Մեհմեդ Ջելալ բեյ

Օսմանյան կայսրության պետական գործիչ

Մեհմեդ Ջելալ բեյ (օսման.՝ محمد جلال بك; 1863, Քադըքյոյ, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - փետրվարի 15, 1926(1926-02-15), Ստամբուլ, Թուրքիա), Օսմանյան կայսրության պետական գործիչ, ով զբաղեցրել է նահանգների նահանգապետերի և նախարարների պաշտոններ։ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության մասին գրքերի և վկայությունների հեղինակ[1]։

Մեհմեդ Ջելալ բեյ
 
Կրթություն՝ Բոննի համալսարան և Անկարայի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր 1863
Ծննդավայր Քադըքյոյ, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Վախճանի օր փետրվարի 15, 1926(1926-02-15)
Վախճանի վայր Ստամբուլ, Թուրքիա
Քաղաքացիություն  Օսմանյան կայսրություն

Կենսագրություն խմբագրել

Մեհմեդ Ջելալը ծնվել է 1863 թվականին Կոստանդնուպոլսի Քըզըլթոփրաք թաղամասում[2]։

1910 թվականի մարտից մինչև 1911 թվականի հուլիս ամիսը եղել է Էրզրումի վիլայեթի նահանգապետ, 1911 թվականի հունիս- հոկտեմբեր ամիսներին եղել է Էդիրնեի վիլայեթի նահանգապետ։ 1911 թվականի հունիսից մինչև 1912 թվականի օգոստոս ամիսը եղել է Այդընի վիլայեթի նահանգապետ, 1913 թվականի հուլիսից մինչև 1915 թվականի հուլիս ամիսը եղել է Հալեպի վիլայեթի նահանգապետ, 1915 թվականի հունիս-սեպտեմբեր ամիսներին եղել է Կոնիայի վիլայեթի նահանգապետ, իսկ 1919 թվականի նոյեմբերից մինչև 1920 թվականի օգոստոս ամիսը եղել է Ադանայի վիլայեթի նահանգապետ։

Բացի այդ, 1911 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին զբաղեցրել է ներքին գործերի փոխնախարարի պաշտոնը, իսկ 1913 թվականի հունվար-հուլիս ամիսներին եղել է Օսմանյան կայսրության առևտրի նախարար։

Հայոց ցեղասպանության ժամանակ զբաղեցրել է Կոնիայի և Հալեպի նահանգապետերի պաշտոնները։ Փորձել է կանխել ցեղասպանության դատապարտված նահանգի հայերի կոտորածները, հետևյալ կերպ նկարագրելով իր գործողությունները․

  Ջրի փոխարեն գետով արյուն էր հոսում, և հազարավոր անմեղ երեխաներ, անվնաս ծերունիներ, անօգնական կանայք, ուժեղ երիտասարդներ կորան գետի անդունդներում։ Ես փրկեցի այն, ինչ կարող էի պահել իմ ձեռքերով և ոտքերով։ Մնացած բոլորը, ինչպես ենթադրում եմ, կորան անհետ՝ առանց վերադարձի հույսի։
- Մեհմեդ Ջելալ Բեյ
 

1918 թվականի դեկտեմբերի 10-13 «Վաքիթ» օրաթերթում հրապարակել է երեք մասից բաղկացած հոդված, որտեղ հայտարարել է, որ ցեղասպանության ժամանակ մեծ ջանքեր է գործադրել հայերի նկատմամբ գործադրված բռնությունը կանխելու համար, այդ իսկ պատճառով հեռացել է պետական ծառայությունից[3]։

Կոստանդնուպոլսի բռնազավթման ժամանակ, 1921 թվականի հունվարից մինչև 1922 թվականի մարտ ամիսը զբաղեցրել է Կոստանդնուպոլսի քաղաքապետի պաշտոնը, որտեղ էլ 1926 թվականին մահացել է։ Նրա գերեզմանը գտնվում է ժամանակակից Թաքսիմ հրապարակի տեղում և հանվել է 1940 թվականին՝ վերակառուցման ժամանակ[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Sinan Kuneralp: Son Dönem Osmanlı Erkan ve Ricali (1839—1922) Prosopografik Rehber. ISIS Press, Istanbul 1999, ISBN 975-428-118-1.
  2. Mehmet Celal Bey
  3. Vakit gazetesi arşivleri, 10-13 Aralık 1918 (Rumi: 10-13 Kanunuevvel 1334), Sayfa: 1, Istanbul.
  4. Mehmet Celal Bey — Alıntılar
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեհմեդ Ջելալ բեյ» հոդվածին։