Մինաս վարդապետ Տիգրանյան
Մինաս վարդապետ Տիգրանյան, Խարբերդցի (մոտ 1658[1] - մայիսի 12, 1740[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[1]), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ։ Իսրայել Օրու մերձավոր զինակիցը։ Եպիսկոպոս (1716):
Մինաս վարդապետ Տիգրանյան | |
---|---|
Ծնվել է | մոտ 1658[1] |
Մահացել է | մայիսի 12, 1740[1] |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Կենսագրություն խմբագրել
1680 թվականին ընդունել է կուսակրոնություն, 1684 թվականին դարձել Արցախի Մեծարանք գավառի Ս․ Հակոբա վանքի վանահայր։ 1699 թվականին մասնակցել է Անգեղակոթի ժողովին, որտեղ նշանակվել է Իսրայել Օրու ուղեկիցն ու գործընկերը՝ վերջինիս եվրոպական առաքելությունում։ Իսրայել Օրու հետ եղել է Պֆալցում (1699), Ֆլորենցիայում և Հռոմում (1700), Մոսկվայում (1701)։ Մասնակցել է Ռուսաստանի օգնությամբ Հայաստանն ազատագրելու նպատակով ռուսական արքունիքի հետ վարվող բանակցություններին։ Իսրայել Օրու մահից (1711) հետո շարունակել է նրա գործը, հիմնականում միջնորդի դեր կատարել ռուսական կառավարության և հայ ազատագրական գործիչների միջև։ Ռուսական կառավարության հանձնարարությամբ Պետրոս 1-ինի պարսկական արշավանքից առաջ, 1715-1716 թվականներին եղել է Անդրկովկասում, այցելել Գանձասար և Էջմիածին։ 1716 թվականին Աղվանից կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանը Մինաս Վարդպետին ձեռնադրել է եպիսկոպոս և նշանակել Ռուսաստանի հայերի հոգևոր առաշնորդ։ Մասնակցել է Պետրոս I-ի պարսկական արշավանքին (1722)։ 1720-ական թվականներին ծավալված հայ ազատագրական շարժումների ժամանակ, ռուսական արքունիքում ներկայացրել և պաշտպանել է ազատագրական պայքարի ելած հայ ժողովրդի շահերը։ 1740 թվականի ապրիլին ընդունել է ուղղափառություն։
Գրականություն խմբագրել
- Հովհաննիսյան Ա., Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության, մաս 2, Երևան, 1959։
Ծանոթագրություններ խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 554)։ |