Շարժասանդուղք (անգլ.՝ escalator, կազմված է elevator բառի նման, ֆր.՝ escalade՝ գրոհման սանդուղք բառից, որն իր հերթին կազմված է scala՝ սանդուղք բառից), ամբարձիչ-փոխադրող մեքենա 30—35° հորիզոնական թեքությամբ, շարժվող աստիճաններով սանդուղք, որը նախատեսված է մարդկանց մի մակարդակից մյուսը տեղափոխելու համար։ Սանդուղքի աստիճանները սովորաբար ամրացած են փակ շղթային, որը շարժման մեջ է մտնում մեխանիկական ռեդուկտորի կամ գծային շարժակի օգնությամբ էլեկտրական շարժիչից[1]։

Շարժասանդուղք Կոպենհագենի մետրոպոլիտենում
Թունելային շարժասանդուղք Մոսկվայի մետրոպոլիտենի «Դուբրովկա» կայարանում»

Շարժասանդուղքները տարածված են մետրոպոլիտեններում, կայարանատներում, առևտրի խոշոր կենտրոններում, գետնանցումներում։ Երբեմն կիրառվում են նաև բարդ ռելիեֆ ունեցող քաղաքներում՝ որպես ֆունիկուլյորի երկընտրանք[2]։

Առանց աստիճանների շարժվող ուղիները կոչվում են տրավոլատորներ։

Պատմություն խմբագրել

Շարժասանդուղք գործածության ժամանակ, 2011

Այսօրինակ առաջին մեխանիզմը արտոնագրվել է ամերիկացի գյուտարար Նաթան Էյմսի կողմից 1859 թվականի մարտի 9-ին, սակայն «շրջանաձև շարժվող սանդուղքի» (անգլ.՝ revolving stairs) այդ արտոնագիրը՝ № 25,076, երբեք ոչ մեկի կողմից չի օգտագործվել։ Տասնամյակներ անց՝ 1892 թվականի մարտի 15-ին, ամերիկացի Ջես Ռենոն արտոնագրեց «թեք ամբարձիչի» իր հայտնագործությունը (անգլ.՝ inclined elevator): Նրա՝ աշխարհում առաջին շարժասանդուղքն ի հայտ եկավ 1894 թվականին Նյու Յորքի Քոնի Այլընդ (անգլ.՝ Coney Island) այգում՝ որպես զբոսաշրջիկների համար նախատեսված ատրակցիոն։

Մետրոպոլիտենի կայարաններից առաջինը, որտեղ տեղադրվել է շարժասանդուղք (1911 թվական), Լոնդոնի մետրոպոլիտենի Էրլս-կորտ (անգլ.՝ Earl's Court) կայարանն էր։

Առաջին շարժասանդուղքները հարթ, առանց աստիճանների, շարժվող ուղիներ էին։ Ավելի ուշ դրանց բռնակներ ավելացրին, իսկ ժամանակակից տեսքը ձեռք բերեցին 1921 թվականին[3]։

Գործնականում հենց սկզբից նրանք, ովքեր ոչ թե քայլում էին շարժասանդուղքով, այլ պարզապես կանգնում էին դրա վրա, կանգնում էին աջ կողմում, որպեսզի ճանապարհ տան քայլող անցորդներին։ Այդ «ստորգետնյա էթիկետը» այսօր էլ պահպանվում է աշխարհի շատ երկրներում[4]։

Շարժասանդուղքներ Ռուսաստանում խմբագրել

 
Մոսկվայի մետրոպոլիտենի կայարաններից մեկի թունելային շարժասանդուղքը

ԽՍՀՄ-ում առաջին շարժասանդուղքն ի հայտ է եկել Մոսկվայում։ Իսկ առաջին հասարակական կառույցը, որտեղ տեղադրվել է շարժասանդուղք, Մոսկվայի կենտրոնում գտնվող Դերժինսկու հրապարակի «Մանկական աշխարհ» խանութն էր[5]։

Խորհրդային Միությունում շարժասանդուղքներն առավելապես օգտագործում էին մետրոյում, հազվադեպ՝ կայարաններում, օդանավակայանում, թատրոնում, համերգասրահներում և հասարակական այլ վայրերում։ 1935 թվականից սկսած՝ ԽՍՀՄ-ում ներմուծվում էին միայն ֆիննական «KONE» ընկերության շարժասանդուղքները, որոնք տեղադրվում էին միայն այնպիսի կարևոր վայրերում, ինչպես Կրեմլը, Համագումարների պալատը։ Արտասահմանյան այլ արտադրողները շուկայում հայտնվեցին միայն ԽՍՀՄ-ի անկումից հետո։ Իսկ ժամանակակից Ռուսաստանում հաճախ են շարժասանդուղքներ տեղադրում առևտրի և բիզնես կենտրոններում։

