Միզասեռական համակարգ, մարդու և կենդանիների՝ անատոմիապես և ֆունկցիաներով միմյանց հետ կապված արտաթորության համակարգի և սեռական օրգանների ամբողջությունը։ Անողնաշարավորների արտաթորության և սեռական օրգանների կապն արտահայտվում է տարբեր ձևով։ Կարթագլուխների, պրիապուլիդների արտաթորության օրգանները պրոտոնեֆրիդներն են և բացվում են սեռական գեղձերի ծորաններում, բազմախոզան որդերի մեծամասնության, ուսոտանիների սեռական ծորանները, պահպանելով իրենց հիմնական ֆունկցիան, սերտաճում են արտաթորության օրգանների հետ, որոնցով դուրս են բերվում նաև սեռական արգասիքները։ Բազմախոզան որոշ որդերի արտաթորության օրգանները՝ մետանեֆրիդները, կատարում են սեռական արգասիքների արտազատման, իսկ առաջնային սեռական ծորանները (ցելոմոդուկտները)՝ մասամբ արտաթորության ֆունկցիա։

Միզասեռական համակարգ

Բազմաթիվ փափկամորթների առաջնային սեռական ծորանները գործում են որպես արտաթորման օրգաններ, իսկ սեռական արգասիքները դուրս են բերվում սեռական գեղձերի երկրորդային ծորաններով։ Բոլոր ողնաշարավորների, այդ թվում և մարդու, արտաթորության օրգանների ծորանները ծառայում են միաժամանակ սեռական արգասիքների դուրս բերման համար։ Կենդանիների էգերի և կանանց սեռական արգասիքները դուրս են բերվում մյուլերյան խողովակից առաջացած ձվատարներով, ձկների մեծամասնության և երկկենցաղների արուների սեռական արգասիքները՝ վոլֆյան խողովակով։ Սողունների, թռչունների, կաթնասունների արուների և տղամարդկանց առաջնային երիկամը վերածվում է սերմնարանի (սերմնագեղձերի) հավելվածի, որով դուրս է հոսում սերմնահեղուկը, իսկ արտաթորության ֆունկցիան կատարում են երկրորդային երիկամը և միզածորանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 533
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միզասեռական համակարգ» հոդվածին։