Շամախիի հայկական տպագրություն

Շամախիի հայկական տպագրություն, հայերեն գրքերի տպագրությունը Շամախիում։

Պատմություն խմբագրել

Շամախին դեռևս միջնադարում եղել է գրչության կենտրոն, որտեղ գրել և ընդօրինակել են ձեռագրեր։ Ամենահին ձեռագրերից են Մարտիրոս գրիչի 1742 թվականին ընդօրինակած Ժողովածուն և Անտոն Երեցի 1765 թվականին գրչագրած Աղոթագիրքը։

Շամախիում առաջին տպարանը 1848 թվականին հիմնադրել են Մովսես Զոհրապյանը, Մարգարե Ղուլոյանն ու Մինաս Տարղլիջյանը և տպագրել «Համառօտ պատմութիւն սուրբ գրոց», 1849 թվականին՝ «Գիրք Սաղմոսաց Դաւթի», 1850 թվականին՝ «Կրթութիւն աւետարանական ի պէտս Հայաստանեայց սուրբ եկեղեցւոյ», 1851 թվականին՝ «Գիտութիւն շնորհաց» և «Ժամագիրք հասարակաց աղօթից Հայաստանեայց սուրբ եկեղեցւոյ» գրքերը։

Երկրորդ տպարանը 1856 թվականին հիմնադրել է Աթա Գրիգորյանը և լույս ընծայել Մ. Զոհրաբյանի «Պարապոյ ժամք» ժողովածուի առաջին մասը, երկրորդ մասը տպագրվել է 1857 թվականին Իսկիպենսկու տպարանում, որում ներառված է նաև Ջ. Բայրոնի «Շիլիոնեան կալանաւոր» (թարգմ.՝ Մ. Զոհրաբյանի) պոեմը։

1859 թվականի աղետալի երկրաշարժից հետո հայ կրթամշակութային կյանքը Շամախիում անկում է ապրել։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։