Մեծ պալատ (թաի.՝ พระบรมมหาราชวัง), պալատական համալիր Թայլանդում` Բանգկոկում։

Մեծ պալատի տեսքը Մենամ Չաո Պրայա գետից

Մեծ պալատը եղել է Թայլանդի արքաների նստավայրը` սկսած 18-րդ դարից։ Պալատի շինարարությունը սկսվել է 1782 թվականին՝ Ռամա I արքայի օրոք, երբ վերջինս մայրաքաղաքը Տխոնբուրիից տեղափոխում է Բանգկոկ[1][2]։ Պալատը անընդհատ ընդարձակվել է. ժամանակի հետ կառուցվել են հարակից բազմաթիվ շինություններ` տարբեր նշանակության։ Ներկայումս պալատը չի կիրառվում Թայլանդի թագավորների բնակության համար։ Ռամա IX արքան ապրում է Չիտրալադա պալատում։

Պատմություն խմբագրել

 

Երբ Բուդհա Յոդֆա Չուլալոկե արքան (Ռամա I) որոշում է ընդունում Սիամի մայրաքաղաքը արևմուտքում գտնվող Տխոնբուրիից տեղափոխել արևելյան Բանգկոկ, որ գտնվում է Մենամ Չաո Պրայա գետի ափին, որոշում է կառուցել արքայական նոր պալատ, որ բոլորին կցնցեր իր շքեղությամբ ու մեծությամբ։

Շինարարությունն սկսվում է 1782 թվականի մայիսի 6-ին։ Սկզբում պալատը փայտե մի քանի շինություն էր ներկայացնում, որ չորս կողմից շրջապատված էր 1900 մ երկարությամբ պաշտպանական պատով։ Ամրոցով շրջապատված տարածքն ուներ մոտ 218.400 մ ² մակերես։ Շուտով թագավորը պատվիրում է Զմրուխտե Բուդդայի տաճարը, որ նախատեսված էր Բուդդային անձնական երկրպագության համար։ Երբ պալատի շինարարությունն ավարտվում է (1785), այնտեղ տեղի է ունենում Ռամա I-ի թագադրման արարողությունը։

Մեծ պալատի նախագիծը որոշ չափով հիշեցնում է Այուտայա քաղաքում գտնվող պալատը։ Պալատն ուղղանկյունաձև է։ Արևմտյան մասը դուրս էր գալիս գետի մոտ, իսկ արքայական հարկաբաժինը գտնվում էր արևելյան մասում։

Մեծ պալատը իշխանության նստավայրն էր և արքայական դատարանը Չակրի դինաստիայի օրոք ընդհուպ մինչև Ռամա V-ի, ինչպես նաև նրա որդիներ Ռամա VI-ի և Ռամա VII-ի կառավարման տարիները։ Վերջիններս, գերադասելով ապրել առանձին պալատներում, այնուամենայնիվ մեծ պալատն օգտագործում էին որպես գլխավոր նստավայր։ 1945 թվականին արտասահմանից վերադառնալուց հետո այստեղ է հաստատվել Ռամա VIII-ը, սակայն նրա առեղծվածային մահից հետո եղբայրը` Ռամա IX-ը, արքայական նստավայրը տեղափոխում է Չիտրալադա։

Այնուամենայնիվ, պալատը ներկայումս էլ օգտագործվում է արքայական ընտանիքի կողմից։ Այնտեղ կազմակերպվում են արքայական ամենամյա հանդիսություններ, ինչպես նաև արքայական հարսանիքներ, թաղումներ, պետական ընդունելություններ։

Ներկայումս պալատը բաց է այցելուների համար և հանդիսանում է էքսկուրսիոն հանրահայտ ուղղություն։ Ներս մտնել ցանկացողները պետք է հոգ տանեն իրենց արտաքին տեսքի համար, քանի որ արգելված է կիսավարտիքներով, կարճ շրջազգեստներով, մեծ լանջաբացվածքով շորերով մուտքը։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Suksri 1999, p. 11
  2. Watcharothai, et al. 2005, p. 18

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ պալատ (Բանգկոկ)» հոդվածին։