Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան - Գանձասար գիտամշակութային կենտրոն
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան - Գանձասար գիտամշակութային կենտրոն, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի արցախյան մասնաճյուղը, որը տեղակայված է Գանձասարի վանքի հարակից տարածքում։
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան - Գանձասար գիտամշակութային կենտրոն | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Արցախ |
Տեղագրություն | Վանք |
Պատկանում է | Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանի մասնաճյուղ |
Պատմություն խմբագրել
Մատենադարանի արցախյան մասնաճյուղը կառուցվել է Գանձասարի վանքին կից հոգևոր ճեմարանի համար կառուցված շենքի հիման վրա՝ ճարտարապետ Վալերի Հայրապետյանի նախագծմամբ։ Մատենադարանի արցախյան մասնաճյուղի նախագծմանը խորհրդատվության կարգով մասնակցել է ճարտարապետ Արթուր Մեսչյանը[1]։ Գանձասարի վանքին հարակից շինությունը հիմնանորոգվել է «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի միջոցներով, հիմնադրամի համանախագահներ Գաբրիել Չեմպերճյանի և Լևոն Սարգսյանի մեկենասությամբ[2]։
Կենտրոնի բացման արարողությանը մասնակցել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Արցախի մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը, Երևանի Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր, հայագետ Թել Մարտենվանլինդը, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, հոգևոր դասի և գիտական հանրության ներկայացուցիչներ։
Կենտրոնն ունի գիտական ուսումնասիրությունների բաժին և թանգարանային համալիր, որտեղ ցուցադրված են պատմական Հայաստանի Արցախ և Սյունիք նահանգներում գրչագրված 100-ից ավելի ձեռագիր մատյաններ, Արցախի պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերի բնագրեր ու ընդօրինակություններ, հնատիպ գրքեր, ինչպես նաև պատմական հանգամանքների բերումով Արցախի վանքերում և եկեղեցիներում այլ շրջաններից բերված կամ փրկագնված ձեռագրեր, Երևանի Մատենադարանում պահվող ձեռագրերի կրկնօրինակները, գիտաժողովների, մշակութային տարաբնույթ միջոցառումների անցկացման համար նախատեսված դահլիճից, գրադարանից ու ընթերցասրահից։