Նոր Վարագավանք, հայկական վանական համալիր Տավուշի մարզում, Վարագավան գյուղից 3.5 կմ հարավ-արևմուտք, բարձր ժայռի վրա, անտառապատ լեռներով շրջապատված։

Նոր Վարագավանք
Նոր Վարագավանքը
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Հայաստան Տավուշի մարզ, Վարագավանի մոտ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԳուգարաց թեմ և Տավուշի թեմ
Հոգևոր կարգավիճակԳործող
Ներկա վիճակկանգուն, վերանորոգվում է
Կազմված էԳավիթ, Գերեզմանոց, Եկեղեցի Անապատ, Եկեղեցի Սբ. Աստվածածին, Ժամատուն, Մատուռ և Տապանատուն
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման սկիզբ12-րդ դար
Կառուցման ավարտ14-րդ դար.
Քարտեզ
Քարտեզ
 Nor Varagavank Վիքիպահեստում

Անվան ծագումը խմբագրել

Սկզբից կոչվել է Անապատ։ Նոր Վարագավանք անունն ստացել է Վասպուրականի հռչակավոր Վարագավանքը մոնղոլների կողմից ավերելու պատճառով։ Վարագավանքի հոգևոր առաջնորդ Ղուկասը 1213 թվականին Անապատ է տեղափոխել Վարագավանքում պահվող մասունքները, այդ թվում` Սուրբ Խաչափայտի կտորը, որ բերել էին Հռիփսիմյան կույսերը[2][3]։

Պատմություն խմբագրել

Վանական համալիրը եղել է ժամանակին Վահրամյանների հզոր իշխանության հոգևոր կենտրոն։ Վանքը հիմնել է Դավիթ Բ Կյուրիկյան թագավորը 1193-1198 թվականներին, հետագայում համալիրն ավելի է մեծացրել թոռը՝ Վասակ Բ-ն, 1234-1237 թվականներին[4]։ Կյուրիկյանները Բագրատունիների կրտսեր ճյուղն են, և նրանց Տաշիր-Ձորագետի թագավորությունը ընդգրկել է պատմական Գուգարք, Արցախ և Ուտիք նահանգները[5]։ Վանքը Կյուրիկյան իշխանատոհմի տապանատուն է։ Շքեղ ձևավորում ունի գավթի շքամուտքը։ Այստեղ առկա է Արարատյան կողմնակալության կողմնակալ-հրամանատար, իշխանաց-իշխան Վաչե Ա Վաչուտյանի զույգ արծիվներով զինանշանը։ Հավանաբար Վաչե Ա-ն մեծարժեք նվիրատվություն է կատարել Նոր Վարագավանքին և դրան ի պատասխան նրա զինանշանը փորագրվել է գավթի պատին[2]։

Վանքի մոտ կան խաչքարեր, որոնցից ամենամեծը 1620 թվականին կերտել է Վարդանը։

Ճարտարապետություն խմբագրել

 
Նոր Վարագավանք

Նոր Վարագավանքի վանական համալիրը երկու եկեղեցիներից, կրկնհարակ տապանատնից, մատուռից և երկու գավիթներից։ Համալիրից մոտ 100 մ հարավ արևմուտք և 200 մ հյուսիս-արևմուտք պահպանվել են երկու մատուռներ։ Վերջինի շուրջ տարածված է միջնադարյան գերեզմանոցը։ Մինչև 19-րդ դարի վերջերը վանքի շրջակայքում պահպանվել էին պարիսպների և միաբանների խցերի ավերակները, իսկ գլխավոր եկեղեցու հյուսիսային ճակատին կցված է եղել մատուռ[6]։ Համալիրը կառուցված է դեղնակապտավուն բաց երանգի տեղական ֆելզիտից, հավանաբար ունենալով բնության հետ ներդաշնակ կապ ստեղծելու հանգամանքով պայմանավորված։

