Նագուշ Հարությունյան

քաղաքական գործիչ

Նագուշ Խաչատուրի Հարությունյան (նոյեմբերի 10 (23), 1912[1][2], Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[3][1][2] - հունվարի 18, 1993(1993-01-18)[2], Մոսկվա, Ռուսաստան[2]), հայ մեխանիկ, պետական-քաղաքական գործիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր (1949 թ.), պրոֆեսոր (1950 թ.), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1950 թ.), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1962 թ.)[5]։

Նագուշ Հարությունյան
Ծնվել էնոյեմբերի 10 (23), 1912[1][2]
Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[3][1][2]
Մահացել էհունվարի 18, 1993(1993-01-18)[2] (80 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան[2]
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Հայկական ԽՍՀ,  ԱԽՖՍՀ և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունմեքենագետ
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան[1], ՀԱՊՀ, ՀՀ ԳԱԱ, ՌԳԱ Մեխանիկայի հիմնախնդիրների ինստիտուտ և Moscow State Institute of Electronics and Mathematics?
Գործունեության ոլորտanalytical mechanics?
Պաշտոն(ներ)ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության փոխնախագահ
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ[1][2]
Ալմա մատերՎ. Կույբիշևի անվան ռազմաինժեներական ակադեմիա և Սանկտ Պետերբուրգի պետական պոլիտեխնիկական համալսարան
Կոչումակադեմիկոս[1][2] և պրոֆեսոր[2]
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր[2] (1950)
Տիրապետում է լեզուներինռուսերեն[4]
Եղել է գիտական ղեկավարՎլադիմիր Սարգսյան
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Կենսագրություն խմբագրել

Նագուշ Հարությունյանը ծնվել է Երևանում։ 1930 թվականին ընդունվել է Մոսկվայի Վ. Կույբիշևի անվան ռազմաճարտարագիտական ակադեմիա։ 1936 թվականին ավարտելով այն և ստանալով ճարտարագետ-հիդրոշինարարի որակավորում՝ աշխատանքի է անցել Սևան-Զանգուշին վարչությունում որպես ճարտարագետ՝ միաժամանակ դասավանդելով Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։

1937 թվականին ընդունվել է Լենինգրադի պոլիտեխնիկական ինստիտուտի ասպիրանտուրա։ 1941 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և մեկնել ռազմաճակատ։ 1945 թվականին զորացրվել է, վերադարձել Հայաստան և վերսկսել գիտամանկավարժական գործունեությունը։ 1949 թվականին ԽՍՀՄ ԳԱ մեխանիկայի ինստիտուտում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն։ 1950 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում, նույն թվականին ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս։

1952-1955 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար։ 1955 թվականին նշանակվել է ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի և տեխնիկայի ինստիտուտի սողքի և ամրության նորաստեղծ լաբորատորիայի վարիչ։ 1959 թվականին ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ փոխնախագահ։

1945-1951 թվականներին դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, 1951 թվականից ԵՊՀ-ում՝ լինելով տեսական մեխանիկայի ամբիոնի պրոֆեսոր, իսկ 1958-1978 թվականներին՝ առաձգականության և պլաստիկության տեսության նորաստեղծ (ներկայիս հոծ միջավայրի մեխանիկայի) ամբիոնի վարիչ։

 
Նագուշ Հարությունյանի հուշատախտակը Երևանում

1961 թվականին նշանակվել է ԵՊՀ ռեկտոր։ Նրա նախաձեռնությամբ ԵՊՀ-ում ստեղծվել են բջջաբանության ամբիոնը, ՀԽՍՀ ԳԱ և ԵՊՀ միացյալ հաշվողական կենտրոնը, ամրապնդվել ԵՊՀ գիտական և ուսումնական կապերը Մոսկվայի, Լենինգրադի պետական համալսարանների, ինչպես նաև ԽՍՀՄ և արտասահմանյան այլ առաջնակարգ բուհերի ու գիտական կենտրոնների հետ։

Հեղինակ է շուրջ 200 գիտական աշխատությունների և ութ հիմնարար մենագրության։ Նրա «Սողքի տեսության մի քանի հարցեր» (Մոսկվա, 1952) հիմնարար մենագրությունը թարգմանվել և հրատարակվել է Անգլիայում, Ֆրանսիայում, Չինաստանում, իսկ առանձին գլուխներ՝ նաև Գերմանիայում, Լեհաստանում, Ռումինիայում։

1962-1975 թվականներին եղել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ։

1975 թվականին տեղափոխվել է Մոսկվա և գլխավորել ԽՍՀՄ ԳԱ մեխանիկայի պրոբլեմային ինստիտուտի առաձգակամածուցիկ մարմինների մեխանիկայի բաժինը՝ զուգահեռաբար ղեկավարելով նաև ՀԽՍՀ ԳԱ մեխանիկայի ինստիտուտի առաձգակամածուցիկության տեսության բաժինը։

Ղեկավարել է բազմաթիվ գիտական աշխատանքներ, ստեղծել ուրույն գիտական դպրոց։ Երկար տարիներ եղել է ԽՍՀՄ տեսական և կիրառական մեխանիկայի գծով ազգային կոմիտեի նախագահության անդամ, «Հայկական ԽՍՀ ԳԱ տեղեկագիր, մեխանիկա» գիտական պարբերականի գլխավոր խմբագիր, «ԽՍՀՄ ԳԱ տեղեկագիր, պինդ մարմնի մեխանիկա» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ։ Բազմիցս ընտրվել է ՀԽՍՀ և ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր։

Պարգևատրվել է Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության, Հայրենական պատերազմի 1-ին, 2-րդ աստիճանի, «Կարմիր աստղ», Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։

Վախճանվել է Մոսկվայում[6]։

Երկեր խմբագրել

  • Некоторые вопросы теории ползучести, М.-Л., 1952.
  • Кручения упругых тел, М., 1963 (համահեղինակ).
  • Теория ползучести неоднородых тел, М., 1983 (համահեղինակ).
  • Механика растущих вязкоупругопластических тел, М., 1987 (համահեղինակ)[7].

Մամուլ խմբագրել

  • Հոդվածների մատենագիտություն[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
  3. 3,0 3,1 3,2 Арутюнян Нагуш Хачатурович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  5. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 29-ին.
  6. Կենսագրական բառարան, ԵՊՀ հրատարակչություն, 2009, էջ 34-35։
  7. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Նագուշ Հարությունյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 29-ին.
  8. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 321