյվին, Ռ․ Կրոուֆորդը, Թ․ Մասգրեյվը։ Էդինբուրգում գործում են կոնսերվատորիա, սիմֆոնիկ նվագախումբ, երգչախմբեր։ 1947 թվականից էդինբուրգում անց է կացվում երաժշտության, դրամատիկ և բալետային արվեստների ամենամյա միջազգային փառատոն։ Գլագգոն նույնպես երաժշտական կենտրոն է։

Պարկապզուկ՝ շոտլանդական ժողովրդական գործիք
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 547