Սուրբ Աստվածածին եկեղեցի խմբագրել

 
Նոր Վարագավանք, Սուրբ Աստվածածաին եկեղեցին

Համալիրի գլխավոր կառույցն է, որն իշխող տեսք ունի ինչպես հուշարձանախմբում, այնպես էլ շրջակա միջավայրում։ Այն տեղադրված է համակառույցի հյուսիս-արևելյան մասում։ Եկեղեցին դրսից ուղղանկյուն (10.25 մ x 15.4 մ), ներքուստ խաչաձև հատակագծով գմբեթավոր դահլիճ է։ Նրա կառուցման վերաբերյալ պահպանվել են արժեքավոր երկու հիշատակություններ։ Դրանցից առաջինը, որը վերաբերում է կառուցման սկզբնական շրջանին, արձանագրված է արևմտյան մուտքի շրջանակի վերին հորիզոնական գոտում և կրում է 1224 թվականը[7][8], իսկ նույն մուտքի բարավորին պահպանված ընդարձակ վիմագրության մեջ նշված է, որ եկեղեցու կառուցումն ավարտվել է 1237 թվականին։ Երկու արձանագրություններում էլ հիշատակված է, որ եկեղեցին կառուցել է Դավիթ իշխանի որդի Վասակը։

  «... Եւ եղև աւարտումն եկեղեցւոյն, որ օծաւ և կնքեցաւ յանուն սրբոյ Աստվածածնի ի ՈՉԹ (1240) թուականին հայոց»։
- Կիրակոս Գանձակեցի, Պատմություն Հայոց, Երևան, 1961 թվական, էջ 152
 

Եկեղեցուն վերաբերող երկու անուղղակի հիշատակություններ են պահպանվել Ղուկաս վարդապետի՝ ներքուստ հյուսիսային պատի, և Հայրուտի՝ մեծ գավթի հարավային դռան բարավորի վրա առկա արձանագրություններում, որոնցում նշված է, որ այն կառուցվել է տեր Հովհաննեսի ձեռնտվությամբ։

 
Նոր Վարագավանք, Սուրբ Աստվածածին եկեղեցու ավագ խորանը

Սուրբ Աստվածածին եկեղեցու անկյուններում տեղադրված են չորս կրկնհարկ ավանդատներ, որոնք շեշտում են նրա ներքին խաչաձևությունը։ Արևմտյան ավանդատների 2-րդ հարկերը բարձրանում են տակից շթաքարե մշակումներ ունեցող բարձակային աստիճաններով։ Լուսամուտները բացվում են եկեղեցու ներսում։ Ավանդատների աղոթասրահին նայող անկյունները արված են կիսագլանաձև պարզ սյունների տեսքով, որոնք ավագ խորանի կողքերից բարձրացող նման կիսասյուների հետ կազմում են թմբուկատակ կամարների հենարանները։ Անցումը քառակուսի հիմքից կլոր հատակագծով թմբուկին իրականացված է առագաստային փոխանցումներով։ Եկեղեցին ունի երկու մուտք՝ արևմտյան և հարավային, որոնք համապատասխանաբար բացվում են այդ ճակատներին կցված գավիթների մեջ։ Ներքին տարածությունը լուսավորվում է վերևներում վարդյակավոր, հեռանկարային ձևեր ունեցող, արևելյան կողմում զույգ, իսկ մնացած ճակատներին՝ մեկական պատուհաններով։

Եկեղեցին ներքուստ ունի ճարտարապետական նուրբ հարդարանք։ Բացառություն է կազմում ավագ խորանի ետին պատը, որի խորշերի եզրակալներն ունեն հյուսվածքային բարդ մշակումներ, մնացած մասերում առկա են քանդակային պարզ տարրեր։ Դրանք գշխավորապես հարթաքանդակային խաչերի կամ խորանների ձևերով պատկերված են ավանդատների մուտքերի բարավորներին, բեմի ճակատին և այլ մասերում։ Կատարյալ տեսք է ստացել արևմտյան մուտքից վերև գտնվող զարդաքանդակը, որը գլանիկով զանազան ձևավորումներ ու հանգուցակերպ լուծումներ ստացած մի ամբողջական պսակ է՝ դրված մուտքի վրա։

