Մինաս Ավետիսյան Բեյ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մինաս Ավետիսյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մինաս Ավետիսյան Բեյ (փետրվարի 3, 1849, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - անհայտ), հայ անասնաբույժ, անասնաբուժության պրոֆեսոր, բազմաթիվ մասնագիտական գրքերի հեղինակ, բեյ։
Մինաս Ավետիսյան Բեյ | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 3, 1849 |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | անհայտ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Կրթություն | Նարեկյան վարժարան |
Մասնագիտություն | անասնաբույժ |
Երեխաներ | Պերճ Մինասյան |
Կենսագրություն խմբագրել
Մինաս Ավետիսյան Բեյը ծնվել է 1849 թվականի փետրվարի 3-ին, Կոստանդնուպոլսի Բերա թաղամասում։ Նախնական ուսումն ստացել է Կ. Պոլսի Նարեկյան կրթարանում, որի բարձրագույն կարգն ավարտելուց հետո վարժարանի հոգաբարձու Հապեթիկ Նևրուզյանի միջոցով և պաշտպանությամբ ընդունվել է Կ. Պոլսի զինվորական իդադիե (միջնակարգ) վարժարանը։ 1870-1874 թվականներին սովորել է Իդադիե վարժարանի անասնաբուժական բաժնում և զինվորական անասնաբույժի վկայական ստացել։
Ավարտելուց հետո օգնական դասատու է աշխատել վարժարանի դարմանաբանության և ծննդաբերության ճյուղերում։ 1875 թվականին աչքի ընկնելով իր գրագետ ու բովանդակալից դասախոսություններով, նույն ճյուղերի և ներքին ախտաբանության դասախոսի պաշտոնն է ստացել։ Մանկավարժական գործունեությանը զուգահեռ գործնական աշխատանքում կատարել է անասնաբուժական գործի նորարարություններ՝ կենդանիների առողջապահությունն ու բժշկությունը հատուկ կայաններ ու հիվանդանոցներ տեղափոխելով։ Նրա անունն ամենուր հնչել է Զինվորական անասնաբուժական վարժարանի անվան կողքին։
Պարգևատրվել է բազմաթիվ պատվանշաններով։ Կ. Պոլսի կառավարությունը բացել է նոր՝ Քաղաքային անասնաբուժական դպրոց և Մինաս բեյը հրավիրվել է այդտեղ՝ համատեղությամբ դասախոսելու։ 1903 թվականին եղել է Կ. Պոլսի երկու անասնաբուժական վարժարանների ընդհանուր ուսումնապետը։ Մինչև 1906 թվականը, 30 տարի դասախոսել է, կրթել ու պատրաստել անասնաբույժներ Օսմանյան կայսրության ու նրա բանակի համար։ Հասել էր կայմակամության աստիճանին և մոտ էր միրալայության, ապա փաշայության աստիճաններն ստանալուն, երբ բախտը երես թեքեց նրանից։ 1906 թվականին Յըլդըզում տեղի ունեցած մահափորձի ուրբաթ օրը բժիշկը միանում է սելամլըքի հանդիսությանը ներկա ձիավոր զինվորների գնդին։ Պայթյունի պահին իսկ, բժիշկը (անշուշտ՝ հայ լինելու համար), իբրև մեղսակից ձերբակալվում է։ 1906-1907 թվականներին անցկացրել է Յըլդըզի բանտում։ 1907 թվականին դատավարության ավարտին անմեղ է ճանաչվել, սակայն աքսորվել է Դամասկոս։ 1907-1910 թվականներին մնացել է Դամասկոսի աքսորում։ 1910 թվականին վերադարձել է Կ. Պոլիս և վերականգնվել իր նախկին պաշտոններում։ Սակայն աքսորի տարիներից հոգնած, իր նկատմամբ ցուցաբերած գարշ ապերախտությունից զզված, իր պաշտոնավարությունը շարունակելու ի վիճակի չի եղել և անցել է հանգստի՝ իր խնդրանքով։ Հանդիսանում է անասնաբուժական բոլոր գիտությունների վերաբերյալ թուրքերենով առաջին գրքերը գրած ու հրատարակած մասնագետը։ Այդ 14 գրքերով են երկար տարիներ դասավանդել անասնաբուժական վարժարանների դասախոսները, սովորել ուսանողները և առաջնորդվել պրակտիկ անասնաբույժները։
1917 թվականին Երզնկայում թուրքերի ձեռքով չարաչար նահատակվել է նրա բժիշկ որդի Պերճ Մինասյանը։ Իր որդեկորույս սրտի խորը վերքը սփոփելու համար գրել է 6 հատորից բաղկացած հայերեն գեղեցիկ մի գիրք՝ «Ագարակին անասնաբույժը», որը 1921 թվականի դրությամբ դեռևս անտիպ էր։ Նաև այլ ձեռագիր գործեր է ունեցել։
1921 թվականի ապրիլի դրությամբ բնակվում էր Կ. Պոլսում։
Գրականություն խմբագրել
- Թորգոմեան Վահրամ, Թուրք անասնաբուժական վարժարանին հայ դասախօսները, Տօքթ. Մինաս Պէյ Աւետիսեան, «Դարման», Կ. Պոլիս, 1921, թ. 3-4։
Աղբյուրներ խմբագրել
- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։