Ներդրումային ֆոնդ (անգլ.՝ investment fund), ակտիվների համախումբ, որը ստեղծվում է ներդրողների կողմից հավաքագրված միջոցները միասնական ներդրումային քաղաքականության ներքո արժեթղթերում և այլ ակտիվներում  տեղաբաշխելու և ներդրված միջոցներն ու ստացված եկամուտները ներդրողներին հետ վերադարձնելու նպատակով։

Ընդհանուր տեղեկություններ

խմբագրել

Ներդրումային ֆոնդերի սկիզբը դրվել է ԱՄՆ-ում 20-րդ դարում, երբ առաջին անգամ ստեղծվեց դրամական շուկայի ֆոնդը, որի ակտիվները տեղաբաշխվում էին դրամական շուկայի գործիքներում (կարճաժամկետ պարտատոմսեր, ընթացիկ հաշիվներ, կարճաժամկետ ավանդներ, կոմերցիոն թղթեր և այլն)։ Այնուհետև ֆոնդի մյուս տեսակներն առաջացան, որոնք տարածվեցին Եվրոպայում և այլ աշխարհամասերում[1]։

Ներդրումային ֆոնդի կողմից թողարկվում են փայեր, որոնք փաստում են ներդրողի կողմից ֆոնդում ներդրում կատարելու մասին։ Կախված ֆոնդի տեսակից փայերը կարող են նաև վաճառվել, երբ փայատերը ցանկանում է դուրս գալ ֆոնդից։

Ներդրումային ֆոնդերը կառավարվում են ակտիվների կառավարման մասնագիտացում ունեցող անձանց՝ ֆոնդի կառավարիչների կողմից, որոնք ներդրողներից ստացված միջոցները ներդնում են արժեթղթերում, ավանդներում, անշարժ գույքում և այլ ակտիվներում, որպեսզի ապահովեն եկամուտ և միաժամանակ նվազեցնեն ներդրումային պորտֆելի ռիսկը։

Տեսակները

խմբագրել

Ըստ փայերի տեսակի ֆոնդերը լինում են բաց և փակ։ Բաց ֆոնդերի դեպքում ներդրողն իրավունք ունի մարել փայը ցանկացած պահին (վերադարձնել ֆոնդին) և ստանալ իր ներդրած գումարը։ Փակ ֆոնդի դեպքում այդ իրավունքը սահմանափակված է։

Ֆոնդերը կարող են նաև բաժանվել տեսակների՝ ըստ ներդրումային քաղաքականության։ ֆոնդերը կարող են լինել մասնագիտացված, որի դեպքում ներդրումները հիմնականում կատարվում են միևնույն տեսակի ակտիվներում։ Օրինակ՝ անշարժ գույքի ֆոնդի ակտիվները տեղաբաշխվում են անշարժ գույքում կամ անշարժ գույքի հետ կապված արժեթղթերում։ Գոյություն ունեն նաև հեջ ֆոնդեր (լրացուցիչ ռիսկով ֆոնդեր), որոնք նախատեսված են ռիսկի գնացող ներդրողների համար։ Մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդերի ակտիվները տեղաբաշխվում են չցուցակված ընկերություններում և start-up-երում։

Ֆոնդերը լինում են հրապարակային և ոչ հրապարակային։ Վերջինիս դեպքում փայերի հրապարակային առաջարկ տեղի չի ունեում։ Դրանք նախատեսված են միայն սեղմ թվով պրոֆեսիոնալ ներդրողների համար (ՀՀ-ում այս ֆոնդերում մասնակիցների թիվը չի կարող գերազանցել 49-ը)։ Հրապարակային ֆոնդերի փայերը առաջարկվում են բոլոր տեսակի ներդրողներին[2]։ Ոչ հրապարակային ֆոնդերի թվին են դասվում մասնագիտացված ֆոնդերի մեծ մասը, քանի որ դրանք պարունակում են զգալի ռիսկեր ներդրողների համար, և կարգավորող մարմինների կողմից պահանջվում է, որ դրանցում ներդրումներ իրականացնեն ֆինանսական ոլորտում բավարար փորձ ունեցող, որակավորված ներդրողները։

Ֆոնդի տեսակ են նաև կենսաթոշակային ֆոնդերը, որոնց հիմնական նպատակը ներդրողներին կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո կայուն կենսաթոշակի ապահովումն է[3]։ ՀՀ-ում գործում են վեց պարտադիր կենսաթոշակային ֆոնդեր, որոնք կառավարվում են երկու հեղինակավոր ֆոնդի կառավարիչների կողմից։ Այս ֆոնդերն ունեն տարբեր ռիսկայնության ներդրումային քաղաքականության, որոնցից մասնակիցները կարող են ընտրություն կատարել՝ ըստ իրենց ռիսկի ախորժակի։

Կարգավորումն ու վերահսկողությունը

խմբագրել

Ներդրումային ֆոնդերը և դրանց կառավարիչները կարգավորվում և վերահսկվում են ֆինանսական շուկան կարգավորող մարմինների կողմից (ՀՀ-ում Կենտրոնական բանկի կողմից[4]): Կարգավորողի կողմից կարող են սահմանվել ակտիվների ներդրման սահմանափակումներ (ըստ ակտիվների տեսակների) բավարար չափով դիվերսիֆիկացիա ապահովելու համար։ Դա ուղղված է ներդրողների շահերի պաշտպանությանը և ֆինանսական կայունության ապահովմանը։ Ընդ որում, խիստ կարգավորման և վերահսկողության են ենթարկվում հիմնականում հրապարակային ֆոնդերը, որոնց փայատերերը կարող են լինել բավարար ֆինանսական փորձ չունեցող անձիք։ Իսկ ահա ոչ հրապարակային ֆոնդերը և դրանց կառավարիչները ենթարկվում են ավելի մեղմ կարգավորման, քանի որ դրանց փայերն առաջարկվում են պրոֆեսիոնալ ներդրողներին, որոնք ի վիճակի են ինքնուրույն գնահատելու ներդրումների ռիսկն ու եկամտաբերությունը[5]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Money market fund» (անգլերեն). 2020 թ․ հոկտեմբերի 21. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  2. «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենք
  3. «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենք
  4. «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկ». www.cba.am. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 8-ին.
  5. «Directive 2011/61/EU of the European Parliament and of the Council of 8 June 2011 on Alternative Investment Fund Managers».