Տեսակներ խմբագրել

 
Պարուրաձև շարժասանդուղք Հոնկոնգի Թայմս-սքվեը համալիրում

Շարժասանդուղքները բաժանվում են երկու հիմնական խմբի՝ թունելային և միջհարկային։

Թունելային շարժասանդուղքները տեղադրվում են թեք, երկար թունելներում՝ մեծ խորությամբ տեղակայված մետրոյի կայարաններում։ Այդպիսի շարժասանդուղքների երկարության հետևանքով դրանց կառուցվածքի և արգելակների հուսալիությանը ներկայացվում են ավելի հատուկ պահանջներ։ Դրանց սպասարկման համար հարկավոր է ունենալ լայն բազրիքներ։

Միջհարկային շարժասանդուղքներն օգտագործվում են շինություններում։ Քանի որ դրանք սովորաբար ազատ հասանելի են, բազրիքներ հարկավոր չեն։

Թունելային և միջհարկային շարժասանդուղքները տարբերվում են թեքության անկյունով։ Մինչև 6 մետր բարձրության դեպքում շարժասանդուղքի թեքության անկյունը պետք է կազմի 30° կամ 35°, իսկ 6 մետրից ավելի բարձրության դեպքում՝ միայն 30°[6]:

Բնութագրեր խմբագրել

 
Մարդիկ շարժասանդուղքի վրա, Լոնդոնի մետրոպոլիտեն, 2011 թվական

Շարժասանդուղքի մեկ կողմի անցանելիության կարողությունը 0,75 մ/վ (մեկ րոպեում 45 մետր) արագության դեպքում տեսականորեն կազմում է 10000 մարդ/ժամ, իսկ իրական կարողությունը սովորաբար կազմում է ոչ ավելի, քան 5000-6000 մարդ վերելքի և մինչև 7500 մարդ վայրէջքի համար[7]։

Որպես կանոն՝ շարժասանդուղքի բազրիքների շարժման արագությունը գերազանցում է աստիճանների շարժման արագությանը։ Բազրիքները շարժման մեջ դնող սկավառակների վրա ռեզինե շերտներ են դնում, որոնք ժամանակի ընթացքում մաշվում են, ինչի արդյունքում իջնում է բազրիքների շարժման արագությունը[8]։ Որպես օրինակ՝ Բադեն-Վյուրտեմբերգի (Գերմանիա) շարժասանդուղքի բազրիքների և աստիճանների շարժման արագությունը կարգավորվել է 1977 թվականին. դրանց արագությունները պետք է նույնը լինեն, սակայն կարելի է բազրիքների շարժման արագությունը գերազանցել մինչև 3%-ով։ 2009 թվականից փաստաթուղթը պարտադիր չի համարվում իրականացման համար, սակայն խորհուրդ է տրվում նկատի ունենալ որպես կողմնորոշիչ[9]։

Առավելություններ խմբագրել

  • Շարժասանդուղքն ունի ավելի մեծ անցանելիության կարողություն, քան վերելակը և ֆունիկուլյորը։
  • Շարժասանդուղքն անընդհատ գործողությամբ տրանսպորտային միջոց է. ուղևորը ստիպված չի լինում սպասել տրանսպորտի ժամանմանը։
  • Շարժասանդուղքի խափանման դեպքում այն կարելի է օգտագործել որպես սովորական սանդուղք և բարձրանալ կամ իջնել, մինչդեռ վերելակի խափանման պարագայում պետք է սպասել, մինչև այն վերանորոգեն։

Թերություններ խմբագրել

  • Որպես կանոն՝ շարժասանդուղքն ավելի թանկ արժե, քան վերելակը և ֆունիկուլյորը։
  • Վերելակի համեմատ շարժասանդուղքը տեղադրման համար պահանջում է ավելի մեծ տարածություն։
  • Ի տարբերություն վերելակի՝ հաշմանդամի սայլակով ուղևորները առանց կողմնակի օգնության չեն կարող օգտվել շարժասանդուղքից։
  • Ի տարբերություն վերելակի՝ շինության մեջ մի քանի հարկ տեղաշարժվելու համար ուղևորը պետք է յուրաքանչյուր միջանկյալ հարկում իջնի և նորից բարձրանա։
  • Ի տարբերություն վերելակի՝ շարժասանդուղքը չի կարող զարգացնել մեծ արագություն, որն անհրաժեշտ է բազմահարկ շինությունում ուղղահայաց տեղաշարժման համար։
  • Բեռնասայլակով կամ ուղեբեռով ուղևորների համար շարժասանդուղքով տեղափոխվելն ավելի դժվար է։

