Նիգ-Ապարան (կազմակերպություն)

«Նիգ-Ապարան» հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպություն, հասարակական կազմակերպություն է։ 3-րդ անգամ գրանցվել է 2003 թ-ի հունվարի 13-ին։

Պատմություն խմբագրել

1990 թ-ի հունիսի 23-ին Ապարանի կինոյի տան դահլիճում տեղի է ունեցել «Ապարան» հայրենակցական-բարեգործական միության հիմնադիր ժողովը, որին մասնակցել են Ապարանից դուրս բնակվող հարյուրից ավելի ապարանցիներ, հարյուրավոր ներկայացուցիչներ Ապարան ավանից և շրջանի գյուղերից։ Ընտրվել է «Ապարան]» հայրենակցական-բարեգործական միության վարչություն՝ 13 անդամով, այդ թվում՝ Թամարա Ալոյանը /ՀԿԿ Ապարանի կուսշրջկոմի առաջին քարտուղար/, Տիգրան Պետրոսյանցը, Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը (այդ ժամանակ՝ Արարատյան թեմի առաջնորդ), Գոհար Ենոքյանը («Գարուն» կարի արտադրական միավորման գլխավոր տնօրեն, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր), Սպարտակ Աղաբաբյանը («Ապարան» թերթի խմբագիր), Ասատուր Ասատրյանը (Ֆրեզնոյի հայ գաղութի վարժարանի տնօրեն)։ «Ապարան», հայրենակցական-բարեգործական միության նախագահ է ընտրվել Վլադիմիր Մուրադյանը, տեղակալ՝ Ռուբիկ Հայրապետյանը։

1998 թ-ին Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի դահլիճում գումարվել է ապարանցիների ժողով և ստեղծվել է նախորդ կազմակերպության իրավահաջորդ «Ապարան» հայրենակցական միություն հասարակական կազմակերպությունը։ Նախագահ է ընտրվել պատմական գիտությունների դոկտոր Վլադիմիր Պետրոսյանը։ 2001 թ-ին կազմակերպությունը դադարեցրել է գործունեությունը։

2002 թ-ի նոյեմբերի 9-ին Երևանի Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի դահլիճում գումարվել է Նիգ-Ապարանցիների համագումար և ստեղծվել է նախորդ հասարակական կազմակերպությունների իրավահաջորդ՝ «Նիգ-Ապարան» հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպությունը։ Համագումարին մասնակցել է 750 պատգամավոր, ավելի քան 200 հյուր, այդ թվում՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը, նախարարներ, բազմաթիվ պատգամավորներ։ Համագումարի մասնակիցներին ողջույնի ուղերձ են հղել Ամենայն Հայոց Գարեգին Բ Ոսկեհատցի կաթողիկոսը, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը։ «Նիգ-Ապարան» հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպության պատվավոր նախագահ է ընտրվել Աղվան Հովսեփյանը, նախագահ՝ Վրեժ Մարկոսյանը, տեղակալներ Տիգրան Պետրոսյանցը, Ռազմիկ Պետրոսյանը, Արծրուն Խաչատրյանը։

2004 թ-ին գումարվել է կազմակերպության 2-րդ, 2007 թ-ին՝ 3-րդ, 2009 թ-ին՝ 4-րդ, 2011 թ-ին՝ 5-րդ համագումարները։

Միջոցառումներ խմբագրել

Միասնության շուրջպար խմբագրել

2004 թ-ի նոյեմբերի 9-ին, «Նիգ-Ապարան» հասարակական կազմակերպության 2-րդ համագումարը որոշեց 2005 թ-ի մայիսի 28-ին, Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության օրը, Արագած սարի շուրջը կազմակերպել «Միասնության շուրջպար»։ 2004 թ-ի դեկտեմբերին ստեղծվեց շուրջպարը կազմակերպող շտաբ։ 2005 թ-ի հունվար-մայիս ամիսներին նախապատրաստական աշխատանքների շրջանակում պատրաստվեցին «Միասնության շուրջպարի» խորհրդանիշը, երգ-օրհներգը, թերթոնը, գլխարկը։ Արագած սարը գոտևորող մոտ 160 կիլոմետրանոց ճանապարհը բաժանվեց 160 հատվածի, ընտրվեցին 160 հազարապետներ, որոնցից յուրաքանչյուրն ապահովելու էր իրեն վստահված մեկ կիլոմետրի վրա հազար կամավորի ներկայությունը։ Քանի որ տարին հոբելյանական էր Հայոց գրերի վերականգնման 1600-ամյա տարելիցով, որոշվեց Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի մոտ, ծովի մակարդակից 1600 մետր բարձրության հատվածում, հիմնադրել Հայոց տառերի արձանների պուրակ, որը ստացավ Տառարձանների պուրակ անունը։ Հայոց տառերի մասնագետ Աֆրիկյանի նկարների համաձայն տուֆ քարից պատրաստվեցին Հայոց այբուբենի բոլոր տառերը /120x90x30 սանտիմետր չափով/ և տեղադրվեցին տեղական որձաքարից պատրաստված հիմքերի վրա։ Աշխարհում առաջին անգամ ստեղծվեց այբուբենի արձանաշարք[փա՞ստ]։ Մայիսի 28-ին Արագած սարի շուրջ համախմբվեց ավելի քան 400 հազար մարդ։

Միասնության ծառատունկ - 2006 խմբագրել

«Նիգ-Ապարան» ՀԿ խորհուրդը 2006 թ-ին որոշեց իրականացնել «Միասնության ծառատունկ - 2006» միջոցառումը։ Խնդիր դրվեց Հայաստանի տարածքում տնկել Հայաստանի բնակչության թվին համապատասխան 3 միլիոն 200 հազար ծառ և թուփ։ Ստեղծվեց ծառատունկն իրականացնող շտաբ։ Մասնագետների միջոցով ուսումնասիրվեց ՀՀ ամբողջ տարածքի բուսական աշխարհը, անտառածածկույթը, տարածքներին հատուկ ծառատեսակները, հանրապետության տնկարկների հնարավորությունները, ծառատնկի հայթայթման ալյընտրանքային հնարավորությունները։ Աշխատանքին մասնակցում էին հազարավոր կամավորներ ամբողջ հանրապետությունում։ Յուրաքանչյուր մարզում պահեստավորվեց 150-200 հազար տնկանյութ, շուրջ 1 միլիոն տնկանյութ պահեստավորվեց Երևան քաղաքում։ Մարտի 11-12-ին առաջինը Սյունիքի մարզի Մեղրի, Կապան, Գորիս քաղաքներում և տարածաշրջանի բազում համայնքներում տնկվեց 100 հազարից ավելի ծառ ու թուփ։ Մարտի 17-18-ին ծառեր տնկվեցին Տավուշի մարզի գյուղերում ու քաղաքներում։ Ապրիլ-մայիս ամիսներին հազարավոր ծառեր տնկվեցին Երևան քաղաքի բոլոր համայնքներում։ Ծառատունկի գործողություններն ուղեկցվում էին հանդիպումներով, համերգային միջոցառումներով, հրավառությամբ։ Ըստ կազմակերպության տվյալների՝ գարնանային ծառատունկի շրջանում հանրապետության տարածքում տնկվեց շուրջ 2,5 միլիոն, աշնանային ծառատունկի ժամանակ շուրջ 700 հազար ծառ ու թուփ։ Կազմակերպությունն իր առջև խնդիր է դրել առաջիկա 10 տարիներին հետևել իր կատարած ծառատունկին, պահպանել տնկարկները։

Շախմատի աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակի միջոցառումներ խմբագրել

2003 թվականի մայիսի 8-ին «Նիգ-Ապարան» հասարակական կազմակերպության նախագահությունը հանդես եկավ Ապարանի հրապարակը շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի անունով կոչելու և Ապարան քաղաքի հրապարակում ականավոր շախմատիստի արձանը տեղադրելու առաջարկով։ 2003 թ-ին Ապարան քաղաքի հրապարակը անվանակոչեց Տիգրան Պետրոսյանի անունով։ 2005 թ-ի հոկտեմբերի 30-ին Ապարանի հրապարակում կանգնեցվեց ու հանդիսավորությամբ բացվեց Տիգրան Պետրոսյանի արձանը (գործ Միշա Մարգարյանի և Հրաչյա Գալստյանի)։

Կազմակերպության մասնակցությունը Հայաստանի քաղաքական գործընթացներին խմբագրել

  • «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը 2006 թ հոկտեմբերի 29-ին Երևանի Աջափնյակ համայնքում կայանալիք թաղապետի ընտրություններում միությունը պաշտպանել է Աղվան Հովսեփյանի եղբայր՝ Ռուբեն Հովսեփյանի թեկնածությունը[1]։