Բեմի ճակատային մասը զարդարված է զույգ կիսասյուններով և դրանք միմյանց կապող որմնակամարներով։ Այսպիսով բեմի ճակատը բաժանված է ութ խորանաձև մասերի։ Ներքին որմերի անկյուններով բարձրանում են կիսագլանիկներ, իսկ խաչթևերի թաղածածկերի տակով և խոյակների մակարդակով անցնում են դրանց տրամատը կրկնող քիվեր։ Վերջիններս հորիզոնական ջլատումներով անցումնային կապեր են ստեղծում ուղղահայաց պատի և թազի միջև։

 
Նոր Վարագավանք, Սուրբ Աստվածածին եկեղեցու արևմտյան դուռը գավթի կողմից

Սուրբ Աստվածածին եկեղեցին արտաքուստ ունի ինքնատիպ ճարտարապետական լուծում՝ հագեցված բարձրարվեստ և բազմաբովանդակ հարթաքանդակներով։ Առանձնապես հետաքրքրական է նրա արևմտյան ճակատը, որի վրա բացված ճոխ շրջանակով մուտքը բացառիկ տեղ է գրավում հայկական կառույցների շքամուտքերի մեջ։ Եզրային մասերով ներառված բարդ տրամատավոր ուղղանկյուն շրջանակի և բուն մուտքի միջանկյալ ամբողջ տարածությունը լրացված է կանաչավուն և կարմրավունքարերի որոշակի համադրմամբ զարդաքանդակներով, որոնց հորինվածքի հիմքում ընկած է խաչապատկերման սկզբունքը։ Շեղաձև ու քառաթև աստղանման քարերի համակցություններով ստացված մասնատումները հաղթահարվում են դրանց բարձրարվեստ հարթաքանդակների և գունային ընտրության կատարյալ լուծումներով։ Դրանցում ներկայացված են բուսակենդանական և երկրաչափական բազմատեսակ պատկերաքանդակներ՝ ոճավորված կենաց ծառեր, մարդկային գլխով կենդանակերպ ֆիգուրներ, շարժումների մեջ պատկերված տոտեմ կենդանիներ, թռչյուններ և այլն[9]։

Արևմտյան ճակատի պատուհանի վերին հորիզոնական մասը լրացված է արջամագիլների շարքով[10]։

Կառույցի գլանաձև բարձրադիր թմբուկը և սլացիկ գմբեթը գեղեցիկ համաչափություն ենստեղծում մնացած ծավալների և ողջ համալիրի հետ։ Քանդակներից ազատ թմբուկի մակերևույթն ընդհատված է չորս ծիգ պատուհաններով։ Ժամանակին դրանց երեսակալները ներկված են եղել կարմիր գույնով։ Լուսամուտներն իրենց պարզ շրջանակներով և դրանց վերևներում ավարտվող հավերժության նշաններով ու խաչքարերով թմբուկի միակ հարդարանքն են։ Եկեղեցու արևելյան և հյուսիսային ճակատները մշակված են երկուական գեղեցիկ խորշերով։ Արևմտյան և արևելյան ճակատներում գետնախարիսխների գլանաձև մասերը զուգավորվելով, ուղղահայաց վերև են բարձրանում՝ կենտրոնական մասերում շրջանցելով շքեղ երեսակալներով լուսամուտները և դրանց վերևներում եզրափակվում են խաչքարով և խաչով, որի թևերը, իրենց հերթին, փոքրիկ խաչերի են վերածված։ Չնայած վերձիգ համաչափություններին (բարձրությունը մինչև գմբեթի ծայրը 25 մ է), եկեղեցին իր ծավալատարածական և գունային լուծումներով ներդաշնակ է Անապատի փոքրաչափ հուշարձանների հետ՝ ստեղծելով համալիրի ինքնատիպ կերպարը։

