Մինաս Ավետիսյան

հայ նկարիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մինաս Կարապետի Ավետիսյան (հուլիսի 20, 1928(1928-07-20)[1][2][3][…], Ջաջուռ, Ախուրյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[4][5] - փետրվարի 23, 1975(1975-02-23)[6][7], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[5]), հայ նշանավոր գեղանկարիչ։ 20-րդ դարի երկրորդ կեսի հայ կերպարվեստի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը։ Ծնվել է 1928 թվականի հուլիսի 20–ին, Ջաջուռում (այժմ՝ Հայաստանի Շիրակի մարզում)։ Համեմատաբար ուշ է սկսել զբաղվել գեղանկարչությամբ։ Պատանի հասակում տարված է եղել Մարտիրոս Սարյանի արվեստով։ Առաջին անգամ կենդանկարչի հետ ծանոթացել է 18 տարեկանում[8]։ Մինասի գեղարվեստական և էսթետական զարգացման գործում մեծ ազդեցություն են ունեցել Հայկական մանրանկարչությունը և իտալական վերածննդի նկարչությունը, որին ծանոթացել է Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) ուսանելու տարիներին[8]։

Մինաս Ավետիսյան
Ծնվել էհուլիսի 20, 1928(1928-07-20)[1][2][3][…]
ԾննդավայրՋաջուռ, Ախուրյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[4][5]
Վախճանվել էփետրվարի 23, 1975(1975-02-23)[6][7] (46 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[5]
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1952), Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1954)[4] և Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ (1960)[4]
Մասնագիտություննկարիչ
Ոճաբստրակտ էքսպրեսիոնիզմ
Թեմաներգեղանկարչություն
ՈւսուցիչՄարտիրոս Սարյան
Պարգևներ
Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ
ԿուսակցությունԽՄԿԿ[4]
ԱմուսինԳայանե Մամաջանյան
ԶավակներՆարեկ Ավետիսյան
Մինաս Ավետիսյան Վիքիքաղվածքում
Մինաս Ավետիսյան Վիքիդարանում
 Minas Avetisyan Վիքիպահեստում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մինաս Ավետիսյան (այլ կիրառումներ)

Մինասը ստեղծել է հայկական գյուղաշխարհն արտացոլող կոմպոզիցիաներ, բնանկարներ, ինչպես նաև դիմանկարներ, նատյուրմորտներ, որմնանկարներ։ Մինասի ստեղծագործությունները յուրահատուկ են իրենց գունային ուժեղ հակադրություններով, որոնք արտահայտում են լուսավոր, քնարական տրամադրություններ, երբեմն՝ ողբերգական շեշտերով։ Անդրադարձել է նկարչության բոլոր ոլորտներին՝ գեղանկարչություն, գրաֆիկա, որմնանկարչություն, բեմանկարչություն և այլն։ Հայտնի նկարներից մի քանիսը վերաբերում են հայ ժողովրդի անցյալին՝ հատկապես 1915 թ հայկական ջարդերին, որոնցից մազապուրծ են եղել նաև նկարչի ծնողները։ Այդ ժամանակաշրջանին են պատկանում 1965-1967 թվականներին ստեղծված «Ճանապարհ. ծնողներիս հիշողությունները», «Դեր-Զորի ճանապարհին» (1964 թ) կտավները։ Մինասի հասուն ստեղծագործական կյանքը տևել է 15 տարի՝ 1960–1975 թվականներին, որի ընթացքում նկարիչը ստեղծել է մոտ հինգ հարյուր մեծ ու փոքր կտավ, մոտավորապես նույնքան գծանկար, քսան մեծածավալ որմնանկար, մեկ տասնյակից ավելի բալետային ու թատերական ձևավորումներ։

1975 թվականի փետրվարի 16-ին Մինասը Երևանում ենթարկվում է ավտովթարի։ Վախճանվում է մի քանի օր անց՝ փետրվարի 23-ին[9]։ Նրա մահվան օրը խորհրդային տարիներին համարվել է փետրվարի 24-ը[10][11]։

