Նիկոլայ Միխայիլի Տոկարսկի (ռուս.՝ Николай Михайлович Токарский, դեկտեմբերի 18 (30), 1892, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 20, 1977(1977-12-20), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան, Հայաստանի ճարտարապետության պատմաբան, արվեստագիտության դոկտոր (1962), ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1961), ԽՄԿԿ անդամ (1944

Նիկոլայ Տոկարսկի
Ծնվել էդեկտեմբերի 18 (30), 1892
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 20, 1977(1977-12-20) (84 տարեկան)
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունհայագետ
Պարգևներ և
մրցանակներ
«Պատվո նշան» շքանշան
և Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1892 թվականի դեկտեմբերի 6(18)-ին Պետերբուրգում։ Միջնակարգ կրթությունն ստացել է տեղի ռեալական ուսումնարանում։

1910 թվականին ընդունվել և, ընդհատումներով սովորելով,1926 թվականին ավարտել է Լենինգրադի քաղաքացիական ինժեներների ինստիտուտի ճարտարապետական բաժինը։ Հայաստանի ճարտարապետության հետազոտությամբ սկսել է զբաղվել դեռևս նախասովետական շրջանում (1915 թ․՝ Իշխան, 1916՝ Անի)։ 1915 թվականին որպես սանիտար աշխատելով պատմական Տայք նահանգի Իշխան գյուղում գտնվող Կարմիր խաչի ճակատային զորամասում, իր ազատ ժամերին չափագրել ու նկարել է Իշխանի տաճարը։ Հաջորդ տարվա վաղ գարնանը Թրֆլիսում նրան ծանոթացրել են Անիի հնագիտական արշավախմբի ղեկավար Նիկողայոս Մառի հետ։ Տեսնելով սկսնակ հետազոտողի նյութերը՝ նա խրախուսել է Տոկարսկուն և հրավիրել մասնակցելու Անիի հնագիտական արշավախմբի աշխատանքներին։ 1916 թվականի ամռանը, արպես ճարտարապետ, նա աշխատել է Անիում։ Կատարելով արշավախմբի ղեկավարի հանձնարարությունը Տոկարսկին զբաղվել է քաղաքի տեղահանույթով, մի քանի հուշարձանների (այդ թվում 1911թ. պեղված եկեղեցու) չափագրությամբ։

1921-1939 թվականներին եղել է Նյութական կուլտուրայի պատմության ակադեմիայի (ГАИМК) ավագ գիտաշխատող։ 1939-1941 թվականներին եղել է էրմիտաժի ավագ գիտաշխատող։ 1923 թվականին գործուղվել է Հայաստան, հետազոտել ներկայիս Աբովյանիի և Հրազդանի շրջանների ճարտարապետական հուշարձանները, Սևանավանքի համալիրը։ Մասնակցել է Ամբերդի (1936, որպես արշավախմբի ղեկավար՝ Հովսեփ Օրբելու տեղակալ) և Դվինի (1938) պեղումներին։ 1941 թվականին Տոկարսկին տեղափոխվել է Հայաստան, եղել Հուշարձանների պահպանության կոմիտեի փոխնախագահ (1941-1945), ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող։

Տոկարսկու ղեկավարությամբ իրականացվել են Ավանի և Պտղնիի տաճարների, Ախթալայի և Հովհաննավանքի եկեղեցու ամրացման աշխատանքները։ 1947 թվականին վերադարձել է Լենինգրադ, ղեկավարել ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի թանգարանը։ 1957 թվականին նորից այցելել է Խորհրդային Հայաստան, կազմակերպել և ղեկավարել հնագիտական արշավախումբ, որը 1957 թվականին պեղել է Ջրվեժի, 1958 թվականին Ողջաբերդի վաղ միջնադարյան հուշարձանները։ Այնուհետև լույս են տեսել «Ջրվեժ» (1959թ.), «Ջրվեժ և Ողջաբերդ» (1964թ.) մենագրությունները։

Տոկարսկին առաջինն է շարադրել հայ ճարտարապետության ընդհանուր պատմությունը, հեղինակ է առանձին հուշարձաններին նվիրված հիմնարար աշխատությունների։ 1945թվականին փոխադրվելով Հայկական ՍՍՀ նորաստեղծ գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտը, տարիների ընթացքում կատարած հետազոտությունների իր արդյունքները Տոկարսկին ամփոփել է «Հին Հայաստանի ճարտարապետությունը» ստվարածավալ մենագրության մեջ (1946թ.)։ 1961 թվականին հրատարակել է «Հայաստանի 4-14-րդ դարերի ճարտարապետությունը» մենագրությունը, որի համար ստացել է արվեստագիտության դոկտորի գիտական աստիճան։ Գրել է Դ․ Ա․ Ղիփշիձեի «Անիի քարայրները» (1972, ռուսերեն) աշխատության նախաբանը, ծանոթագրությունները, մշակել նյութերը, պատրաստել գծագրերը։ Նիկոլայ Տոկարսկու թողած գիտական ժառանգությունը մեծ ավանդ է հայագիտության մեջ։

1963 թվականի ամռանը, 71 տարեկանում, նա նորից բարձրացել է Արագածի լանջերը։ Ամբերդի վերաբերյալ նրա հետազոտությունը լույս է տեսել ինչպես առանձին գրքով Իտալիայում (հայ ճարտարապետության հուշարձաններին նվիրված մատենաշարում), այնպես էլ իր «Հայ ճարտարապետության պատմության էջերից» գրքում (1973թ.)։

Մահացել է 1977 թվականի դեկտեմբերի 20-ին Լենինգրադում։

Պարգևներ խմբագրել

Տոկարսկին ԽՍՀՄ ԳԱ-ի սահմանած Թորոս Թորամանյանի անվան մրցանակի առաջին դափնեկիրն է (1972)։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով (1939) և մեդալներով։

Հրապարակումներ խմբագրել

Ունի բազմաթիվ հրապարակումներ, այդ թվում.

  • Предварительный отчет о поездке в Армению осенью 1923 г․ «Известия Российской Академии истории материальной куль¬ туры», т․ 4, Л․, 1925;
  • Наземная стереофотограмметрия, Л․, 1931;
  • Архитектура древней Армении, Е․,t1946;
  • Архитектура Армении IV—XIV вв․, Е-, 1961;
  • Археологические раскопки в Армении, № 11, Джрвеж 1, Е․, 1959,
  • Археологические раскопки в Армении, Джрвеж 2, Вохчаберд, Е․, 1964;
  • По страницам истории армянской архитектуры, Е․, 1973․

Աղբյուրներ խմբագրել

  • Ճարտարապետության դոկտոր Վ. Հարությունյան «Ն. Մ. Տոկարսկի» պատմաբանասիրական հանդես № 1, 1978, էջ 292-293
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։