Նեյտրոնային ռազմամթերք, առատ նեյտրոնային ճառագայթմամբ միջուկային ռազմամթերքների հատուկ տարատեսակ, որում օգտագործվում են ծանր միջուկների միջուկային շղթայական ռեակցիաներն ու թեթև միջուկների ջերմամիջուկային ռեակցիաները։ Միջուկների տրոհման ռեակցիաներն անհրաժեշտ են սկզբնանյութերը մինչև 107 К տաքացնելու համար։ Պայթյունի էներգիայի մեծ մասն առաջանում է ջերմամիջուկային ռեակցիայից և անցնում շրջապատող միջավայր՝ հիմնականում արագ նեյտրոնների հոսքի ձևով։ Նեյտրոնների հոսքը կազմում է թափանցող ռադիացիայի հիմնական մասը, որը և ոչնչացնում է մարդկանց, այդ թվում տանկերում, զրահամեքենաներում և թաքստոցներում գտնվողներին՝ չվնասելով ռազմական տեխնիկան և շենքերը։ Նեյտրոնային ռազմամթերքի պայթման ժամանակ նեյտրոններին բաժին է ընկնում տասնապատիկ ավելի էներգիա, քան միջուկային մյուս ռազմամթերքների դեպքում։ Որպես սկզբնանյութ նեյտրոնային ռազմամթերքում օգտագործվում է դեյտերիումի և տրիտիումի խառնուրդը։ Նեյտրոնային ռազմամթերքի ստեղծման աշխատանքները տարվում են ԱՄՆ-ում 1960-ական թվականներին, և մի շարք երկրների ռազմաքաղաքական շրջանների կողմից այն ռեկլամվում է որպես մարդ ոչնչացնելու նոր, արդյունավետ միջոց։ ԽՍՀՄ-ը հանդես է գալիս նեյտրոնային ռազմամթերքի մշակման և արտադրության արգելման օգտին։

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 221