Կենսագրություն խմբագրել

1928 թվականին Ջաջուռում ծնվել է ապագա նկարիչ Մինաս Կարապետի Ավետիսյանը։ Մինասի հայրը՝ Կարապետը, մշեցի դարբին էր, իսկ մայրը՝ Սոֆոն, կարսեցի քահանայի դուստր էր[12]։

Պատերազմի տարիներին պատանի Մինասը պատահականորեն հանդիպել է նկարիչ Հակոբ Անանիկյանի հետ, ինչը բախտորոշ է եղել նրա համար։

Գեղագիտական կրթությունը նկարիչը ստացել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում (1947-1952)։ Մի տարի սովորելուց հետո Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում, 1953 թվականին տեղափոխվել է Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան Գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ, որտեղ սովորել է Ա. Զայցևի և Լ. Խուդյակովի արվեստանոցում։ Ավարտել է 1960 թվականին ու վերադարձել է Երևան։ Դիպլոմային աշխատանքի ղեկավարը եղել է Բորիս Յոհանսոնը։

 
Մինաս Ավետիսյանի կիսանդրին Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում՝ Մինաս Ավետիսյանի անվան զբոսայգում

1960-1970 խմբագրել

Ընտանիք խմբագրել

1964 թվականին Մինասը ամուսնանում է նկարչուհի Գայանե Մամաջանյանի հետ։ 1966 թ. ծնվում է առաջնեկը՝ Արմանը։ 1969 թ. ծնված կրտսեր որդին՝ Նարեկ Ավետիսյանը նույնպես նկարիչ է։

Արվեստանոցի հրդեհը։ Մինասը և ԿԳԲ-ն խմբագրել

  • 1972 թվականի հունվարի 1-ի լույս 2-ի գիշերը հրդեհ է բռնկվում նկարչի արվեստանոցում, և այրվում են այնտեղ հավաքված բոլոր գործերը, այդ թվում նաև Փարիզում կազմակերպվելիք անհատական ցուցահանդեսի համար հավաքած աշխատանքները (մոտ 300 աշխատանք, որից 120–ը՝ գեղանկարներ), անձնական արխիվը (նամակներ և այլն)։

Մահը խմբագրել

1975 թվականի փետրվարի 16-ին նկարիչը Երևանում ենթարկվել է ավտովթարի տաքսու վարորդ Ժորա Հովսեփյանի կողմից, և փետրվարի 23-ին կնքել է իր մահկանացուն[10], որը սակայն սովորաբար նշվում է փետրվարի 24-ին[9]։ Մինաս Ավետիսյանի որդին՝ Նարեկ Ավետիսյանն այս առիթով հայտնում է․

  Փետրվարի 23-ը սովետական բանակի օրն էր։ Ամեն ինչ իրենք ցենզուրայի էին ենթարկում։ Պաշտոնապես հայտարարել էին, որ 24-ին է։ Հիմարություն։
- Նարեկ Ավետիսյան[9]
 

Մինաս Ավետիսյանի մահվան հանգամանքները մինչ օրս մնում են ամբողջությամբ չպարզված[15]։

Ստեղծագործությունը խմբագրել

 
Մինաս Ավետիսյանի հուշատախտակը Երևանի Նալբանդյան փողոցում

Ընդհանուր բնութագիր խմբագրել

Մինասը՝ համեմատաբար ուշ սկսելով զբաղվել գեղանկարչությամբ, միանգամից ուշադրություն է գրավում իր անսովոր մտածողությամբ։ 1960 թվականին անհատական ցուցահանդեսից հետո, կարծիքները հակասական էին։ Որոշ արվեստաբաններ թերահավատորեն էին նայում Մինասի աշխատանքներին։ Նկարչի հիմնական թեմաներից մեկը Ջաջուռի բնաշխարհն է, այն տունը, որտեղ ծնվել է նկարիչը, մայրը՝ դռան շեմքին կանգնած, ձեռքերը խաչած («Շեմքին», 1975, Ժամանակակից արվեստի թանգարան, Երևան), հայրենի լեռները, բնաշխարհը։ Կապված լինելով մոր հետ և շուտ կորցնելով նրան՝ Մինասը մոր թեմային է անդրադարձել իր բոլոր աշխատանքներում՝ և՛ գեղանկարներում, և՛ որմնանկարներում, և՛ գծանկարներում։

Նրա ներկապնակում գերակշռում են կարմիրը, կապույտը, նարնջագույնը, դեղինը…

Մանկության օրերին գյուղում ստացած տպավորություններից են բխում նկարչի ամենավառ ու գունեղ կոմպոզիցիոն կտավները. («Գորգ են գործում», «Խնոցի», «Գյուղը», «Քնածը» և այլն)։ Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում ջաջուռյան պատկերաշարը։ «Ջաջուռ» բնանկարը (1960 թ. Կտավ, յուղաներկ, Ժամանակակից արվեստի թանարան, Երևան) սինթեզն է այն առավել արժեքավորի, որ նկարիչը ձեռք է բերել բնությունը պատկերող իր բազմաթիվ կտավներում։

Գեղանկարչություն խմբագրել

Ստեղծել է մոտ հինգ հարյուր մեծ ու փոքր կտավ։

Դիմանկար խմբագրել

Մինասը հայտնի է նաև իր բազմաթիվ դիմանկարներով (ինքնանկարները, ակադեմիկոս Արմեն Թախտաջյանի, Կոստան Զարյանի, Մարտիրոս Սարյանի և այլոց դիմանկարները)

Նատյուրմորտ խմբագրել

 
«Ջուլհակուհիներ» (1970) որմնանկարը Զվարթնոց միջազգային օդանավակայանում, Երևան:

Որմնանկարչություն խմբագրել

Մինասը իր որմնանկարները ստեղծել է 1970-1974 թվականներին։ Երևանում, Գյումրիում, Վահրամաբերդ գյուղում ստեղծել է թվով 20 որմնանկարներ, որոնց ընդհանուր տարածությունը հասնում է հինգ հարյուր քառակուսի մետրի [փա՞ստ]։ 1988 թվականին Սպիտակի երկրաշարժի պատճառով որմնանկարները կրում են մասնակի կորուստներ։ Փլուզվում կամ վթարային են դառնում այն շենքերը, որտեղ գտնվում են որմնանկարները։

  • «Ջուլհակուհիներ»(1970) որմնանկարը այժմ գտնվում է Զվարթնոց միջազգային օդանավակայանում, Երևան։ Նկարը վնասվել էր Գյումրիում Սպիտակի երկրաշարժի ժամանակ, տեղափոխվել և վերականգնվել Զվարթնոց օդանավակայանում։
  • Երկրաշարժից անմիջապես հետո կործանումից փրկվում է «Անալիտիկ սարք» գործարանի ճաշարանում արված «Աղբյուրի մոտ» որմնանկարը, որը Բուլղարիայից հրավիրված մասնագետները հաջողությամբ տեղափոխում են Գյումրի քաղաքի թատրոնի շենք։
  • Ազատան գյուղի մշակույթի տան «Լեռներում» որմնանկարը ներկայումս լավ ձևով պահպանված է։
  • «Հայաստան» որմնանկարը գտնվում է Վահրամաբերդ գյուղի նախկին մշակույթի տան առաջին հարկում։ Շենքից պահպանվել է միայն այն պատը, որտեղ գտնվում է որմնանկարը։
  • «Էլեկտրասարք» գործարանում գտնվում են Մինասի 4 որմնանկարները («Թորոս Ռոսլինի ծնունդը», «Երկանք», «Գորգ են գործում», «Խաչքարի մոտ»)։ Գործարանի շենքը տուժել է երկրաշարժից։
  • Գյումրու նախկին Գալվանոմետրերի գործարանի հիմնական մասնաշենքում գտնում են Մինասի ևս 3 որմնանկարներ, այդ թվում «Հայաստանի լեռներում» որմնանկարը։
  • Գյումրու նախկին «Ստրոմմաշինա» (ներկայիս «Քարհատմեքենա») գործարանի ճաշարանի շենքում են գտնվում երկու որմնանկարներ։

Բացառությամբ «Աղբյուրի մոտ» և «Լեռներում» որմնանկարների, մնացած որմնանկարները գտնվում են աղետալի վիճակում և ոչնչացման եզրին են[16]։ 2009 թվականին «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարը իտալացի մասնագետների կողմից հաջողությամբ տեղափոխվում է Ջաջուռ գյուղի Մինասի թանգարանը[17][18][19]։

2010 թվականի հունիսից կրկին իտալացի մասնագետների օգնությամբ սկսվում են «Խաչքարի մոտ» և «Հանդիպում» որմնանկարների տեղափոխումը և ռեստավրացիան Գյումրիի էլեկտրատեխնիկական գործարանի ճաշարանից։ Նոյեմբերին այդ որմնանկարները տեղափոխվում են Հայաստանի կառավարության շենք[20]։

Գրաֆիկա խմբագրել

Գծանկարչությանը անդրադարձել է կյանքի վերջին տարիներին։ «Իմ մայրը», «Պատշգամբում», «Տեսիլ», «Զրույց», «Նարեկացու ընթերցում»։

Բեմանկարչություն խմբագրել

  • 1962 թվականին Երևանի օպերայի և բալետի թատրոնում ձևավորել է երեք բալետ-նովել՝ «Տիկնիկների աշխարհում», «Իսպանուհին. բոլերո», «Նեգրական թաղամաս»։
  • 1971 թվականին ձևավորել է Ա. Սպենդարյանի «Ալմաստ»-ը
  • 1974 թվականին՝ Ա. Խաչատրյանի «Գայանե» բալետը։
  • 1963 թվականին՝ առաջին աշխատանքը բեմանկարչութան ասպարեզում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի համար ձևավորում է «Երեք բալետ-նովելը»։

Կինո խմբագրել

1969 Նկարահանվել է Միքայել Վարդանովի Հայկական հողի գույնը ֆիլմում։

Մինասն աշխատել է նաև կինոյում, որպես Յուրի Երզնկյանի և Էռնեստ Մարտիրոսյանի «Այս կանաչ, կարմիր աշխարհը» ֆիլմի նկարիչ։

Հավելված խմբագրել

Մեջբերումներ Մինասի մասին խմբագրել

  Մինաս, ես քեզնից մեծ եմ հիսուն տարով։ Ափսոս, ինձ քիչ ժամանակ է մնացել։ Ո՞ւր էիր, մի քիչ շուտ գայիր։ Չմոռանաս, արվեստը պայքար է սիրում։ Հիմա ես արդեն մենակ չեմ։ Դու էլ մենակ չես։ Ուրեմն, շարունակել խիզախել։ Ես հավատում եմ քո այդ լավ ձեռքին։  
  Մինասի խառնվածքը ուժեղ է, վառ... Լինելով սիմֆոնիկ շնչի արվեստագետ, նա թատրոն ներխուժեց լայն ու խորը մտքերով։ Նա թատերական նկարչության մեջ փոխադրեց իր հզոր սիմֆոնիզմը։  
  Իբրև նկարիչ, գիտեմ և վստահ եմ, որ ամեն մի նկարիչ, կանգնելով Մինասի նկարների առջև, այնտեղ տեսնում է իր չարածի, իր չկարողացածի, իր երազածի իրագործումը։ Մինասը մեր նկարչության բարձրացող աշտարակն էր, հեռուներից տեսանելի ու հեռաստաններ բացող։  

Ֆիլմագրություն խմբագրել

  • 1969 Հայկական հողի գույնը, ռեժիսոր՝ Միքայել Վարդանով։
  • 1975 թվականին Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիան թողարկում է «Մինաս Ավետիսյան» վավերագրական կինոնկարը (ռեժիսոր՝ Մարատ Վարժապետյան)։
  • 2017 Փ/Ֆ «Իմ խիղճը իմ նկարներն են. Մինաս Ավետիսյան» (ռեժիսոր՝Էլլա Լազարյան)