Անապատ եկեղեցի խմբագրել

 
Նոր Վարագավանք, Անապատ եկեղեցու մուտքի հարավային խաչքարը
 
Նոր Վարագավանք, Անապատ եկեղեցու մուտքի հյուսիսային խաչքարը

Գտնվում է համալիրի հարավ-արևելյան կողմում։ Ունի ուղղանկյուն հատակագիծ (7,4 մ x 5,14 մ), միանավ, թաղակապ կառույց է։ Ներքուստ հյուսիսային և հարավային պատերին կից թաղակիր կամարը պահող մեկական կիսասյուներն են։ Արևելյան մասում գտնվում է ավագ խորանը, որը միջանկյալ պատով բաժանված է երկու անհավասար բեմերի։ Դրանցից յուրաքանչյուրը հետին՝ կիսաբոլորակ, պատին ունի մեկական լուսամուտ։ Արևմտյան մասում միակ մուտքն է, որից վերև կա մի գեղեցկաձև պատուհան։ Կառույցի ոչ մեծ ծավալը դրված էբազմաստիճան գետնախարսխի վրա՝ թեալադրված տեղանքի պայմաններով։ Այս եկեղեցին համալիրի առաջին շինությունն է։

Կառույցի մասին պահպանվել են հինգ շինարարական արձանագրություններ։ Մեկը՝ մուտքի բարավորի վիմագրությունը, ունի թվագրում, ըստ որի եկեղեցին կառուցվել է 1198 թվականին՝ Կյուրիկյան Դավիթ իշխանի կողմից[11]։ Մյուս շինարարական արձանագրությունը գտնվում է տապանատան մուտքի բարավորը եզերող շրջանակի վրա։ Նրանում առաջինը հիշատակված է եկեղեցին, բայց թվագրումը վերաբերվում է տապանատանը՝ 1200 թվական։ Եկեղեցու արևմտյան ճակատին հյուսիսակողմյան և մեծ եկեղեցու գլխավոր շքամուտքի բարավորի վիմագրերում ևս նշված է, որ այն կառուցել է Դավիթ իշխանը։ Հաջորդ արձանագրությունը գտնվում է եկեղեցու մուտքից ձախ ագուցված խաչքարի վերին կամարաձև մասում, որտեղ նշված է «կենսակիր Նշանի» կառուցման մասին։ «Սուրբ Նշան» հիշատակություն կա նաև մուտքի աջ կողմում գտնվող խաչքարի վերին մասում։ Եկեղեցու այդ անունը, հավանաբար, կապված է Վարագա Սուրբ Նշան վանքի անվան հետ, որը նախքան գլխավոր եկեղեցու շինարարության ավարտը, պահվում էր այդտեղ[12]։

Հատակագիծը (արտաքին չափերով) բավական մոտ է քառակուսուն (5,8 մ x 5,2 մ), որի հետևանքով ուղղանկյունաձև աղոթասրահի երկայնական առանցքը համընկել է հյուսիս-հարավ ուղղությանը։ Անապատի եկեղեցու աղոթասրահի ձգվածությունը հյուսիս-հարավ է։ Ներքին տարածքի հիմնական շեշտված ծավալները բավական խորն է ընկած խորաններն են։ Դրանցից աչքի է ընկնում հարավայինը, որն ունեցել է հարդարանքից՝ ունի մեծ չաթեր և հարդարանք։

Եկեղեցու ներքին տարածությունը կազմակերպող տարրերից են երկայնական պատերի կենտրոններում կցված երեք քառորդ որմնասյուները՝ խոյակները, որոնցից այժմ փշրանքներ են մնացել։ Արտաքուստ եկեղեցին ոչնչով չի տարբերվում երկթեք ծածկով դահլիճային տիպի կառույցներից։ Երկայնական ճակատների մեծ մասը ծածկված է հյուսիսից և հարավից կից կառույցներով, իսկ երևացող հատվածները զուրկ են հարսարանքից։ Հիմնական ուշադրությունը կենտրոնացվել է եկեղեցու արևմտյան ճակատի շքամուտքի և նրա երկու կողմերում պատերի մեջ ագուցված կամարաձև շքեղազարդ խաչքարերի վրա։

