Նիկոլայ Ազարյան

հայ բանաստեղծ, ազգագրագետ, ուսուցիչ

Նիկոլայ Ղուկասի Ազարյան (հունվարի 2, 1920(1920-01-02), Փիփ, Դաշկեսանի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ - նոյեմբերի 4, 1988(1988-11-04), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Փիփ գյուղի Ազարյանների նշանավոր գերդաստանի անդամ, բանաստեղծ, բանահավաք, մանկավարժ, հասարակական գործիչ։

Նիկոլայ Ազարյան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 2, 1920(1920-01-02)
ԾննդավայրՓիփ, Դաշկեսանի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ
Մահացել էնոյեմբերի 4, 1988(1988-11-04) (68 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԶագլիկ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԱդրբեջանի պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունբանաստեղծ, բանահավաք և ուսուցիչ
ԱմուսինՆաղդալյան Սոնիկ
Ծնողներհայր.Ազարյան Ղուկաս
Պարգևներ և
մրցանակներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան

Կենսագրական տվյալներ խմբագրել

Ն. Ազարյանը ծնվել է 1920 թվականի հունվարին Փիփ գյուղում։ Սկզբնական կրթությունը ստացել է տեղի դպրոցում[1], ապա Կիրովաբադի, ներկայիս Գանձակ քաղաքի մանկավարժական տեխնիկումում, որից հետո ընդունվել ու ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտը։ Եղել է Գուրգեն Գաբրիելյանի համակուրսեցին և ընկերը։ Ավարտելուց հետո վերադարձել է հայրենի գյուղ և մինչև իր կյանքի վերջը դասավանդել է հայոց լեզու և գրականություն։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին և մի քանի անգամ վիրավորվել է։ Նրա հայրը՝ Ղուկասը ու հորեղբայրները՝ Վիրաբը, Արսենը, Նավասարդը և Մելիքը մեծ դերակատարություն են ունեցել գյուղի պատմության մեջ։ Վիրաբ Ազարյանը եղել է Զորավար Անդրանիկի զինակիցը։ Մասնակցել է հայ-թաթարական և հայ-թուրքական կռիվներին։ Արսեն և Մելիք Ազարյանները նույնպես մասնակցել են հայ-թաթարական կռիվներին, որի ժամանակ զոհվել են և թաղված են Վարդենիս քաղաքի մոտ եղբայրական գերեզմանատանը[2]։ Ղուկասը և Նավասարդը շնորհաշատ ու աշխատասեր մարդիկ էին, իսկ նրանց միակ քույր Աստղիկից պահպանվել են նրա գեղեցիկ ասեղնագործությունները, որոնք պահվում են անձնական հավաքածուներում։

Նա հայ ժողովրդին տվել է փայլուն կադրեր, հայրենասեր ու շնորհաշատ աշակերտներ, որոնք մեծագույն հարգանքներով ու երախտագիտությամբ են հիշում իրենց ուսուցչին։ Նրա աշակերտները դարձել են հայտնի մանկավարժներ, բժիշկներ, դատախազներ ու դատավորներ, գիտնականներ։ Մեծ մտավորականի ժողովրդին մատուցած ծառայությունները չեն սահմանափակվել բազմավաստակ ուսուցչի դերակատարությամբ։ Նրա մեծ երախտիքն այն է, որ նա, խորապես ըմբռնելով ժամանակի հրամայականը, գրանցել ու սերունդներին է փոխանցել գյուղի ու հարակից բնակավայրերի պատմության, հուշարձանների, ազգատոհմերի, ավանդույթների մասին տեղեկատվական հսկայական նյութեր։ Այդ նյութերը նա տրամադրել է Երևանում բնակվող իր գործընկեր բարումեցի Նիկոլայ Ղազարյանին, որը այդ տեղեկությունները ամփոփել է Գարդմանք շրջանի պատմության վերաբերյալ աշխատությունում[3]։ Աշխատությունը այժմ գտնվում է հուշարձանագետ Սամվել Կարապետյանի անձնական արխիվում։

Նիկոլայ Ազարյանը ոչ միայն ավանդույթային կյանքի մեծ գիտակ էր, այլ նաև ինքնուս ստեղծագործող։

Մահացել է 1988 թ.-ի նոյեմբերի 4-ին և իր կամքի համաձայն թաղվել է գյուղի հին գերեզմանատանը։ Գյուղի բնակչությունը բռնագաղթվել է նույն թվականի նոյեմբերի 28-ին[4]։

Ստեղծագործություններ խմբագրել

Փիփ (Զագլիկ) բանաստեղծություն խմբագրել

Ծնվել եմ քո չքնաղ գրկում, Դու իմ Զագլիկ, քեզ եմ երգում, Բայց ինչու ես տխուր, տրտում, Ես քեզանից չեմ հեռանա։

– – –

Սիրում եմ քո վառ կանաչը, Նախիրներիդ զիլ բառաչը, Շամխոր գետի խուլ շառաչը, Ես քեզանից չեմ հեռանա։

Ծաղիկներիդ բուրմունքն անուշ, Սարից փչող հովերդ անուշ, Աղբյուրներիդ ջրերն անուշ, Քո ջրերից չեմ հեռանա։

– – –

Ամեն քարդ մի պատմություն, Ամեն ծառդ սիրտ հովություն, Սարերդ անգամ մխիթարություն, Քո սարերից չեմ հեռանա։

Զավակներդ որբ ես թողել, Աշխարհով մեկ ցրիվ տվել, Ինչ դարդեր են քեզ փաթաթել, Քո դարդերը չեմ մոռանա։

– – –

Ճիշտ են ասում, որտեղ ապրուստ, Այնտեղ էլ կաց, եղիր հարուստ, Բայց հայրենի հողը ներքուստ, Ինձ այրում է, չեմ հեռանա։

Ում ենք թողնում մեր ոստանը, Մեր պապերի գերեզմանը, Հերոսների հուշարձանը, Ես քեզնից չեմ մոռանա։

– – –

Ուր են իշխաններ-տերերդ, Ուր են իմաստուն ծերերդ, Մնացել են ծույլ պետերը, Ես այստեղից չեմ հեռանա[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. [1]/ Փիփ գյուղի հին դպրոցը
  2. Սերգեյ Երեմյան, «Գանձակ 1880-1916»
  3. «Գարդմանի կանչ» թերթ, 2010 թ.-ի N3 և N4:
  4. Սոնյա Նաղդալյան, Հիշողություններ Փիփ գյուղի մասին։
  5. ՛՛Դաշքեսան՛՛ թերթ,մարտի 30, 1974 թ.

Արտաքին հղումներ խմբագրել