Մկրտիչ Սանասարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սանասարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մկրտիչ Սարգսի Սանասարյան (ապրիլի 10, 1818, Թիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 19, 1889, Փարիզ), հայ մեծահարուստ, բարերար։
Մկրտիչ Սանասարյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 10, 1818 |
Ծննդավայր | Թիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մայիսի 19, 1889 (71 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ |
Գերեզման | Թիֆլիս |
Կրթություն | Ներսիսյան դպրոց |
Կենսագրություն խմբագրել
Մկրտիչ Սանասարյանի պապը եղել է մեծահարուստ ազնվական Գևորգ Արծրունին, ով 1813 թվականին Վանից տեղափոխվել է Թիֆլիս։ Գևորգը ունեցել է երկու զավակ՝ Մարիամը, ով Մկրտիչ Սանասարյանի մայրն է, ու Երեմիա, ով հայրն է մեծ հրապարակախոս Գրիգոր Արծրունու[1]։
Սովորել է Ներսիսյան դպրոցում, որի հիմնադիրներից է եղել իր պապը[1]։ 1835-1845 թվականներին ծառայել է ռուսական բանակում՝մասնակցել ռուս-թուրքական, ռուս-պարսկական պատերազմներին` արժանանլով Սբ.Գևորգի շքանշանին։ 1849 թվականից աշխատել է Պետերբուրգի "Կովկաս և Մերկուրիոս" շոգենավային ընկերությունում, 1864 թվականին ընտրվել ընկերության տնօրենների խորհրդի անդամ։ Կովկասի և Պարսկաստանի միջև Վոլգա գետով և Կասպից ծովով կազմակերպել է շոգենավային հաղորդակցություն։
Սանասարյանը տաղանդավոր տնտեսագետ էր, ընկերությանը մատուցած ազնիվ և բանիմաց ծառայության համար վարչական խորհուրդը իր նավերից մեկն անվանեց "Նիկիտա Սանասարով"։ Իսկ Պարսից շահը ռուս-պարսկական առևտրական բարգավաճման համար նրան շնորհեց "Շիր ի Խուրշիդ"՝ Արև և Առյուծ բարձրագույն շքանշանին։ Մեծահարուստ հայի համար ճակատագրական դեր ունեցավ Կարապետ Եզյանի հետ հանդիպումը։ Հանդիպման շնորհիվ է,որ Մկրտիչ Սանասարյանը ուշադրություն սկսեց դարձնել անմիջականորեն իր ազգին վերաբերվող խնդիրների վրա։ Սանասարյանը սկսում է օժանդակել Կովկասի հայ ուսանողներին` կրթաթոշակ տրամադրելով, ոմանց էլ կրթությունը շարունակելու համար արտասահման ուղարկելով։ Վանում տեղի "Սանդախտյան ընկերության" հետ հիմնում է բարձրակարգ իգական վարժարան։ Ի պատիվ սրա՝ վարժարանը Սանասարյանի մոր անունով կոչվում է Սանդխտյան Մարիամյան վարժարան։ Հիմնադրած վարժարաններից հատկապես առանձնանում է Կարինի՝ Էրզրումի Սանասարյան վարժարանը, որը հիմնադրվեց նրա միջոցներով և Կարապետ Եզյանի ջանքերով։ Մկրտիչ Սանասարյանը վախճանվել է 1890 թվականին անզավակ` իր ողջ հարստությունը կտակելով Հայոց դպրոցներին, իսկ Սանասարյան վարժարանին՝ նաև իր մատենադարանը, ալբոմները, նկարների հավաքածուն, տպագրական պարագաները։ Նա մեռավ անզավակ՝ Սանասարյան դպրոցի 840 սաներին համարելով իր զավակները։ Թաղվել է Թիֆլիսի հայոց Մայր եկեղեցու բակում։
Բարեգործություն խմբագրել
Սանասարյանի տրամադրած միջոցներով 1881 թ. բացվել է Կարինի Սանասարյան վարժարանը, վերաշինվել Վանի Սանդխտյան վարժարանը (մոր անունով կոչվել է Մարիամյան)։ Դպրոցին կից բացվեց իգական վարժարան։ Դպրոցներ բացեց Վանի գավառի Խառակոնիս,Նուխիի գավառի Նիժ և Վարդաշեն գյուղերում։ Նյութապես աջակցել է Գևորգյան ճեմարանին, բարեգործական տարբեր կազմակերպությունների, մշակութային հաստատությունների։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 «ԳԵՐՄԱՆԻՈՅ ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ.- ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆԻ ԱՐԾՐՈՒՆԵԱՑ ՊԱՅԾԱՌԱՆՈՒՆ ՏՈՀՄԻ ՇԱՌԱՒԻՂԸ՝ ՀՐԱՊԱՐԱԿԱԳԻՐ ԳՐԻԳՈՐ ԱՐԾՐՈՒՆԻ (1845 – 1892) | Hairenik Weekly Newspaper». hairenikweekly.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 30-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 175)։ |