Արևմտյան ճակատի հարդարանքը մուտքից վերև ամբողջականանում է կողքերից զույգ կիսասյունիկներով մշակված և ճոխ պսակովավարտված փոքր լուսամուտով։ Այն ներքևից վեր բարձրանալով աստիճանաբար նեղանում է՝ ճակատի վրա ստեղծելով վերձիգության պատկեր։ Եկեղեցու արևելյան ճակատի հորինվածքի ստեղծման մեջ էական նշանակություն ունեն խորանների լուսամուտները, որոնց շուրջը և կազմակերպված է ողջ դեկորը։ Հարավակողմյան պատուհանը, արևմտյանի օրինակով, եզրերից ունի զույգ կիսասյուներ, որոնք արված են մեծը խորանը շեշտելու նպատակով։ Լուսամուտների կիսաշրջան գլխամասերն առնված են դրանց վերևով անցնող բարդ տրամատավոր ընդհանուր գոտու մեջ, որը պատուհանների միջանկյալ մասում, որը հորիզոնականությունից խուսափելու համար, ձևաափոխված է պսակաձև կիսաշրջանի։ Պսակ-գոտու անմիջապես վերևովանցնում է եզան կտցահարող թռչունների, նռնենու տեսքով կենաց ծառի, զամբյուղների, վարդյակի և հավերժության նշանի պատկերներով քանդակաշարք, որն ունի գաղափարական որոշակի իմաստ[13]։ Անապատի եկեղեցին իր ճարտարապետական հարդարանքնով ր ծավալահատակագծային առանձնահատկություններով եզակի է հայկական նմանօրինակ կառույցների շարքում՝ հանդիսանալով դրանց հորինվածքի ձևաստեղծման վերջին փուլերից մեկը։

Անապատ եկեղեցու կից հուշարձաններ խմբագրել

 
Նոր Վարագավանք, Անապատ եկեղեցու կից հուշարձաններ

Փոքր չափերի այս երկու կառույցները կցված են Անապատ եկեղեցու հյուսիսային և հարավային պատերին։ Դրանք պատկանում են երկհարկ հուշարձաների դասին, սակայն առկա են հորինվածքային մի շարք առանձնահատկություններ[14]։ Պահպանվել են կառույցների առաջին հարկերը, որոնք ուղղանկյուն հատակագծով, արևելյան մասերում բեմեր տեղադրված թաղակապ շինություններ են։ Երկորդ հարկերն ունեցել են կլոր հատակագծեր, որոնց թմբուկաձև և վեղարով ավարտված ծավալներն ուղղակիորեն դրվել են առաջին հարկերի վրա։ Սրանցից պահպանվել են միայն ստորին միայն ստորին երկու շարքերը և նշմարվելի են արևմտյան մասերում գտնված մուտքերի տեղերը։ 2019 թվականի ամբողջությամբ վերականգնվել են[15]։ Հյուսիսային կողմի հուշարձանը կառուցել է Անապատ եկեղեցու մեկենաս Դավիթ Բագրատունին, 1200 թվականին՝ որպես տոհմական տապանատուն։ Այն սկզբնապես եղել է երկթեք ծածկով սովորական մատուռ, որի վրա մինչև 1220-ական թվականներն ընկած ժամանակահատվածում դրվել է երկորդ հարկաբաժինը։

Սկզբնապես երբ գոյություն ունեին միայն եկեղեցին և տապանատունը, բնականաբար պետք է կարիք զգացվեր օժանդակ սենյակների՝ սրբազան անոթների, ավանդների և այլ առարկաների պահպանման համար։ Այդ նպատակի համար չէր ծառայում տապանատունը, որը միակ կառույցն էր, երկրորդ հարկի հավելման միջոցով, այդ պահանջը բավարարելու համար։ Ներքուստ ընդամենը 90 սմ տրամագծով փոքր կառույց է։ Նմանապես նաև հարավային կողմի կառույցը, որով ամբողջականում է Անապատ եռակառույց համալիրը։ Հարավային շինությունը կառուցվել է տապանատնից հետո։ Նրա մեկենասը նույնպես հանդիսանում էր Դավիթ Բագրատունին։ Շինության հատակը ծածկված է 10-15 սմ հաստությամբ սալերով։ Թաղումների հետքեր չեն նշմարվում։

Տապանատուն կառույցում ի սկզբանե թաղումներ նախատեսված չեն եղել։ Թաղումներն իրականացվել են համալիրի հուշարձանների ճակատային կողմերում, որտեղ պահպանվել են եղծված արձանագրություններով մի քանի տապանաքարեր։ Տապանատունը ծառայել է հողարկավորությունների համար։ 555 թվականի Դվինի 2-րդ ժողովի ժամանակ, որոշումներից մեկով արգելվել է եկեղեցիներում թաղումներ կատարել[16], իսկ այս կառույցում առկա է դրա կարևորագույն տարրը՝ արևելյան բեմը, որից բխում է նրա պաշտամունքային գաղափարը։

Անապատի եռակառույց համալիրի հուշարձաններն շաղկապված են միմյանց հետ, որոնք արտահայտված են եղել ինչպես նրանց առաջին հարկերի մուտքերի և վերջինների շրջակա հարդարանքների, այնպես էլ ողջ ուրվապատկերային լուծման մեջ։ Այն հայ ճարտարապետության սեփականություն հանդիսացող լուսավորչավանդ ձևն է[17], երբ կառույցների (Մայր Աթոռ[18], Ավանի տաճար[19]) անկյունային սենյակները կամ սյունասրահների (Տեկորի տաճար[20]) եզրային անկյունները ավարտվում էին աշտարակաձև սրածայր ծավալներով։

Մեծ գավիթ խմբագրել

 
Նոր Վարագավանքի մեծ գավիթը

Համալիրի մեծ գավիթն կից է գլխավոր եկեղեցու արևմտյան ճակատին։ Հարավային պատի արևմտյան եզրում բացված մուտքի բարավորին 1261 թվականի արձանագրության մեջ հիշատակված է Հովհաննես Տուեցու անունը, որը վախճանվել է 1263 թվականին[21]։ Մեծ գավիթը, որի հատակագիծը գրեթե քառակուսի է (ներքուստ՝ 13.5 մ x 13.2 մ), երկու զույգ փոխհատվող կամարներով իրականացված կենտրոնակազմ կառույց է։ Այն իր տեսակ գավիթների մեջ (Դեղձուտի վանքի, Խորակերտի վանքի, Ուշիի վանքի գավիթներ[22]) խոշորագույնն է, որի ընդարձակ թռիչքըծածկվել է առանց միջանկյալ սյունների օգության։

Ներսի կողմում, յուրաքանչյուր պատին կից, ուղղանկյուն կտրվածքով որմնասյուները տեղաշարժված են դեպի պատերի անկյունները։ Այն պայմանավորված է եկեղեցու արևմտյան շքամուտքի քանդակազարդ երեսակալը չծածկելու հանգամանքով։ Որմնասյուներից ձգվող կամարները փոխհատումներով կառույցը մասնատել են ուղղանկյունաձև հատվածների, որոնցից երդիկի համար նախատեսված կենտրոնականը եղել է քառակուսի (5 մ x 5 մ) և ամենամեծը կողային դասերի նկատմամբ։ Ներքին պատերը վերևներում չեն եզրավորված կամարաձև բաժանումներով, որոնք որմնասյունների միջանկյալ մասերում առաջանում են գնդային մակերևույթի մաս կազմող ծածկերի և հարթ պատերի հատումներից։ Ներքին պատերն ավարտվում են հորիզոնական ուղղաձիգ քիվերով։ Պատերի կենտրոնական բաժինների վերին անկյուններն ունեն հառաջակարկառված շթաքարային մշակումներ։ Սրանք քիվերի հետ հատակագծում ստեղծում են աղեղնաձև հիմքեր, որոնց վրա հանգել են կողային կենտրոնական դասերի երկկոր թաղերը։ Գավթի մնացած շորս անկյուններն ծածկված են եղել հատվող թաղերով։

Կառույցը արտաքուստ զուրկ է հյուսիսային և մասամբ արևմտյան ճակատներից, քանի որ այդ մասերով այն կցված է բուսածածկ ժայռերին։ Բացի երդիկից, որպես լուսավորության աղբյուր են ծառայել նաև հարավային ճակատի պատուհանը և դուռը։ Գավիթն ունի երկրորդ մուտք՝ բացված նրա արևելյան ճակատի հյուսիսային կողմում։ Իր տեղադրությամբ դա եզակի դեպք է հայկական բոլոր շրջանների վանական համալիրների համար։

Փոքր գավիթ խմբագրել

 
Նոր Վարագավանք, փոքր գավիթի արևմտյան մուտքն ու ճակատը

Պատմական աղբյուրներում այս գավթի մասին հիշատակություններ չեն պահպանվել։ Գլխավոր եկեղեցուց հետո, ըստ կառուցման հերթականության, կառուցվել է փոքր գավիթը։ Այն տեղավորված է գլխավոր եկեղեցու հարավային ճակատի արևմտյան մասում։ Գավթի և եկեղեցու արևմտյան ճակատները միևնույն հարթության վրա են։ Իր մեջ ներառում է Անապատի երեք հուշարձանների արևմտյան ճակատները։ Գլխավոր եկեղեցու և մեծ գավթի որոշ արձանագրություններից եզրակցվել է, որ այն կառուցվել է 1237-1261 թվականների ընթացքում։

Եկղեցու թմբուկում և փոքր գավթի տարբեր մասերում պահպանված որոշ նշաններ պատկանում են միևնույն շինարար վարպետին։ Փոքր գավթի շինարարությունը սկսվել է գլխավոր եկեղեցու շինարարության ավարտից ոչ շատ ուշ՝ նրա օծումից հետո և տևել է 5-6 տարի։ Փոքր գավթից ավերակ վիճակում պահպանվել են նրա արևմտյան պատը մուտքով և երկու որմնասյուններով, ինչպես և՝ եևդիկի տակի ճոխ, բարդ տրամատաձև քիվի մի մասը։ Անապատ եկեղեցու վրա հազիվ նկատելի են երկու, իսկ գլխավոր եկեղեցու պատին մեկ որմնասյուների հետքեր։ Վերջինիս դիմաց պահպանվել է հարավային որմնասյան խարիսխը։ Գավիթը կենտրոնական մասում ունեցել է երկու սյուն[22]։

Անապատի համալիրի հետ որոշակի հարաբերակցություն ստեղծելու նպատակով, երդիկը և ծածկը պահող կամարների համար միայն որոշակի շառավիղներ են ընտրվել։ Դրանից բխում է նրա ներքին հորինվածքը, որի հիմնակմախքը հանդիսացող միջանկյալ սյուները, արևմտյան զույգ որմնասյուների միջև եղած հեռավորության չափով, տեղաշարժվել են դեպի արևելք։ Հատակագծում գավիթը հյուսիսից հարավ ձգված ուղղանկյուն է (8 մ x 10 մ)։

Մատուռներ խմբագրել

 
Նոր Վարագավանքի մեծ գավիթը

Համակառույցի մեջ է մտել նաև գլխավոր եկեղեցու հյուսիսային ճակատի արևմտյան եզրում կցված մատուռը, որի մուտքը բացվել է մեծ գավթի մեջ։ Ներկայումս այն չի պահպանվել[23]։

Վանքից հարավ-արևմուտք գտնվող մյուս մատուռը ուղղանկյուն հատակագծով, թաղակապ, երկթեք ծածկով կառույց է։ Արևելյան մասում ավագ խորանն է, որի կիսակլոր ետին պատին գտնվում է միակ լուսամուտը։ Արևմտյան մասում բացված է քանդակազարդ շրջանակով մուտքը։ Չունի արձանագրություններ և չի հիշատակված մատենագրության մեջ։ Ճարտարապետական ձևերով և հարդարանքով սա նման է 13-րդ դարի համանման կառույցներին։

Նույն ժամանակաշրջանով պետք է թվագրել նաև համալիրից հյուսիս-արևմուտք գտնվող միջնադարյան գերեզմանատան մատուռը, որն աչքի է ընկնում իր փոքր չափերով և հետաքրքիր դեկորով։ Ներկայումս այն գտնվում է ավերված վիճակում։

