Նայադներ (հին հունարեն՝ Νηϊάδες, Ναΐδες, Ναϊάδες), ջրերի նիմփաներ, ջրահարսներ։ Իր նայադն է ունեցել յուրաքանչյուր գետ, գետակ, աղբյուր և այլն, որի անունով էլ հաճախ անվանվել է այդ գետը, գետակը։ Նայադները պատկանում էին Զևսի, Պոսեյդոնի, Աֆրոդիտեի և այլ աստվածների շքախմբին։ Նրանք եղել են աստվածների դաստիարակներն ու կանայք։ Նայադները մեծարվում էին որպես մարդկանց, կենդանիների, բույսերի համար նպաստավոր ուժերը հովանավորողներ։ Նրանք հովանավորում էին ամուսնությունը։ Նրանց վերագրում էին գուշակության, արվեստների, բժշկության (հատկապես աղբյուրների նայադներին) իմացություն։ Նայադները առնչվում էին երգի և պոեզիայի հետ՝ ջրերի կարկաչը՝ որը ընկալվում էր որպես նայադի զրույց, ներշնչել է հին և նոր պոետներին։