Հետմահու ցուցահանդեսներ, մրցանակներ խմբագրել

  • 1975 թ. Արժանանում է ՀԽՍՀ Պետական մրցանակի
  • 1976 թ. Գդանսկի (Լեհաստան) Օպերա Բալտիսկի թատրոնում բեմադրվում է Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը
  • 1973 թ. Ընտրվում է Հայաստանի նկարիչների միության նախագահության անդամ
  • 1977 թ. Երևանում բացվում է Մինաս Ավետիսյանի արվեստանոց-թանգարանը
  • 1980 թ. Ետմահու շնորհվում է Մարտիրոս Սարյանի անվան մրցանակ։
  • 1982 թ. Ջաջուռում հուլիսի 21-ին բացվում է Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանը
  • 1986 թ. Երևանում բացվում է Մինաս Ավետիսյանի հուշատախտակը
  • 1987 թ. Մոսկվայի «Սովետսկի խուդոժնիկ» հրատարակչությունը լույս է ընծայում Մինաս Ավետիսյանի գրաֆիկական աշխատանքների պատկերագիրքը
  • 1988 թ. Երկրաշարժից քանդվում է Ջաջուռի տուն-թանգարանը
  • 1989թ. մայիսի 06-ից հուլիսի 12-ը Փարիզում՝ «LA GALERIE PALEVANIAN պատկերասրահում։
  • 1989 թ. «Հայֆիլմ» կինոստուդիան նկարահանում է Մինաս Ավետիսյանին նվիրված «Մինաս. Ռեքվիեմ» ֆիլմը (ռեժիսոր՝ Միքայել Վարդանով)[21]
  • 1990 թ. Ջաջուռի տուն-թանգարանում գտնվող աշխատանքները տեղափոխվում են Հայաստանի Ազգային պատկերասրահ։
  • 2016 թ.Երևանում «Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը» շարքի երրորդ ցուցադրությունը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում։
  • 2018 թ. Երևանում «Մինաս. Հին ու բոլորովին նոր» ցուցահանդեսի շրջանակներում Հայաստանի ազգային պատկերասրահը;
  • 2018 թ. Երևանում Ռումինիայի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսին՝
  • 2019 թ. «Սուրբ Սարգիս» եկեղեցում՝Հոգեհանգիստ-պատարագ ի հիշատակ մեր մեծագույն գույնի վարպետ Մինաս Ավետիսյանի «Որդան կարմիր» ցուցահանդեսում։
  • 2019 թ.Երևանում Մինաս Ավետիսյանի «Ամառը Ջաջուռում» խորագրով ցուցահանդես,Երևան քաղաքի պատմության թանգարան։
  • 2019 թ. քրիստոնեկան արվեստի հեղափոխության «Գույն կարմիր» խորագրով լայնածավալ նախագիծ համաշխարհային շրջագայություն-ցուցահանդես։

Ալբոմներ և գրականություն խմբագրել

  • 1975 թ. Լենինգրադի «Ավրորա» հրատարակչությունը լույս է ընծայում «Մինաս Ավետիսյան» պատկերագիրքը։ Բեռլինի «Արվեստ և հասարակություն» հրատարակչությունը «Արվեստի աշխարհ» մատենաշարով լույս է ընծայում «Մինաս Ավետիսյան» պատկերագիրքը։
  • 1989 թ. Փարիզում՝ «ՍՅՈՒՐՌԵԱԼԻԶՄԸ ԵՎ ԱՎԱՆԳԱՐԴԸ» Մինաս Ավետիսյան հեղ.՝ Ա. ՓԱԼԵՎԱՆՅԱՆ, Լ.ՓԱԼԵՎԱՆՅԱՆ, Է. ԱԲԱՋՅԱՆ, Ֆ.ԳԻՄՍՈՆ
  • 1996 թ. Մոնրեալում լույս է տեսնում Շահեն Խաչատրյանի կազմած «Մինաս Ավետիսյան» պատկերագիրքը։
  • 2003 թ. Մինաս. Ալբոմ՝ նվիրված 75 ամյակին։
  • 2008 թ. Ջաջուռեցի Մինասը, հեղ.՝ Հենրիկ Իգիթյան
  • 2012 թ. «Ճանաչիր և սիրիր Մինաս Ավետիսյան» հեղ.՝ Շահեն Խաչատրյան։
  • 2018 թ. Մինաս. «Հին ու բոլորովին նոր» Հայաստանի Ազգային պատկերասրահ։
  • 2019 թ. Մինաս Ավետիսյան «Հեղափոխություն» հեղ.՝ Շահեն Խաչատրյան, Մարինա Ստեփանյան։

