Նապոլեոն Բոնապարտի ինքնագիր հրաժարական

Նապոլեոնի ձեռագրով փաստաթուղթ

Նապոլեոն Բոնապարտի ինքնագիր հրաժարական (ֆր.՝ Démission de Napoléon Bonaparte), 1814 թվականին Ֆոնտենբլոյի ամրոցում Նապոլեոնի առանձնանալուց հետո նրա դեմ միավորված դաշնակից բանակները Ռուսաստանի կայսր Ալեքսանդր I-ի գլխավորությամբ մուտք են գործում Փարիզ և պահանջում կայսեր հրաժարականը, ինչից հետո Նապոլեոնը հրաժարվում է գահից՝ հանուն Ֆրանսիայի բարօրության[2]։ Ներկայումս Նապոլեոնի՝ գահից հրաժարվելու մասին հայտարարության սևագրության ինքնագիրը (ԳԱԹ, Վ․ Կորգանովի ֆոնդ, թիվ 4732) գտնվում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում պահպանվող Վասիլ Ղորղանյանի (Բարսեղ Ղորղանյան (1868-1934)) անձնական արխիվում։

Նապոլեոն Բոնապարտի հրաժարական
Démission de Napoléon Bonaparte
Սպիտակ, դեղնած թղթի վրա, ունի ուղիղ ծայրեր, աջ կողմի վերին մասում կան աննշան պատռվածքներ, բաղկացած է վեց տողանոց ֆրանսերեն շարադրանքից․ նախապես գրվել է մատիտով, այնուհետև վրայից՝ բաց երանգի սև թանաքով
տեսակփաստաթուղթ
երկիրՖրանսիա
Ֆոնտենբլո
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան
հեղինակՆապոլեոն Բոնապարտ
նյութթուղթ
ստեղծվել է1814 թվական
ստեղծման վայրՖոնտենբլո ամրոց
ներկա վիճակըՈւնի ուղիղ ծայրեր, աջ կողմի վերին մասում կան աննշան պատռվածքներ
ոճձեռագիր
մակագրությունՆապոլեոն Ա-ի (ինքնագիր) ձեռագիրը (բնագիր՝ ռուսերեն՝ "Рукопись (автографъ) Наполеона I"), Նապոլեոնի գահից հրաժարականը Ֆոնտենբլոյում, 1814 թվականի ապրիլի 6-ին (բնագիր՝ ռուսերեն՝ "Отречение отъ престола Наполеономъ (sic) В Фонтенебло 6 Апр. 1814 г.")
[1]

Նկարագրություն խմբագրել

Հրաժարականը գրված է սպիտակ, դեղնած թղթի վրա, ունի ուղիղ ծայրեր, աջ կողմի վերին մասում կան աննշան պատռվածքներ։ Վեց տողանոց շարադրանքը ֆրանսերեն է․ նախապես գրվել է մատիտով, այնուհետև վրայից՝ բաց երանգի սև թանաքով։ Վերին աջ կողմում ռուսերեն ձեռագրով գրված է․ «Նապոլեոն Ա-ի (ինքնագիր) ձեռագիրը» (ռուս.՝ "Рукопись (автографъ) Наполеона I")։ Թղթի ձախ մասում նույնպես ռուսերեն մակագրված է․ «Նապոլեոնի գահից հրաժարականը Ֆոնտենբլոյում, 1814 թվականի ապրիլի 6-ին» (ռուս.՝ "Отречение отъ престола Наполеономъ (sic) В Фонтенебло 6 Апр. 1814 г.")։ Հրաժարականի բովանդակությունը հետևյալն է․ «Նկատի ունենալով, որ դաշնակից տերությունները հայտարարել են, որ կայսրը հանդիսանում է Եվրոպայում խաղաղություն հաստատելու միակ խոչընդոտը, ապա կայսրը, հավատարիմ իր երդմանը, հայտարարում է, որ իր և իր զավակների անունից հրաժարվում է Ֆրանսիայի և Իտալիայի գահերից, և չկա մի զոհաբերություն, անգամ՝ կյանքը, որ ինքը պատրաստ չլինի կատարելու հանուն Ֆրանսիայի»։ Վավերագրին կից պահպանվում է ռուսերեն մեքենագիր վկայական, որտեղ տրված է այդ փաստաթղթի՝ Կորգանովին հասնելու պատմությունը։

Պատմություն խմբագրել

1814 թվականի մարտի 31-ին Նապոլեոնի դեմ միավորված դաշնակից բանակները Ռուսաստանի կայսր Ալեքսանդր I-ի գլխավորությամբ մուտք են գործում Փարիզ։ Պարտված Նապոլեոնը առանձնանում է Ֆոնտենբլոյի ամրոցում և հեռվից հետևում Փարիզում կատարվող իրադարձություններին։ Ապրիլի 4-ին նրա մոտ են գալիս դաշնակից զորքերի մարշալները և պահանջում Նապոլեոնի հրաժարականը։ Իր պարտության հետ հաշտված՝ Նապոլեոնը գրում է գահից իր հրաժարականը, որը մարշալների ձեռքով տարվում է Փարիզ։ Վասիլի Կորգանովի վկայությամբ՝ Նապոլեոն I-ի գահից հրաժարվելու մասին վավերագրի սևագրությունը Ալեքսանդր I-ից (վերջինս դուքս Կոլենկուրից անձամբ է ստացել հրաժարականի ինքնագիրը) անցել է իր հաջորդ՝ Նիկոլայ I-ին։ Ապա նրա անձնական արխիվից անցել է վերջինիս համհարզ, գեներալ-համհարզ Աստաֆևին, որի մահից հետո փաստաթուղթն անցել է նրա որդուն՝ գեներալական շտաբի գեներալ Աստաֆևին, իսկ վերջինից էլ իր որդուն՝ սնանկացած ազնվական Աստաֆևին։ Ազնվական Աստաֆևը Թիֆլիսում փաստաթուղթը առաջարկել է գնել գրասեր իշխան Արգուտինսկուն։ Վերջինս այն ուղարկել է Վ․ Կորգանովին, որն այն ժամանակ Փարիզում, Բեռլինում, Լայպցիգում, Մոսկվայում և Պետերբուրգում հայտնի էր որպես ձեռագրերի հավաքորդ։ 1912 թվականին Կորգանովը իր ողջ արխիվի հետ մեկտեղ Երևանի պետական թանգարանին (ներկայիս Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը) է հանձնել նշյալ վավերագիրը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Եղիշե Չարենցի գրականության և արվեստի թանգարանի պաշտոնական կայք
  2. «Ֆոնտենբլոյի պայմանագիր». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 16-ին.