Մշակութային զբոսաշրջություն

Մշակութային զբոսաշրջություն կամ մշակութային տուրիզմ, զբոսաշրջության մի բաժին, որը վերաբերում է այն զբոսաշրջիկներին, որոնք հետաքրքրվում են այլ երկրների կամ շրջանների մշակույթով, տեղացի մարդկանց կենսակերպով, պատմությամբ, կրոնով, ճարտարապետությամբ, արվեստով և նրանց կյանքը կազմող այլ բնագավառներով։

Մշակութային տուրիզմը ընդգրկում է ճանապարհորդություններ դեպի քաղաքային վայրեր, մասնավորապես պատմական և մեծ քաղաքներ և մշակութային նշանակություն ունեցող կառույցներ, ինչպիսիք են օրինակ թանգարանները և թատրոնները։ Այն կարող է նաև ներառել զբոսաշրջությունը գյուղական վայրերում, որը ներկայացնում է բնիկ ցեղերի սովորույթները, կենսակերպը, ծեսերն ու ավանդույթները։

Համարվում է, որ մշակութային զբոսաշրջիկները ավելի շատ գումար են ծախսում քան սովորական զբոսաշրջիկները։ Մշակութային զբոսաշրջությունը գնալով դառնում է ավելի հայտնի և տարածված ամբողջ աշխարհում։ Բացի այդ այն կարևոր դեր է խաղում այցելվող վայրերի զարգացման և հարստացման գործում։

Բեյրութ, Լիբանան

Մշակութային տուրիզմը սահմանվում է որպես անհատների տեղաշարժը իրենց մշտական բնակության վայրից դեպի մշակութային կենտրոններ նոր ինֆորմացիա և փորձ ձեռք բերելու ինչպես նաև մշակութային կարիքները բավարարելու նպատակով։ Մշակութային կարիքներ ասելով հասկանում ենք անհատի սեփական մշակութային ինքնության ամրապնդումը այլ մշակույթներ ուսումնասիրելու միջոցով[1]։

Մշակութային տուրիզմը ունի երկար պատմություն։ Այն երբեմն համարում են զբոսաշրջության նախնական տարբերակը։ Այն նաև զարգացման մեծ հեռանկարներ ունի ապագայում։ Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպությունը հաշվարկել է, որ ընդհանուր զբոսաշրջության մոտ 37 %-ը կազմում է մշակութային տուրիզմը, և հետագայում այն տարեցտարի աճելու է ևս 15%-ով։ Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Եվրոպացիները արտասահմանում այցելում են նույնքան թանգարաններ, որքան իրենց հայրենիքում։ Սա ցույց է տալիս մշակութային զբոսաշրջության զարգացման կարևորությունը[2]։

Նպատակակետեր խմբագրել

 

Մշակութային զբոսաշրջության նպատակակետերի մի տեսակ են բնակավայրերը։ Այլ երկրներ այցելելը նոր մշակույթներ ուսումնասիրելու մեծ հնարավորություն է։ Ուրիշ նպատակակետեր են պատմական նշանակություն ունեցող վայրերը, ժամանակակից քաղաքային վայրերը, որևէ քաղաքի էթնիկ խմբերը, թեմատիկ այգիները և բնական էկոհամակարգերը։ Մշակութային կենտրոնները և իրադարձությունները մեծ թվով զբոսաշրջիկներ են գրավում[3]։ Մշակութային զբոսաշրջությունը լավ հասկանալու համար անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ է մշակույթը, տուրիզմը, մշակութային տնտեսությունը և այլն։

Առանցքային սկզբունքներ խմբագրել

Նպատակակետի որոշումը խմբագրել

 

Քանի ներկայումս ծագել է համաշխարհայնացման խնդիրը, աշխարհում գոյություն ունեցող տարբեր մշակութային հանրությունները պահպանելը դառնում է բավականին դժվար։ Նպատակակետ կազմող ցանկացած անհատի գլխավոր նպատակն է ցեղային համայնքներում զարգացնել տնտեսությունը՝ վերջինիս հնարավորինս քիչ վնաս պատճառելով։ Երբ զբոսաշրջիկները այցելում են որևէ վայր՝ ուսումնասիրելու համար դրա մշակույթը, տվյալ վայրին բավականին շատ վնասներ են հասցնում, քանի որ տեղացիները, տեսնելով և ընդօրինակելով եկվորների մշակույթը, կորցնում են իրենց ինքնությունը։