Արվեստանոց-թանգարանը Երևանում խմբագրել

 
Մինաս Ավետիսյանի թանգարանը Ջաջուռում

Մինաս Ավետիսյանի տունը և արվեստանոց-թանգարանը գտնվում են Երևանի Նալբանդյան փողոցում։ Տարբեր տարիների այստեղ հյուրընկալվել են Արամ Խաչատրյանը, Եվգենի Չանգան, Եժի Կավալերովիչը, Վիլիամ Սարոյանը և այլք[22]։

Տուն-թանգարանը Ջաջուռում խմբագրել

Հայրենի Ջաջուռում 2005 թվականից վերաբացվել է Մինասի Տուն-թանգարանը, որը փլվել էր 1988 թվականի ավերիչ երկրաշարժի հետևանքով[23]։ Մինչև 2008 թվականը թանգարանում ցուցադրվում էին բացառապես կրկնօրինակներ։ 2008 թվականին թանգարանում բացվեց նկարչի բնօրինակների ցուցադրությունը՝ շուրջ 30 կտավ, որն ամենամեծաքանակն է Հայաստանում։

Մինասի նկարները ցուցադրվում են նաև Հայաստանի Ազգային Պատկերասրահում, Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում, Մոսկվայի Արևելքի երկրների արվեստի թանգարանում, Ռուսաստանի այլ պատկերասրահներում, Հայաստանի, Լիբանանի, Սիրիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ–ի և այլ երկրների մասնավոր հավաքածուներում, և նկարչի ընտանիքի հավաքածուում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Sokolov M. N. Avetisyan, Minas // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T005305
  3. 3,0 3,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  6. 6,0 6,1 6,2 Մինաս Ավետիսյանի հիշատակի օրն է
  7. 7,0 7,1 7,2 Խորհրդային տարիների գրաքննության հետևանքով Մինաս Ավետիսյանի մահվան օրը նշվել է այսօր
  8. 8,0 8,1 «Հուշեր Մինասի մասին», Յակոբ Զարգարյան
  9. 9,0 9,1 9,2 «Մինաս Ավետիսյանի հիշատակի օրն է». panorama.am. Վերցված է 2023 թ․ հուլիսի 27-ին.
  10. 10,0 10,1 Մինաս Ավետիսյանի մահվան մասին տեղեկությունը, «Սովետական Հայաստան» թերթ, թիվ 47 (16479), 25.02.1975, էջ 4
  11. MInas: A Requiem
  12. Մինաս Ավետիսյան, Կենսամատենագիտություն
  13. «Ռևիզոր, արվեստի պատմության հանդես». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 13-ին.
  14. «Parajanov.com | Minas Avetisian in the Color of Armenian Land». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 25-ին.
  15. Minas: A Requiem
  16. http://fromgyumri.livejournal.com/9747.html
  17. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 16-ին.
  18. http://www.hayafisha.am/exhibition/exhibition/665.html(չաշխատող հղում)
  19. http://ankakh.com/2009/08/13237/(չաշխատող հղում) Վերականգնված է Մինաս Ավետիսյանի «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարը
  20. http://www.shanttv.com/am/local/news/2010_11_24/2040/5135/ 24-11-2010 Մինասի որմնանկարների հանգրվանը կառավարության դահլիճում
  21. Parajanov.com | Minas: A Requiem
  22. Նալբանդյան 2 / 3-րդ Ալիք Հեռուստածրագիր
  23. «Ջաջուռում կսկսի գործել անվանի նկարիչ Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանը», (արխիվացված 08․11․2021թ․)

Գրականություն խմբագրել

  • Վարուժան Վարդանյան Մինասի Վերադարձը «Փյունիկ» հրատ., Երևան, 1992 ISBN 5-8077-0344-8
  • Յակով Զարգարյան Իմ Մինասը «Գասպրինտ» հրատ., Երևան, 2004 ISBN

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 613