Շիրակի թեմ

Հայ առաքելական եկեղեցու թեմ

Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմ, Հայ առաքելական եկեղեցու գործող թեմերից մեկը, որը ընդգրկում է Հայաստանի Շիրակի մարզը։

Շիրակի թեմ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի մարզ
Հիմնադրված1920 թ. սեպտեմբերի 4
Մայր տաճարՍուրբ Յոթ Վերք
ԱռաջնորդՏ. Միքայել եպիսկոպոս Աջապահյան
Հոգևորականների թիվ21 քահանա, 2 սարկավագ
Սուրբ Յոթ վերք եկեղեցին

Պատմություն խմբագրել

Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմն ստեղծվել է Հայաստանի առաջին հանրապետության օրոք՝ 1920 թվականի սեպտեմբերի 4-ին՝ Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսի կոնդակով։ Սկզբնական շրջանում թեմն ընդգրկում էր այժմյան Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերը, ինչպես նաև Արագածոտնի մարզի Թալինի և Արագածի շրջանները։ Նույն թվականի նոյեմբերի 5-ին կաթողիկոսը Ալեքսանդրապոլի փոխանորդ Արտակ վարդապետ Սմբատյանին նշանակում է Շիրակի թեմի առաջին առաջնորդ։

Սկզբնական շրջանում թեմի առաջնորդությունը հաջորդաբար վարում են Արտակ եպիսկոպոս Սմբատյանը, Աշոտ եպիսկոպոս Շախյանը և Իսահակ եպիսկոպոս Տեր-Միքայելյանը։ Սակայն խորհրդային տարիների խորհրդային իշխանությունների եկեղեցահալած քաղաքականության արդյունքում եկեղեցական կառույցները աստիճանաբար անկում են ապրում։ 1938 թվականին Շիրակի թեմում բաց էր մնացել միայն առաջնորդանիստ Յոթվերք եկեղեցին, որն արդեն առաջնորդ չուներ և սպասարկվում էր մի քանի տարեց քահանաների կողմից։

1945 թվականին՝ Գևորգ Զ Նորնախիջևանցի կաթողիկոսի գահակալությունից հետո, Շիրակի թեմում կրկին նշանակվում է եպիսկոպոս առաջնորդ՝ ի դեմս Սուրեն եպիսկոպոս Թորոսյանի։ 1990 թվականին թեմից անջատվում են Տավուշն ու Լոռու մի հատվածը, իսկ 1996 թվականից ի վեր՝ Շիրակի թեմը սահմանափակվում է միայն Շիրակի մարզի տարածքով։

1999 թվականին Գարեգին Բ կաթողիկոսի կողմից առաջնորդական տեղապահ է նշանակվում Միքայել ծայրագույն վարդապետ Աջապահյանը։ Վերջինս 2001 թվականին ձեռնադրվում է եպիսկոպոս և հաստատվում է որպես Շիրակի թեմի առաջնորդ։

1992 թվականից գործում է Շիրակի դպրանոցը։ Թեմը պագրում է «Սուրբ Յոթվերք» ամսաթերթը։ «Ցայգ» հեռուստաընկերության եթերով կանոնավոր կերպով հեռարձակվում է «Եղիցի լույս» հաղորդաշարը, որի միջոցով թեմի առաջնորդն ուղիղ եթերով զրուցում է թեմի հետևորդների հետ։

Շենք խմբագրել

Շիրակի թեմը տեղակայված է Հովհաննես Քաջազնունու նախագծով կառուցված «Լոդկա» անունով հայտնի շենքում, որն առանձնանում է ճարտարապետական հետաքրքիր լուծումներով, տարբեր գույնի քարերի համադրմամբ, հատուկ կամարների օգտագործմամբ[1]։ Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին լինելով Պետպլանին կից խորհրդի անդամ և շինարարական ինստիտուտի տնօրեն՝ փորձում էր օգնել ճարտարապետներին արագացնել 1926 թվականի երկրաշարժից հետո Լենինականի կառուցապատումների տեմպն ու հատակագծման աշխատանքները։ Շենքը կառուցվել է 1930-1936 թվականներին (տարբեր աղբյուրներում կառուցման թվականը տարբեր է նշված)[1] Բուլվարնայա ու 27-րդ փողոցի խաչմերուկում, Հովհաննես Քաջազնունու նախագծով որպես բնակելի տուն։ Եռահարկ շենքի վերջին հարկը հատկացվել է ՀԿԿ Լենինականի քաղկոմի առաջին քարտուղարներին։ Շենքում են ապրել Լենինականի քաղկոմի առաջին քարտուղար Շմավոն Առուշանյանը, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմո Հարենցը, խորհրդային գրողների միության Լենինականի բաժանմունքի քարտուղար, արձակագիր Անդրանիկ Հովսեփյանը։ 1950-ական թվականների սկզբներին շենքի երկրորդ ու երրորդ հարկերը զբաղեցրել է Լենինականի կենտրոնական գրադարանը։ Շենքը վնասվել է 1988 թվականի երկրաշարժից։ Հետագայում վերակառուցվել է և Մայր Աթոռի միջնորդությամբ և Շիրակի մարզպետի որոշմամբ շենքի այն հատվածը, որտեղ տեղակայված է եղել գրադարանը, հատկացվել է Շիրակի թեմի առաջնորդարանին[1]։

Շենքն ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել