Նորագույն հայկական թատրոն

Նորագույն հայկական թատրոն, Նորագույն թատրոնը 1980-ական թվականների վերջերից՝ դեռևս երկրի անկախացման նախօրեին, հայ թատերական իրականության մեջ հաստատվել էր ազատ գործունեության սկզբունքը։ Կազմավորվել են նոր՝ սեփական գեղարվեստական ծրագրերով առաջնորդվող թատրոններ և թատերախմբեր, որոնց զուգահեռ շարունակում են ստեղծագործել ավանդական խաղացանկային թատրոնները՝ հետևելով տարբեր դպրոցների գեղագիտական դրույթներին։

Պատմություն խմբագրել

Հայ նորագույն թատրոնի կարևոր ուղղորդիչներից է Վիլյամ Շեքսպիրի աշխարհընկալումը, պատմական զարգացման շեքսպիրյան ըմբռնումն ու պատկերման ձևերը խիստ արդիական են։ Նրա պիեսներին («Համլետ», «Մակբեթ», «Հուլիոս Կեսար», «Լիր արքա» և այլն) անդրադարձել են Սոս Սարգսյանը, Արմեն Խանդիկյանը, Արթուր Սահակյանը, Հակոբ Ղազանչյանը, Միքայել Կոտոյանը։ Լևոն Շանթի պիեսների բեմադրություններում Վահե Շահվերդյանը («Հին աստվածևեր», Երևանի Գ. Սունդուկյանի անվան թատրոն), Հակոբ Ղազանչյանը («Շղթայվածը») և Միքայել Գրիգորյանը («Ինկած բերդի իշխանուհին», երկուսն էլ՝ Գյումրիի դրամատիկական թատրոն) ձևավորել են հեղինակի պոետիկայի նորագույն և յուրատիպ ավանդույթներ։ Նշանակալի բեմադրություններ են ստեղծվել նաև Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնում (Հակոբ Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան», ռեժիսոր՝ Երվանդ Ղազանչյան), «Համազգային» (Սամվել Կոսյանի «Գուցե փրկվենք», ռեժիսոր՝ Դավիթ Հակոբյան), Արտաշատի («Միրհավ»՝ ըստ Ակսել Բակունցի, ռեժիսոր՝ Հայկ Մնացականյան), Գավառի (Բերտոլդ Բրեխտի «Կուրաժ մայրիկը և նրա երեխաները», ռեժիսոր՝ Գուժ Մանուկյան) և այլ թատրոններում։

1990-ական թթ. խմբագրել

1990-ական թվականների կեսերից խաղացանկային-ծրագրային թատրոնների կողքին ձևավորվել են անտրեպրիզային (մասնավոր) ներկայացումներ կազմակերպելու ավանդույթներ, որոնք հնարավորություն են ընձեռում ռեժիսորներին ու դերասաններին հիմնավորելու և հաստատելու տարբեր գեղագիտական ու գեղարվեստական սկզբունքներ։ Անտրեպրիզը եվրոպական թատերական իրականության մեջ հաստատված ձև է, որը Ռուսաստանում տարածվել է XIX դարի վերջին և գոյատևել մինչև XX դարի 20-ական թվականները՝ ընդգրկելով նաև հայ թատրոնը։ Այդ ավանդույթների վերականգնման առաջին դրսևորումները դերասաններ Հրանտ Թոխատյանի, Միքայել Պողոսյանի, ռեժիսոր Արթուր Սահակյանի («Խաթաբալադա», «Իմ մեղքը»), Վարդան Պետրոսյանի և Խորեն Աբրահամյանի («Ծերունին և սովը») և ուրիշների բեմադրություններն են, որոնք ներկայացվել են նաև Սփյուռքում։ Անտրեպրիզային ներկայացումների որոշակի ավանդույթներ են ձևավորել դերասաններ Ա. Խոստիկյանը, Կիմ Երիցյանը, Արմեն Մարությանը և Ռաֆայել Քոթանջյանը, որոնց բեմադրությունները գլխավորապես կառուցվել են երգիծական և կատակերգական ստեղծագործությունների վրա։ 2000-ական թվականներին անտրեպրիզը դարձել է թատերական կյանքի անբաժանելի մասը (Արտաշես Հովհաննիսյանի «Առնետորս», «Աշնան արև», «Սարերում կյանք կա», Հակոբ Ղազանչյանի «Կնոջս անունը Մորիս է», Գ. Խաչատրյանի «Ֆանտոմային ցավեր» և այլն)։ Ռեժիսոր Արամ Սուքիասյանը Արամ Սաթյանի «Լիլիթ» ռոք-օպերայի հենքի վրա ստեղծել է համանուն օպերային ներկայացումը (2004)՝ ներգրավելով տարբեր ստեղծագործական ուղղությունների երգիչ-երգչուհիների։ Ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը բեմադրել է Վիլյամ Շեքսպիրի «Համլետը», որը միջազգային առաջին անտրեպրիզային ներկայացումն է։ Ողբերգության բեմադրությանը մասնակցել են 10 երկրներից հրավիրված դերասաններ՝ հիմք դնելով բազմալեզու անտրեպրիզին։ Այդ ոլորտի լավագույն դրսևորումներից է նաև դերասան և ռեժիսոր Նարեկ Դուրյանի գործունեությունը։ Ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Մելիք-Հովսեփյանը ստեղծել է անտրեպրիզային թատերախմբեր՝ հիմնականում հենվելով արդի եվրոպական դրամատուրգիայի վրա։ Այս շրջանում զարգացել է նաև մոնոներկայացումների (մենաներկայացում) ավանդույթը, որի ձևավորմանը նպաստել են ասմունքողներ Թամար Դեմուրյանը («Տմբլաչի Խաչան»՝ ըստ Կոստանդին Մելիք-Շահնազարյանի), Սիրվարդ Մեսրոպյանը (Հովհաննես Շիրազի «Հայոց դանթեականը»), դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը (Շահան Շահնուրի «Պճեղ մը անուշ սիրտ»), վերջինս ներկայացվել է ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Մերձավոր Արևելքի մի քանի երկրներում։

21-րդ դար խմբագրել

2003 թվականին ՀԹԳՄ նախագահ, Հակոբ Ղազանչյանի նախաձեռնությամբ Երևանում կազմակերպվել է մոնոներկայացումների միջագգային առաջին փառատոնը։ 2010 թվականին այս և Շեքսպիրյան փառատոները միավորվել են, 2011 թվականին՝ կրկին առանձնացել։ 2009-2010 թվականին փառատոն է անցկացվել նաև Կապանում։

2004 թվականից հայ դերասանները մասնակցում են մոնոներկայացումների միջազգային փառատոներին. Արմեն Սանթրոսյանը (Շեքսպիրի «Լիր արքա»), Հովհաննես Բաբախանյանը («Կոնտրա բաս»), Կարինե Ջանջուղազյանը (Կարինե Խոդիկյանի «Լույսը կբացվի»), մրցանակների են արժանացել Մուրադ Ջանիբեկյանը (Շեքսպիրի «Համլետ»), Գրետա Մեջլումյանը (Նելլի Շահնազարյանի «Թափոր»), Մարիամ Ղազանչյանը («Ջուլիետ»՝ ըստ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ») և ուրիշներ։

Թատրոնի նորագույն շրջանում ընդլայնվել են դերասանի և ռեժիսորի անհատական գործունեության սահմանները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։