Նվենի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մրտենածաղկավորներ (Myrtales)
Ընտանիք Մրտենազգիներ (Myrtaceae)
Ենթաընտանիք Մրտենայիններ (Myrtoideae)
Տրիբա Eucalypteae
Ցեղ Նվենի (Eucalyptus)
L'Hér., 1789
Տարածվածություն

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Նվենի, էվկալիպտ (լատին․՝ Eucalyptus), տենդածառ, մրտենազգիների ընտանիքի մշտադալար ծառերի կամ թփերի ցեղ։ Բուսական աշխարհի հսկաներն են, երկրագնդի ամենաբարձր (մինչև 100 մ և ավելի) և արագ աճող ծառերը։ Տերևների ձևը և դասավորությունը (կախված տարիքից) տարբեր է, սակայն միշտ ամբողջական են, հոտավետ, ունեն եթերայուղեր արտադրող գեղձիկներ։ Ծաղիկները կանոնավոր են, երկսեռ՝ հովանոցանման ծաղկաբույլում կամ հուրանում հավաքված, հազվադեպ՝ մեկական։ Պտուղը 3-5 փեղկանի տուփիկ է։ Հայտնի է 525 տեսակ՝ տարածված Ավստրալիայում և մոտակա կղզիներում։ Կովկասի սևծովյան ափերին, մշակվում է 30 տեսակ․ Հայաստանում՝ Երևանում, 2 տեսակ՝ Eucalyptus viminalis և Eucalyptus cinerea։ Նվենիներն ունեն բարձր դեկորատիվ նշանակություն, չորացնում են խոնավ հողերը։ Կեղևից ստանում են դաբաղանյութեր, տերևներից ու երիտասարդ ընձյուղներից՝ եթերայուղեր։ Նվենու թուրմը և յուղը օգտագործվում է օծանելիքի արտադրությունում, բժշկության մեջ որպես հականեխիչ և հակաբորբոքային միջոց, բնափայտը՝ վագոնաշինության և նավաշինության մեջ։

Նկարագրություն խմբագրել

 
Էվկալիպտ, անտառային ծառ

Էվկալիպտը պատկանում է երկարակյաց բույսերի թվին, ապրում է ավելի քան 1500 տարի։ Աճում է շատ արագ, հատկապես առաջին տարում աճը հասնում է 2-3 մ, հինգերորդ տարում՝ 12 մ, իսկ 20-30 տարում՝ 35 մ բարձրության։ Այդ տարիներին էվկալիպտի բնի հաստությունը հավասարվում է 200 տարեկան կաղնու բնի հաստությանը։

225 տարեկան էվկալիպտի փայտային զանգվածը նույն տարիքի կաղնու զանգվածից 200 անգամ ավելի է։

Էվկալիպտի անտառները լուսավոր են, որի համար էլ ավստրալիացիները դրանց տվել են «լուսավոր անտառ» անունը։ Դա բացատրվում է նրա տերևների յուրօրինակ դասավորությամբ։ Տերևները դեպի արևն ուղղված են եզրերով, որի համար էլ արեգակի ճառագայթները տերևների արանքից հեշտությամբ թափանցում են անտառի ներսը։ Այդ ծառն ունի ճահիճները չորացնելու հատկություն, որի համար նրան անվանում են «ջրհան պոմպ»։ Այն շրջաններում, որտեղ տարածված էին ճահիճները, կատարում էին էվկալիպտի զանգվածային տնկումներ, որի հետևանքով չորանում էին ճահիճները և ոչնչանում մալարիա տարածող միջատները։

1909 թվականին երկրի ճահճոտ շրջաններում տնկվել են էվկալիպտի մատղաշ ծառեր։ Ընդամենը 10 տարվա ընթացքում այդ տարածությունները վերածվել են էվկալիպտի չոր անտառների։ Այդ բույսը իր զարգացած ու խորը գնացող արմատներով ներծծում է շատ ջուր ու մեծ արագությամբ գոլրշիացնում այն։ Մեկ հեկտար էվկալիպտի անտառը, հողից գոլորշիացնում է տարեկան մեկ միլիոն դույլ ջուր։

Համաշխարհային շուկայում շատ թանկ է գնահատվում էվկալիպտի բնափայտը։ Այն ամուր է կաղնուց, ծանր է ինչպես երկաթը։ Բնափայտը չի փտում, չի ենթարկվում միջատների քայքայիչ գործունեությանը։ Բնափայտից պատրաստված ցցասյուները դիմանում են ծովային ամենաուժող փոթորիկներին։ Բնափայտի սպիտակ, դեղին, կարմիր գեղեցիկ ու դեկորատիվ գույներն ու երանգները ավելի են բարձրացնում նրա արժեքը։

Տարածվածություն խմբագրել

Էվկալիպտի հայրենիքը Ավստրալիան է։ Եվրոպա է բերվել 18-րդ դարի վերջին։ Իտալիայում աճեցվել է որպես դեկորատիվ բույս։ Արդյունաբերական մշակումը սկսվել է դրանից 100 տարի հետո եվրոպայում, Ասիայում, ապա Ամերիկայում։ Էվկալիպտը Հայաստան է բերվել 1880 թվականին, սակայն նրա զանգվածային տնկումները սկսվել են 1930-ական թվականներին Կոլխիդայի դաշտավայրում, որը ծածկված էր ճահիճներով։ Բացի Վրաստանից, էվկալիպտը տարածված է նաև Ղրիմի, Ուկրաինայի, Միջին Ասիայի, Մոլդովայի այն շրջաններում, որտեղ ձմռանը ուժեղ սառնամանիքներ են լինում։

Նշանակություն խմբագրել

Էվկալիպտի բնափայտից պատրաստվում է թանկարժեք կահույք։ Այս բնափայտից ստացվում է նաև շատ բարակ թուղթ և բարձրորակ ստվարաթուղթ։ .

Էվկալիպտն արտադրում է մեծ քանակությամբ ֆիտոնցիդներ, որոնք ունեն մանրէասպան հատկություն։ Հիվանդանոցներում օդը մաքուր պահելու, ճանճերին ու մոծակներին վանելու նպատակով էվկալիպտի ճյուղերը դնում են ջրի մեջ կամ կախում պատից։

Ծառի կեղևը հարուստ է դաբաղանյութով, նրա առանձին տեսակների մեջ այն հասնում է մինչև 40%-ի։ Նրա մի քանի տեսակներից ստացվում է քաղցր հեղուկ, որը բաց օդում չորանում է և վերածվում բյուրեղների, որոնք ավստրալիացի բնիկների սիրած քաղցրավենիքն են[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Կ․ Մ․ Հարությունյան, Բուսական աշխարհի արժեքավոր տեսակները, 1984
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։  
  Ընթերցե՛ք «նվենի» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նվենի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նվենի» հոդվածին։