Կազմակերպման խնդիրները խմբագրել

Նպատակակետ որոշելիս պետք է հաշվի առնել այն փաստը, որ սպասելիքները, կարիքները և զբոսաշրջությունից սպասվող օգուտները տարբեր են՝ կախված այցելության վայրից։ Տարբեր վայրերում հնարավոր չէ զարգացնել և իրականացնել միևնույն տեսակի զբոսաշրջությունը, քանի որ տարբեր նպատակակետեր տարբեր հնարավորություններ ունեն, և անհրաժեշտ է զարգացնել զբոսաշրջության այն ճյուղը, որից կստացվի առավելագույն օգուտը։

Նպատակակետի որոշման ռեսուրսները խմբագրել

Ճանապարհորդությունը կազմակերպող զբոսավարները խմբագրել

Ճանապարհորդություն կազմելիս պետք է հաշվի առնել մշակույթ եզրույթի տարբեր նշանակությունները, քանի որ վերջինս բավականին սուբյեկտիվ է։ Զբոսաշրջիկների հետաքրքրությունների բավարարումը՝ բնապատկերներ տեսնելը, արվեստի, մշակույթի, սովորույթների ուսումնասիրությունը, կարևոր է մշակութային նպատակակետի զարգացման համար[4]։

Տեղական համայնքը, զբոսաշրջիկները, նպատակակետը և կայուն զբոսաշրջությունը

Չնայած զբոսաշրջիկների հետաքրքրությունները և պահանջները առաջնային են, անհրաժեշտ է մտածել նպատակակետի բնակիչների ենթահամակարգերի մասին։ Անհրաժեշտ է պակասեցնել նպատակակետի զարգացման վրա դրված ճնշումը, քանի որ ինչքան այն զարգանում է այնքան կորցնում է իր յուրահատկությունները, և նվազում է տվյալ նպատակակետի հանդեպ հետաքրքրությունը։

Տեղեկատվության աղբյուրը խմբագրել

Կազմակերպչի աշխատանքի խնդիրն է հեշտացնել նախագծման պրոցեսը։ Տուր կազմելու համար անհրաժեշտ ինֆորմացիան կարելի է ձեռք բերել հետևյալ աղբյուրներից․

  1. Առանցքային տեղեկատուների հետ հարցազրույցներ
  2. Գրադարաններ, համացանց և հարցումներ
  3. Ստատիստիկ տվյալներ
  4. Տարածաշրջանային հետազոտություն

Լուսաբանում։ Կենտրոնական Ասիայի և Հիմալայների լեռնային շրջաններ խմբագրել

Զբոսաշրջությունը սկսել է տարածվել հնում մեկուսացված բայց հիանալի Կենտրոնական Ասիայի, Հինդուկուշի և Հիմալայների լեռնային շրջաններում։ Երկար տարիներ զբոսաշրջիկների տեսադաշտից հեռու լինելով՝ այս շրջանները ներկայումս գրավում են մեծ թվով զբոսաշրջիկների՝ շնորհիվ իրենց յուրահատուկ մշակույթի և բնական գեղեցկության։ Ինչևէ, չնայած զբոսաշրջիկների այս մեծ ներհոսքը տնտեսական և աշխատանքային նոր հնարավորություններ է բերում տեղական բնակչությանը, այն նաև մեծ մարտահրավեր է նետում այդ ռեսուրսների և հնարավորությունների հավասարաչափ բաշխմանը։

Ի պատասխան այս մտահոգության՝ Նորվեգիայի կառավարությունը և ՅՈՒՆԵՍԿՈն մշակել են Կենտրոնական Ասիայի և Հիմալայների լեռնային շրջանների մշակութային և էկոտուրիզմի զարգացման ծրագրեր։ Դրանց նպատակն է կապ հաստատել և համագործակցել տեղի բնակչության, ազգային և միջազգային հասարակական կազմակերպությունների և տուրիստական գործակալությունների հետ, որը կօգնի տեղական բնակչությանը ներգրավել տարբեր ծրագրերում և թափուր աշխատատեղեր ստեղծել նրանց համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Richards, G. (1996) Cultural Tourism in Europe. CABI, Wallingford. Available to download from www.tram-research.com/atlas
  2. OECD (2009) The Impact of Culture on Tourism. OECD, Paris
  3. Borowiecki, K.J. and C. Castiglione (2014). Cultural participation and tourism flows: An empirical investigation of Italian provinces. Tourism Economics, 20(2): 241-62.
  4. William D. Chalmers (2011), On the Origin of the Species Homo Touristicus : The Evolution of Travel from Greek Spas to Space Tourism, iUniverse, p. 291