Յակով Կապկով
Յակով Ֆեոդորովիչ Կապկով (ռուս.՝ Яков Фёдорович Капков, 1816[4] – 29 մարտի, 1854, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուս պատմական գեղանկարիչ, ժանրիստ և դիմանկարիչ։
Յակով Կապկով ռուս.՝ Яков Капков | |
---|---|
Ծնվել է | 1816[1][2][3] |
Վախճանվել է | մարտի 29, 1854 |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Գեղարվեստի կայսերական ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Yakov Kapkov Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Յակով Կապկովը ծնվել է 1816 թվականին իշխան Միխայիլ Վորոնցովի[5] ոչ հարուստ ճորտ կապալառուի ընտանիքում[6]։
Նկարչական նախնական կրթությունն ստացել է Ալեքսեյ Եգորովի ղեկավարությամբ նրա արվեստանոցում[5]։ Չնայած ծայրահեղ աղքատությանը՝ նա ձգտել է սովորել Գեղարվեստի կայսերական ակադեմիայում և այնտեղ ընդունվելու համար մի քանի նկարներ է ներկայացրել իր տիրոջը՝ իշխան Միխայիլ Վորոնցովին, և իրավունք խնդրել փրկագնով ազատություն ստանալ։ Իշխան Վորոնցովը, տեսնելով նրա տաղանդը, նրան ազատ է թողել առանց փրկագին պահանջելու (1832)։ Սակայն ապագա նկարիչը սկզբնական շրջանում վարել է շվայտ կյանք՝ ծախսելով փրկագնվելու համար հավաքված գումարը։ Հետագայում նա զղջացել է և հորը խնդրել իրեն ուղարկել ակադեմիա։ Հայրը չէր խրախուսում որդու ընտրությունը, սակայն խորթ մայրը, ընդհակառակը, խրախուսում էր գեղանկարչության հանդեպ նրա հակումը[6]։
Մեկնելով Սանկտ Պետերբուրգ՝ Յակով Կապկովն ընդունվում է Գեղարվեստի կայսերական ակադեմիա որպես Նկարիչների աջակցման միության կրթաթոշակառու։ Այնտեղ նա աշակերտում է Կարլ Բրյուլովին[5], ում ուշադրությանը նա արժանացել էր Գվիդո Ռենիի «Հրեշտակապետ Միքայել» նկարի կրկնօրինակի շնորհիվ[6]։
1842 թվականին «Ալքիբիադեսի մահը» նկարի համար Յակով Կապկովն արժանացել է փոքր ոսկե մեդալի, իսկ 1845 թվականին «Սիլոամի կնքավազան» ծրագրի կատարման համար ստացել է մեծ ոսկե մեդալ ու XIV աստիճանի դասային նկարչի կոչում[5]։
Դրանից հետո Յակով Կապկովը մեկնել է Իտալիա, սակայն 1849 թվականին քաղաքական իրավիճակի (1848-1849 թվականների եվրոպական հեղափոխություն) պատճառով ռուս այլ նկարիչների հետ ստիպված է եղել վերադառնալ հայրենիք։ 1850 թվականին գեղանկարչական ունակությունների կատարելագործման համար կրկին ուղարկվել է արտասահման, սակայն ոչ թե Արևելք, ինչպես միջնորդել էր ղեկավարությունը, այլ Արևմուտք՝ Հոլանդիա և Իսպանիա։
Դեռ Պապական մարզում գտնվելու ընթացքում Յակով Կապկովը տարվել էր մինչռաֆայելյան դարաշրջանի գեղանկարչությամբ և երազում էր Ռուսաստանում վերստեղծել Մազաչչոյի, Բեատո Անջելիկոյի ու այդ դարաշրջանի մյուս գեղանկարիչների ոճը, այդ պատճառով էլ նորից ձգտում էր մեկնել Իտալիա։ Սակայն մահանում է նրա քույրը, ով պահում էր խորթ մորը, և Կապկովն ստիպված է լինում վերադառնալ Պետերբուրգ, այստեղ նա իր վերջին գումարով խորթ մոր համար գնում է ոչ մեծ տուն և հրաժարվում ուղևորությունից։ Հետագա կյանքը նա անցկացրել է Ռուսական կայսրության մայրաքաղաքում[5], որտեղ էլ մահացել է 1854 թվականի մարտի 29-ին[6]։
Ըստ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարանի՝ Յակով Կապկովի աշխատանքներից լավագույններն են, բացի վերոնշյալներից, նաև «Տատյանան կարդում է Օնեգինին ուղղված իր նամակը» (ռուս.՝ «Татьяна, читающая своё письмо к Онегину»), «Մարիա և Զարեմա» и «Այրին» (ռուս.՝ «Вдовушка») նկարները[5]։ Նա ստեղծել է նաև մի շարք դիմանկարներ, որոնցից են Պրոֆեսոր Կուտորգիի, Չերտկով ընտանիքի, Ռեզանովայի ու Բենուայի և այլ դիմանկարներ[6]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Athenaeum
- ↑ RKDartists (նիդերլ.)
- ↑ Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ Капков // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 H. C. Капков, Яков Федорович // Русский биографический словарь : в 25 томах. — СПб.—М., 1896—1918.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Сомов А. А. Капков, Яков Федорович // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
Գրականություն խմբագրել
- H. C. Капков, Яков Федорович // Русский биографический словарь ։ в 25 томах. — СПб.—М., 1896—1918.
- Сомов А. А. Капков, Яков Федорович // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона ։ в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յակով Կապկով» հոդվածին։ |