Նիկոլայ Դուրբախ

ռուսաստանցի հայ ճարտարապետ

Նիկոլայ Նիկիտիչ Դուրբախ (Նիկողոս Մկրտչի Դուրբախյան[1], 1858, Նոր Նախիջևան, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 23, 1924(1924-09-23), Դոնի Ռոստով, Հարավարևելյան շրջան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուսաստանցի հայ ճարտարապետ, Նոր Նախիջևան քաղաքի ճարտարապետը 1889-1913 թվականներին։

Նիկոլայ Դուրբախ
Ծնվել է1858
ԾննդավայրՆոր Նախիջևան, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 23, 1924(1924-09-23)
Վախճանի վայրԴոնի Ռոստով, Հարավարևելյան շրջան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
Պարգևներ
Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Ստանիսլավի 4-րդ աստիճանի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Նիկողոս Մկրտչի Դուրբախյանը ծնվել է 1858 թվականին (այլ տվյալներով` 1857 թվականին) քաղքենիական ընտանիքում։ Նրա հայրը զբաղվում էր առևտրով։ Ըստ որոշ տեղեկությունների` նա ծնվել է Նոր Նախիջևանում, այլ տվյալներով` Ելիզավետինսկայա գյուղում, որտեղից մեկ տարի անց նրա ընտանիքը տեղափոխվել է Նախիջևան։

Նախիջևանում Նիկոլայը ստացել է ընդհանուր միջնակարգ և նախնական գեղարվեստական կրթություն, որից հետո 1876 թվականին ընդունվել է Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի կայսերական ակադեմիա։ Սկզբում սովորել է քաղաքի միջոցների հաշվին, բայց շուտով շարունակել է ուսումը` գումար վաստակելով սեփական աշխատանքով։ Միջոցների սղության պատճառով ուսանողից դարձել է ազատ ունկնդիր։ 1886 թվականի փետրվարին ավարտել է ակադեմիան «կառուցելու իրավունքով չաստիճանավորված նկարչի» դիպլոմով[1]։

Ուսումն ավարտելուց հետո վերադարձել է տուն։ 1886-1889 թվականներին զբաղվել է Նոր Նախիջևանում, Դոնի Ռոստովում, Ազովում և Մարիուպոլում բնակելի տների և շենքերի շինարարությամբ։ 1889 թվականի մարտի 12-ին Նիկոլայ Դուրբախը խնդրագիր է ներկայացրել Քաղաքային վարչություն` խնդրելով իրեն նշանակել Նոր Նախիջևան քաղաքի ճարտարապետի պաշտոնում։ Նույն թվականի ապրիլի 5-ից նա սկսեց աշխատել այդ պաշտոնում` մեկ տարի փորձաշրջանով, որի ավարտից հետո հաստատվեց որպես քաղաքի ճարտարապետ արդեն անժամկետ։

Նիկոլայ Դուրբախը սկսել է իր երկարատև և ակտիվ գործունեությունը քաղաքի ճարտարապետի պաշտոնում` հետևելով քաղաքի առաջին պլանով (1781 թվական) հիմնադրված սկզբունքներին։ 1894 թվականին նրա կյանքում տեղի ունեցավ կարևոր իրադարձություն. նա ծանոթացավ Բոլշայա Սադովայա փողոցում Քաղաքային դումայի և Վարչության շենքի նախագծի առաջին էսքիզով Ռոստով ժամանած Գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր, ճարտարապետ Ալեքսանդր Պոմերանցևի հետ։ Այդ հանդիպումներն ու կարծիքների փոխանակությունը ազդեցին քաղաքի զարգացման ուղղությամբ երկու ճարտարապետների ստեղծագործական ծրագրերի վրա։

