Միրզա Յուսուֆ Ներսեսով (ի ծնե՝ Հովսեփ Ներսիսյանց, ռուս.՝ Мирза Юсиф Нерсесов), հայ պատմաբան, թարգմանիչ և գրող, «Ճշմարտացի պատմություն» (պարսկերեն՝ «Թարիխ-ի Սաֆի») աշխատության հեղինակ։

Միրզա Յուսուֆ Ներսեսով
ադրբ.՝ Mirzə Yusif Qarabaği
Ծնվել է1798(1798)
ԾննդավայրՀադրութ, Ղարաբաղի խանություն
Մահացել է1864(1864)
Մահվան վայրՇուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական Կայսրություն
Ազգությունհայ
Մասնագիտությունգիտնական

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1798 թվականին, Հադրութում՝ դարբնի ընտանիքում։ 1804-1813 թվականների ռուս-պարսկական պատերազմի ժամանակ Հադրութի ազնվական ընտանիքներից մի քանի դեռահասների հետ միասին ղաջարական զորքերի կողմից տարվել է Պարսկաստան[1]։ Այնտեղ ընդունել է մահմեդականություն, ստացել Յուսուֆ անունը և ուղարկվել Թավրիզ՝ ուսման նպատակով։ Սովորել է պարսկերեն և արաբերեն, ստացել «միրզայի» պատվական տիտղոսը և նշանակվել Ղարադաղի տիրակալ Ամիր խան Դավալու-Ղաջարի քարտուղար (վերջինս հետագայում սպանվել է 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմում)[2]։ Թավրիզում ամուսնացել է ադրբեջանուհու հետ։

Ռուս-պարսկական պատերազմի ավարտից հետո վերադարձել է Արցախ, Շուշիում պարսկերեն է դասավանդել։ Վերադարձել է քրիստնյա հավատքի և մկրտվել Արցախի թեմի առաջնորդ Բաղդասար արքեպիսկոպոս Հասան-Ջալալյանի կողմից[1][2]։ Բաժանվել է ադրբեջանցի կնոջից և ամուսնացել Շողակաթ անվամբ արցախցի մի հայուհու հետ։ Սկզբում Միրզա Յուսիֆը գրում էր «Ագարսկի» կեղծանվան տակ, իսկ ավելի ուշ շրջանում ստորագրել է «Ղարաբաղի», իսկ ռուսերեն՝ «Շուշինսկի» անուններով։

Դաղստանում Գրիգոլ Օրբելիանիի ծառայության մեջ է անցել իբրև թարգմանիչ, վերջինիս համար արաբերեն նամակագրություն է վարել իմամ Շամիլի և կովկասյան այլ առաջնորդների հետ։ 1856 թվականին ավարտել է իր «Վագիֆի և իր մյուս ժամանակակիցների բանաստեղծությունների ժողովածու» գիրքը, որը բաղկացած էր Մոլլա Փանահ Վագիֆի, Գասիմ բեյ Զաքիրի և Արցախի այլ բանաստեղծների քերթվածքներից[3]։ Միաժամանակ պատրաստել է «Դերբենդի պատմություն» («Դերբենդ-նամահ») երկը ռուսական բանանի սպա՝ ոմն Հակոբ Լազարյանցի պատվերով[2]։ Դաղստանում երեք տարվա ծառայությունից հետո Միրզա Յուսիֆը վերադարձել է Շուշի, որտեղ և մահացել է 1864 թվականին։

Միրզա Յուսուֆի ամենահայտնի աշխատությունն է «Ճշմարտացի պատմությունը» («Թարիխ-ի Սաֆի»), որը նա ավարտել է 1855 թվականին։ Միայն մեկ ձեռագրով մեզ հասած այս գիրքը հիմնականում անդրադառնում է Արցախի պատմությանը, Արցախի մելիքություններին և Կովկասում ռուսական տիրապետության հաստատմանը։ Այս գիրքը պարսկերենից ադրբեջաներեն է թարգմանվել 1991 թվականին[4], իսկ հայերեն՝ 2000 թվականին[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Seyidzadeh, A.A. (1942). «Mirza Yusuf Nersesov (Shushinski)». News of the Azerbaijan Branch of the USSR Academy of Sciences (ռուսերեն) (9): 12.
  2. 2,0 2,1 2,2 Կոստիկյան, Քրիստինե (2017). ՑՈՒՑԱԿ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՊԱՐՍԿԵՐԵՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ (PDF). Երևան. էջ 8.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. Brands, H. W. (2012 թ․ ապրիլի 24). «Ḏh̲ākir». Encyclopaedia of Islam, Second Edition (անգլերեն).
  4. Axundov, Nazim, ed. (2006). Qarabağnamälär. Bakı: Şärq-Qärb. ISBN 9952-34-068-0. OCLC 417606151.
  5. Ներսեսով, Միրզա Յուսուֆ; Կոստիկյան, Ք․ Պ․ (2000). Ճշմարտացի պատմություն. Երևան: Զանգակ-97. ISBN 978-99930-2-137-7. OCLC 48851546.

Արտաքին հղումներ խմբագրել