Ռեկորդներ խմբագրել

Ըստ տարիքի խմբագրել

  • Աշխարհի ամենահին գործող շարժասանդուղքը, ըստ էության, Նյու Յորքի Macy's հանրախանութի միջհարկային շարժասանդուղքն է, որը գործում է 1927 թվականից։
  • Ամենահին թունելային շարժասանդուղքը գործում է 1944 թվականի փետրվարից Մոսկվայի մետրոպոլիտենի «Բաումանյան» կայարանում։ 2015 թվականին այն ապամոնտաժվեց և փոխարինվեց նորով[10]։
  • Լոնդոնի մետրոպոլիտենի ամենահին շարժասանդուղքը գործել է «Գրինֆորդ» կայարանում 1947 թվականից։ Դա լոնդոնյան գետնանցումում պահպանված փայտե աստիճաններով ամենահին շարժասանդուղքն էր։ 2015 թվականին այն փոխարինվեց «թեք վերելակով»[11]։

Ըստ երկարության խմբագրել

  • Աշխարհի ամենաերկար շարժասանդուղքը գտնվում է Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենի «Ադմիրալյան» կայարանում։ Կայարանի տեղակայման խորությունը 86 մետր է։ Շարժասանդուղքները տեղադրված են 68,7 և 15,2 մետր վերելքի բարձրությամբ[12]։
  • Եվրամիության ամենաերկար շարժասանդուղքը տեղակայված է Պրահայի մետրոպոլիտենի «А» գծի «Náměstí Míru» կայարանում։ Երկարությունը 87 մետր է, վերելքի բարձրությունը՝ 43,5 մետր։
  • Արևմտյան կիսագնդի և ԱՄՆ-ի ամենաերկար շարժասանդուղքը գտնվում է Վաշինգտոնի մետրոպոլիտենի «Wheaton» կայարանում։ Երկարությունը 70 մետր է, վերելքի բարձրությունը՝ 35 մետր։
  • Հարավային կիսագնդի ամենաերկար շարժասանդուղքը գտնվում է Մելբուրնի քաղաքային երկաթուղու «Parliament» կայարանում։ Վերելքի բարձրությունը կազմում է ավելի քան 30 մետր։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ross, Julian (2000). Railway Stations: Planning, Design and Management (անգլերեն). Architectural Press. ISBN 9780750643764.
  2. Strakosch, George R. (1983). Vertical transportation: elevators and escalators. Wiley. ISBN 978-0-471-86733-3.
  3. «Elevators & Escalators - MITSUBISHI ELECTRIC». mitsubishielectric.com. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 18-ին.
  4. "Metro / Metro Etiquette, Washington D.C. - Local Customs". VirtualTourist. Retrieved November 16, 2011.
  5. Мамаева, О. — Беседа с внучкой архитектора здания, профессором МАРХИ Н. Душкиной (2014 թ․ դեկտեմբերի 1). ««Внутри от старого „Детского мира" вообще ничего не осталось»». Большой город. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 1-ին.
  6. Haughton Elevator Co. v. Seeberger85 U. S. P. Q. (BNA) 80–81 (Dec. Comm. Pat. 1950).
  7. Библиотека / Аналитика / Создание эскалаторов нового поколения — рациональный путь повышения пропускной способности станций метрополитенов
  8. «Эскалатор спасает москвичей от давки – Metro». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 19-ին.
  9. Arbeitsstättenrichtlinie Fahrtreppen und Fahrsteige
  10. CNN. "Attractions: CNN Studio Tour". CNN Center. Cable News Network. Retrieved 24 January 2017.
  11. http://www.bluebadgestyle.com/2013/04/uks-first-incline-lift-coming-to-greenford-underground-but-8-crossrail-stations-wont-have-step-free-access/
  12. «Эскалатор с линейным двигателем». «Наука и жизнь». №1, 2014. Վերցված է 2015 թ․ հունվարի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 464