Տես նաև խմբագրել

Պատկերներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. 2,0 2,1 Hasratian, Murad, and Sargsyan, Zaven. Armenia: 1700 Years of Christian Architecture. Yerevan, 2001, p. 170
  3. Holding, Nicholas. Armenia, with Nagorno Karabagh: The Bradt Travel Guide. Bradt Travel Guides, 2004, p. 174
  4. Kirakos Gandzaketsi. History of Armenia. Yerevan. 1982, p. 117
  5. Bedrosian, Robert. " Armenia During the Seljuk and Mongol Periods," in Richard G. Hovannisian (ed.): The Armenian People From Ancient to Modern Times, (Volume II: Foreign Dominion to Statehood: The Fifteenth Century to the Twentieth Century). New York: Palgrave Macmillan, 1997, pp. 34-37
  6. Մ․ Բարխուդարյանց, Արցախ, Բաքու, 1895 թվական, էջ 336-338
  7. Կարո Ղաֆադարյան, Պատմահնագիտական դիտողություններ Նոր Բերդի Կյուրիկյան իշխանության մասին, «Տեղեկագիր», Արմֆանի, 1940 թվական, թիվ 4-5, էջ 165-173
  8. Գ. Սարգսյան, Անապատ կամ Նոր Վարագ վանքը և նրա վիմագրությունը, «Էջմիածին» 1952 թվական, սեպտեմբեր-հոկտեմբեր, էջ 21-29, նոյեմբեր-դեկտեմբեր, էջ 27-34
  9. Ա․Շ․Մնացականյան, Հայկական զարդարվեստ, Երևան, 1955 թվական, էջ 251-358
  10. Կարո Ղաֆադարյան, Պատմահնագիտական դիտողություններ Նոր Բերդի Կյուրիկյան իշխանության մասին, «Տեղեկագիր», Արմֆանի, 1940 թվական, թիվ 4-5, էջ 172
  11. ՀՍՍՀ ԳԱ«Տեղեկագիր», 1954 թվական, թիվ 8, էջ 60
  12. Կիրակոս Գանձակեցի, Պատմություն Հայոց, էջ 152
  13. Ա․Շ․Մնացականյան, Հայկական զարդարվեստ, Երևան, 1955 թվական, էջ 251-307
  14. Հուշարձանին անդրադարձած հեղինակներից ոչ մեկը չի նկատել, որ այդ կառույցները կրկնհարկ են եղել։ Առաջինը նկատել է Հրաչյա Քարտաջյանը, որը այդ մասին գրել է «Լրաբեր» պարբերականի իր հոդվածում։
  15. http://tavush.mtad.am/news/item/2019/07/09/varag/
  16. Ն. Վ. Մելիքսեթ-Թանգյան, Հայոց եկեղեցական իրավունքը, Շուշի, 1903 թվական, էջ 381-382
  17. Ն. Վ. Մելիքսեթ-Թանգյան, Հայոց եկեղեցական իրավունքը, Շուշի, 1903 թվական, էջ 427
  18. Թ. Թորամանյան, Էջմիածնի տաճարը, Թիֆլիս, 1910 թվական, էջ 19-20
  19. Տիրան Մարության, Ավանի տաճարը, Երևան, 1976 թվական, էջ 30-32
  20. Է. Մելիքյան, Տեկորի տաճարի արտաքին սյունասրահը, «Գիտություն և տեխնիկա», 1979 թվական, թիվ 4, էջ 39-43
  21. Վարդան Վարդապետ, Հավաքումն պատմության, Վենետիկ, 1862 թվական, էջ 153-155
  22. 22,0 22,1 Ս․Խ․ Մնացականյան, Հայկական վաղ միջնադարյան ճարտարապետության կազմավորման երկու փուլերը., Երևան, 1988 թվական, Պատմա-բանասիրական հանդես, № 3 . pp. 45-55. ISSN 0135-0536
  23. Մ․ Բարխուդարյանց, Արցախ, Բաքու, 1895 թվական, էջ 338

Գրականություն խմբագրել

  • Սարգսյան Գ., Անապատ կամ Նոր-Վարագվանքը և նրա վիմագրությունը, «Էջմիածին», 1952, № 9–12:
  • Քարտաշյան Հ., Նոր Վարագավանքի ճարտարապետական համալիրը, ԼՀԳ, 1984, № 7:

Արտաքին հղումներ խմբագրել