Մույթ, հարթ ծածկեր, կամարներ, թաղեր կրող կառուցվածքային տարր՝ մեծ հատվածքի սյուն։ Ճարտարապետական հնագույն հուշարձաններում մույթը եղել է միակտոր քարից կամ քարե մեծ կտորներով շարված (Եգիպտոս)։ Միջագետքում մույթը կազմվել է աղյուսաշար, իրար կցված չորս քառանկյունի սյուներից, Հունաստանում տարածում չի ունեցել, Հին Հռոմում մշակվել են տարբեր ձևերի մույթեր և կիրառվել որպես հիմնական կրող տարր։

Իդֆուի տաճարը
Իդֆուի տաճարի բակը
Տեկորի տաճարը 1840-ական թթ.

Մույթերի գլխավոր տիպերը՝ ուղղանկյուն, եռաթև, խաչաձև կտրվածքներով առկա են հայ ճարտարապետությունում սկսած վաղ քրիստոնեության շրջանից։ Եռաթև մույթեր ունեն Քասախի, Եղվարդի, Աշտարակի Ծիրանավորի (IV–V դդ․) բազիլիկները, խաչաձև մույթեր (վաղագույն օրինակները Հին Հռոմից հետո Հայաստանում են)՝ Աղցի եռանավ բազիլիկը (IV դար, V դարից ոչ ուշ ուղղանկյուն մույթերը վերակառուցվել են խաչաձևի), Էջմիածնի (483-ի վերակառուցումից հետո, ըստ Ա․ Խաչատրյանի արդեն IV դ․ սկզբից) և Տեկորի (IV–V դդ․) տաճարները, Երերույքի բազիլիկը (IV–V դդ․)։ Հետագա զարգացումը Անիի Մայր տաճարի (989–1001, ճարտարապետ Տրդատ) տասներկու կամար կրող սյունախրձերով մշակված, փնջաձև մույթերն էին, որոնք ավելի ուշ համարվել են գոթական ճարտարապետության բնորոշ առանձնահատկություններից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 79