Միջատաբանություն (էնտոմոլոգիա), գիտություն միջատների մասին, կենդանաբանության բաժին։ Սկզբնական շրջանում միջատաբանությունն ուսումնասիրել է բոլոր հոդվածոտանիներին, սակայն հետագայում սահմանափակվել է միջատների դասով։ Ժամանակակից միջատաբանությունը համալիր գիտություն է, որն ուսումնասիրում է միջատների կառուցվածքը և կենսագործունեությունը, անհատական և պատմական զարգացումը, ձևերի բազմազանությունը, աշխարհագրական տարածվածությունը, կապը միջավայրի հետ և այլն։
Միջատաբանությունը բաժանվում է 2 բաժնի.

  • ընդհանուր կամ տեսական միջատաբանություն
  • կիրառական միջատաբանություն։

Ընդհանուր միջատաբանությունն ընդգրկում է միջատների մորֆոլոգիան, անատոմիան, բջջաբանությունը, սաղմնաբանությունը, հնէաբանությունը, կարգաբանությունը և այլն։ Կիրառական միջատաբանությունը ուսումնասիրում է գյուղատնտեսական բույսերի և մթերքների վնասատուներին, մարդու, կենդանիների և բույսերի հիվանդություններ փոխանցողներին, մակաբույծներին, ինչպես նաև օգտակար (մեղու, շերամ, բույսերը փոշոտողներ, հող առաջացնողներ և այլն)։

Պատմական զարգացումը խմբագրել

Միջատներ մարդուն հետաքրքրել են ամենահին ժամանակներից, երբ նկատվել է առանձին տեսակների հասցրած վնասը և մյուսների օգտավետությունը։ Դեռևս մ.թ.ա. 3-րդ հազարամյակում ասորական սեպագիր արձանագրություններում և եգիպտական պապիրուսներում հիշատակված են մորեխների հասցրած վնասի մասին, իսկ հին չինական ձեռագրերում ցուցումներ կան շերամապահության և բանջարանոցային վնասատու միջատների դեմ պայքարի վերաբերյալ։ Սակայն միջատաբանությունը, որպես գիտություն, առաջացել է 17-րդ դարում։ Գիտության հիմքը կազմել են Յա. Սվամերդամի, Մ. Մալպիգիի, Ֆ. Բուոնաննիի, Ի. Գեդարտի աշխատությունները։ Կենդանիների, այդ թվում և միջատների, ժամանակակից կարգաբանության հիմնադիրը Կառլ Լիննեյն է, որն իր «Բնության համակարգ» հայտնի աշխատությունում նկարագրել է միջատների 1936 տեսակ, դրանց բաժանել կարգերի, սեռերի, տվել գիտական անվանումները։ Չարլզ Դարվինի «Տեսակների ծագումը» աշխատության երևան գալուց հետո միջատների համակարգերը սկսեցին կազմվել ֆիլոգենետիկ սկզբունքով։ 19-րդ դարում միջատաբանական կարևոր աշխատանքներ են կատարվել Ֆրանսիայում, Ռուսաստանում, Գերմանիայում և այլուր։ 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարում լույս են տեսնում միջատներին նվիրված մեծ թվով աշխատություններ, փաստական հարուստ նյութ է կուտակվում դրանց ֆաունայի վերաբերյալ։ Առանձնապես զարգանում է միջատների կարգաբանությունը։ Գիտությանը հայտնի միջատների տեսակների թիվը հասնում է 1 միլիոն (ենթադրվում է, որ գոյություն ունի 2-3 միլիոն տեսակ), ամեն տարի նկարագրվում են հարյուրավոր նոր տեսակներ։ Կատարելագործվում և վերակազմվում են միջատների համակարգերը, օգտագործվում հետազոտությունների նորագույն մեթոդներ (էլեկտրոնային մանրադիտակ, էլեկտրոնային հաշվիչ մեքենաներ, տաքսոնոմիական վերլուծություն և այլն)։ Ակտիվորեն զարգանում են միջատների ֆիզիոլագիան, հատկապես զգայարանների ուսումնասիրությունը, մորֆոլոգիան, որտեղ օրգաններն ուսումնասիրվում են ֆունկցիայի հետ միասնության մեջ։ Մեծ նշանակություն ունեցավ ֆոտոպերիոդիզմի ուսումնասիրությունը։ Հայտնաբերվեցին միջատների զարգացումը կարգավորող հորմոններ և հակահորմոններ, որոնք նախատեսվում են օգտագործել վնասատուների դեմ կազմակերպվող պայքարում։ Միջատաբանության ինքնուրույն բաժին է դարձել միջատների կենսաքիմիան, հայտնաբերվել են դրանց կողմից արտաքին միջավայր արտազատվող նյութերը, հատկապես ֆերոմոնները, որոնք կարգավորում են միջատների վարքը։ 20-րդ դարը գիտական բարձր հիմքերի վրա են դրվել միջատների էթոլոգիական ուսումնասիրությունները, որոնց շնորհիվ բացահայտվել է «մեղուների լեզուն»։ Լայն զարգացում են ստացել միջատների էկոլոգիան, աշխարհագրությունը, հնէաբանությունը։ 19-րդ դարի սկզբում հայտնի է եղել ընդամենը 219 բրածո միջատ, 1978 թվականին՝ ավելի քան 12 հազ. տեսակ։ 19-րդ դարի վերջին և հատկապես 20-րդ դարում արագ թափ է ստանում կիրառական միջատաբանությունը, որը բաժանվում է՝

  • գյուղատնտեսական (դաշտային պտղատու և բանջարանոցային կուլտուրաների վնասատուներ)
  • անտառային (անտառի վնասատուներ)
  • բժշկական և անասնաբուժական (արյունածուծ միջատներ, մարդու և ընտանի կենդանիների մակաբույծներ, վարակիչ հիվանդությունների փոխանցողներ)

Մեծ թվով վնասակար միջատների առկայությունը և դրանց հասցրած վնասի չափերն ստիպեցին տարբեր երկրներում կենտրոնացնել դրանց դեմ մղվող պայքարը։ Բույսերին վնասատուներից պաշտպանելու համար շատ երկրներում կազմակերպվեցին պետական միջատաբանական ծառայություններ։

Գրականություն խմբագրել

«7-րդ հատոր». Հայկական սովետական հանրագիտարան. 1979 թ.