Մուշեղ Վահևունի (ծննդյան և մահվան թվականներն անհայտ – 9-րդ դար), իշխան Արմինիա կուսակալությունում, Արծրունիների գահերեց իշխանության ենթականության տակ, Վահևունյաց տանուտեր, եղել է Աշոտ Արծրունու ազատներից։ Մուշեղ Վահևունին Վահևունիների իշխանական տոհմից էր։ Մասնակցել է Բուղայի դեմ Աշոտ Աբուլաբբաս Արծրունու ապստամբությանը։

Մուշեղ Վահևունի
Վահևունյաց տանուտեր իշխան
9-րդ դար
 
Ազգություն Հայ
Դավանանք Քրիստոնեություն
Դինաստիա Վահևունիներ

Բուղայի արշավանքները խմբագրել

Երբ Բուղան 852 թվականին շարժվում է Աշոտ Արծրունու հետևից, Աշոտ Արծրունին ընտանյոք հանդերձ ամփոփվում է Թոռնավան գավառի Նկան բերդում, որը Վանա լճից հյուսիս-արևելք էր։ Նրա հետ էին նաև իր ազատները՝ Մուշեղ Վահևունին, որն ուներ տանուտերական պատիվ, Վահրամ սեպուհը՝ իշխանի թիկնապահը, Վահրամ Տրունին, Հասանը և այլ պաշտոնավոր սեպուհներ։ Մուշեղ Վահևունին Աշոտ Արծրունու օգնականն էր Նկան բերդում։ Երբ արաբական բանակը իմանում է, որ Աշոտ Արծրունին ամրացել է Նկան ամրոցում, իսկույն շրջապատում է ամրոցը։ Բուղան իր հիմնական զորաբանակն ուղարկում է Ղոկորվարտ ավան, որոնք իրենց հետ ունեին գերիների բազմություն։ Որոշ ժամանակ անց, մարտի պատրաստելով իր զորքերին, Բուղան որոշեց գրավել ամրոցը։ Աշոտ Արծրունին վստահ էր, որ ամրոցում պաշարված ազատներն ու զորքը համախոհ են ու գործակից են իր հետ։ Սակայն շուտով նրանց միաբանությունը պառակտվում է և որոշ ազատները մտադրվում են գնալ Բուղայի մոտ և խնդրել խաղաղություն։ Այս ամենն իմանալով Աշոտ Արծրունին ստիպված է լինում ինքն անձամբ գնալ Բուղայի մոտ[1][2]։ Բուղան իսկույն կապանքների մեջ է պահում իշխան Աշոտ Արծրունուն ու նախարարներին՝ յուրաքանչյուրին ընտանյոք հանդերձ ու կազմում զինվորների զորագունդ և այրուձի, որոնք Աշոտ Արծրունուն ու նրա որդի Գրիգորին, Վահան Արծրունուն և նրա որդի Գագիկ Ապումրվանին, Վահանի եղբայր Մուշեղին, Հրանույշ տիկնոջը և ազատատոհմիկներից ուրիշների, կապում նստեցնում է ուղտերի և ճանապարհում դեպի Սամարա։ Բուղան նրանց ուղարկում է Պարսկաստանի կողմերով՝ Ատրպատականով, քանի որ կասկածում էր, որ Գուրգեն Արծրունին կամ որևէ մեկը Արծրունյաց տոհմից և նրանց ազատներից, վրա կհասնի ու կազատի իր գերյալներին[3][4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Պատմություն Արծրունյաց Տան», Թովմա Արծրունի, 1985, Երևան, Գլուխ Բ
  2. «Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», հատոր 1, էջ 721-723
  3. «Պատմություն Արծրունյաց Տան», Թովմա Արծրունի, 1985, Երևան, Գլուխ Գ
  4. «Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», հատոր 1, էջ 723

Աղբյուրներ խմբագրել

  • «Պատմություն Արծրունյաց Տան», Թովմա Արծրունի, 1985, Երևան, Գլուխ Բ, Գբ
  • «Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», հատոր 1, էջ 721-723, 875
  • «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Հատոր 3, Ցուցակ 1, Էջ 461