Մուշեղ Մելքոնի (Մելիքի) Պողոսյան (1908 - 1976), գյուղատնտեսական արտադրության հայ խորհրդային կազմակերպիչ և առաջավոր, Սոցիալիստական աշխատանքի հերոս (1950)[1]։

Մուշեղ Պողոսյան
Ծնվել է1908
Մահացել է1976
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան և Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան

Կենսագրություն խմբագրել

Մուշեղ Պողոսյանը ծնվել է 1908 թվականին Արևմտյան Հայաստանի Բուլանիկի շրջանի Գարաբաշար գյուղում, աղքատ գյուղացու ընտանիքում[2]։ 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ Պողոսյանների ընտանիքը ներգաղթել է Ռուսական կայսրության Երևանի նահանգի տարածք։ Վաղ տարիքում կորցնելով ծնողներին՝ 1919 թվականից Մուշեղը զբաղվել է հողագործությամբ՝ սկզբում Եղվարդ գյուղում (այժմ՝ ՀՀ Կոտայքի մարզ)[2], ապա՝ Հոկտեմբեր գյուղում (այժմ՝ գյուղ Սարդարապատ Արմավիրի մարզ)[3]։

1928 թվականին Մուշեղ Պողոսյանն առաջիններից էր, որ աշխատանքի է անցել Հոկտեմբեր գյուղում ստեղծված կոլտնտեսությունում[3]։ 1930-1933 թվականներին կրթություն է ստացել Երևանի պետական համալսարանի բանվորական ֆակուլտետում[2]։ Ուսման ընթացքում 1931 թվականին ընդունվել է ՀամԿ (բ)Կ / ԽՄԿԿ շարքերը։ 1933 թվականից զբաղեցրել է Հայաստանի Կոմերիտմիության Հոկտեմբերյանի շրջկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչի պաշտոնը։ Որոշ ժամանակ անց նշանակվել է Հայկական ԽՍՀ Հոկտեմբերյանի շրջանի Նորապատ գյուղի Ստալինի անվան կոլտնտեսության ագրոտեխնիկ և կուսակցական կազմակերպության քարտուղար[2]։ 1935 թվականին նշանակվել է Հայաստանի կոմկուսի Հոկտեմբերյանի շրջկոմի հրահանգիչ, իսկ 1937 թվականին ընտրվել է Ստալինի կոլտնտեսության վարչության նախագահ, պաշտոնավարել է մինչև 1939 թվականը։ Դրանից հետո կրկին աշխատել է ՀԿԿ Հոկտեմբերյանի շրջկոմի ապարատում, որպես կազմակերպչական հրահանգչական բաժնի վարիչ[4]։

Հայրենական մեծ պատերազմի սկսվելուց հետո 1941 թվականի սեպտեմբերին Մուշեղ Պողոսյանը զորակոչվել է Բանվորագյուղացիական կարմիր բանակ։ Անդրկովկասյան և Հյուսիսկովկասյան ռազմաճակատներում ծառայել է որպես վաշտի քաղղեկ և գումարտակի կոմիսար[2]։ Մարտերում ցուցաբերած արիության և հրամանատարության առաջադրանքները ժամանակին կատարելու համար Պողոսյանը պարգևատրվել է մարտական մեդալներով[4]։

Զորացրվելուց հետո Մուշեղ Պողոսյանը վերադառնում է Նորապատ գյուղ, իսկ 1947 թվականին կրկին ընտրվում Ստալինի կոլտնտեսության նախագահ[2]։ Այդ պաշտոնում նա հատուկ ուշադրություն է դարձրել բամբակի մշակությանը[4]։ Նրա գլխավորությամբ ստեղծվել է այս տեսակի մշակաբույսերի ոռոգման համակարգ, արդյունավետ պայքար է կազմակերպվել դրա հիվանդությունների դեմ։ Արդյունքում, կոլտնտեսությունը մեծ արդյունքների է հասել բերքատվության բարձրացման ուղղությամբ, մինչև 1949 թվականը կոլտնտեսությունը ստացել է ռեկորդային բերք՝ 40,7 ցենտներ բամբակ մեկ հեկտարից, մշակվող 54 հա ընդհանուր տարածքից[5]։

ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1950 թվականի հունիսի 14-ի հրամանագրով ոռոգելի հողերից բամբակի բարձր բերք ստանալու, կոլտնտեսության կողմից արտադրվող գյուղատնտեսական մթերքների պարտադիր մատակարարումների սահմանված առաջադրանքները կատարելու, 1950 թվականի գարնանացանի կարիքների չափով բոլոր մշակաբույսերը սերմացուով ապահովելու համար 1950 թվականին Մուշեղ Պողոսյանին շնորհվել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում՝ նրան հանձնելով Լենինի շքանշան և Մուրճ ու մանգաղ ոսկե մեդալ[6]։

1950-1952 թվականներին Մուշեղ Պողոսյանը բարձրագույն գյուղատնտեսական կրթություն է ստացել Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում և աշխատել է Հոկտեմբերյանի կաթի գործարանի տնօրեն, ապա՝ Հայկական ԽՍՀ Հոկտեմբերյանի շրջանի Մթերման գրասենյակի կառավարիչ[2], 1952 թվականից մինչև 1955 թվականի փետրվարը եղել է Մրգաշատ (Հոկտեմբերյանի շրջան) գյուղի կոլտնտեսության նախագահ, իսկ 1955 թվականի փետրվարից երրորդ անգամ դարձել է Նորապատ գյուղի Ստալինի անվան կոլտնտեսության նախագահ։ Հետագա տարիներին նրա ղեկավարած կոլտնտեսությունում ավելացել է անասնագլխաքանակը, բարելավվել է դրանց խնամքի որակը, ինչի արդյունքում բարձրացել է անասնաբուծության մթերատվությունը[5]։ Ութերորդ հնգամյակի արդյունքներով Պողոսյանը պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով։

Մուշեղ Պողոսյանը զբաղվել է նաև ակտիվ հասարակական գործունեությամբ։ Եղել է ՀԿԿ Հոկտեմբերյանի շրջկոմի անդամ, ընտրվել է Հոկտեմբերյանի շրջխորհրդի և Հոկտեմբերյանի քաղխորհրդի պատգամավոր[5][2]։

Մուշեղ Մելքոնի Պողոսյանը մահացել է 1976 թվականի մարտին[2]։

Պարգևներ խմբագրել

  • Սոցիալիստական աշխատանքի հերոս (ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1950 թվականի հունիսի 14-ի հրամանագիր, Լենինի շքանշան և Մուրճ և մանգաղ մեդալ)՝ ոռոգելի հողերից բամբակի բարձր բերք ստանալու, կոլտնտեսության կողմից արտադրվող գյուղատնտեսական մթերքների պարտադիր մատակարարումների սահմանված առաջադրանքները կատարելու, 1950 թվականի գարնանացանի կարիքների չափով բոլոր մշակաբույսերը սերմացուով ապահովելու համար[6]։
  • Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան (8.04.1971)[6]։

Գրականություն խմբագրել

  • Саакян В. М., Геворкян В. А. Погосян Мушег Меликович // Герои Социалистического Труда Армении = Հայաստանի սոցիալիստական աշխատանքի հերոսները. — Ер.: Айпетрат, 1960. — С. 127—129. — 325 с.
  • М. М. Погосян (некролог) = Մ. Մ. Պողոսյան // Советакан Айастан. — 1976. — № 67 (16783). — С. 4.

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  •   Мушег Мелконович Погосян «Երկրի հերոսներ» կայքում
  • «Погосян Мушег Мелконович». Российский государственный архив кинофотодокументов. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 23-ին.