Մյոդլինգ[3] (գերմ.՝ Mödling), քաղաք Ավստրիայում, նույնանուն շրջանի վարչական կենտրոնը Ստորին Ավստրիա դաշնային երկրամասում[4]։ Ընկած է այդ երկրամասի արդյունաբերական գոտում՝ երկրի մայրաքաղաք Վիեննայի անմիջական հարևանությամբ (սահմանակցում է հարավից` կենտրոնից գտնվելով շուրջ 15 կիլոմետր հեռավորության վրա)։ Զբաղեցնում է 10,04 քառակուսի կիլոմետր տարածք։ 2018 թվականիհունվարի 1-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 20 555 (2014-ին՝ 20 495[5]): Քաղաքը առաջին հերթին հայտնի է նրանով, որ այստեղ է գտնվում Եվրոպայի առևտրային ամենաընդարձակ կենտրոններից մեկը՝ Shopping City Süd-ը (SCS):
Ժամանակի ընթացքում բնակավայրի անվանումը փոփոխությունների է ենթարկվել, եղել է medilihha (903 թ.), Medelikch, Medling և, վերջապես, Mödling: Վարկածներից մեկի համաձայն՝ անվանման արմատը սլավոնական է, որի հիման վրա ենթադրվում է, որ բնակավայրը հիմնադրվել է ավարական ժամանակաշրջանից ոչ ուշ՝ առաջին հազարամյակի երկրորդ կեսին[6], մոտավորապես 800 թվականին[7]։ Անվանումը նշանակել է «սահմանային գետակ»[6], կամ «դանդաղ, հանդարտ հոսող ջուր»[8] (հմմտ. ռուսերեն «медленный»):