Բացի մասնագիտականից, Նիկոլայ Դուրբախը զբաղվել է նաև հասարակական գործունեությամբ։ 1897 թվականի մարտի 12-ին Նախիջևանի քաղաքային ընկերության ընտրական նիստում չորս տարի ժամկետով (1897-1901) նա ընտրվել է Նախիջևանի քաղաքային դումայի իրավասու։ Ընդհանուր առմամբ մինչև 1917 թվականը նա հինգ անգամ ընտրվել է այդ պաշտոնում։ 1898 թվականի նոյեմբերի 27-ին արդեն Քաղաքային դումայի նիստում ընտրվել է քաղաքի Բնակարանային հարկի ատյանի անդամ 1899 թվականի համար, հետագայում վերընտրվել է այդ պաշտոնում մինչև 1912 թվականը։ 1900 թվականի հունվարի 26-ին Դուրբախը երեք տարով (1900-1903) ընտրվել է Նախիջևանի արհեստագործական ուսումնարանի հոգաբարձուների խորհրդի անդամ։ Կոլեգիական ռեգիստրատորի աստիճանը Դուրբախը ստացել է 1902 թվականին։ Հաջորդ` կոլեգիական քարտուղարի աստիճանը, ստացել է 1905 թվականին։

1913 թվականին Նիկոլայ Դուրբախը թողեց քաղաքի ճարտարապետի պաշտոնը` աշխատելով քսանհինգ տարի։ Նա հեռացավ հանրային գործերից, կնոջ հետ հարաբերությունները հանգեցրին նրանց ընտանեկան կյանքի փլուզման։ Շուտով սկսված Ռուսաստանի քաղաքացիական պատերազմը խաթարեց նրա կյանքի ընթացքը և ստեղծագործելու հնարավորությունը։ 1920-ական թվականների վերջում սկսվեցին առողջական խնդիրները. հիվանդությունները սկսեցին հետապնդել նրան։

Դուրբախը մահացել է 1924 թվականի սեպտեմբերի 23-ին Դոնի Ռոստովում։ Թաղված է քաղաքի Հայկական գերեզմանատանը։

Իր փայլուն ծառայության համար Նիկոլայ Դուրբախն արժանացել է Սուրբ Ստանիսլավի 4-րդ աստիճանի (1904) և Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի (1911) շքանշանների։

Նիկոլայ Դուրբախի գերեզմանը երկար ժամանակ գտնվել է բարձիթողի վիճակում, բայց մի քանի տարի առաջ բերվել է պատշաճ տեսքի, և նրա վրա տեղադրվել է հուշարձան[2]։ 1999 թվականի դեկտեմբերին ականավոր ճարտարապետի հիշատակին Ռոստովի մարզային ակադեմիական երիտասարդական թատրոնի (նախկին Նախիջևանի քաղաքային թատրոն[3]) շենքի պատին փակցվեցին հուշատախտակներ[4]։

Ստեղծագործություններ խմբագրել

 
«Մոսկովյան» հյուրանոցը նախահեղափոխական բացիկի վրա
 
Նախիջևանի քաղաքային թատրոնը նախահեղափոխական բացիկի վրա

Ի թիվս ճարտարապետի բազմաթիվ աշխատանքների հատկապես հայտնի են.

  • «Մոսկովյան» հյուրանոց
  • Նախիջևանի քաղաքային թատրոն
  • Եկատերինյան իգական վարժարանի շենք
  • Արական գիմնազիայի շենք
  • Քաղաքային ուսումնարանի շենք
  • Ալեքսանդրի սյունը համանուն զբոսայգում (այժմ` Վիտյա Չերևիչկինի անվան մանկական զբոսայգի)
  • Բուլվարնայա հրապարակ (այժմ` Ազատության հրապարակ)
  • Եկատերինայի հրապարակ (Մարքսի հրապարակ)
  • Եկամտաբեր տներ և առանձնատներ

Գրականություն խմբագրել

  • Сидоров В. С. Энциклопедия старого Ростова и Нахичевани-на-Дону. Т. 5.
  • С. Ширинян. Армяне-народ созидатель чужих цивилизаций։ 1000 известных армян в мировой истории. / Ереван։ Авт. изд., 2014, ISBN 978-9939-0-1120-2.
  • Донская Армения. Вып.1. Ростов-на-Дону, 2007, ISBN 5 901377-18-4.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Дурбах Николай Никитич архитектор Нахичевани-на-Дону». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 28-ին.
  2. Памятник на могиле Николая Дурбаха
  3. Нахичеванский городской театр
  4. Дурбах Николай Никитич

Արտաքին հղումներ խմբագրել