Մարդու մորֆոլոգիա,

  1. Լայն իմաստով՝ ուսմունք մարդու մարմնի կառուցվածքի մասին, ներառնում է մարդու անատոմիան, սաղմնաբանությունը, հյուսվածաբանությունը։
  2. Նեղ իմաստով՝ մարդաբանության բաժին, ուսումնասիրում է մարդու օրգանիզմի և նրա առանձին մասերի փոփոխության (սեռային, տարիքային, էթնո-տարածքային, կազմվածքային և այլն) օրինաչափությունները։ Մարդու մորֆոլոգիայի ուսումնասիրությունները հնարավորություն են ընձեռում որոշել մարդկային ռասաների նմանություններն ու տարբերությունները, հասկանալ նրանց ձևավորման պատմությունը, գնահատել ներկայիս մարդու և նրա բրածո նախորդների հարաբերակցությունը։ Մարդու մորֆոլոգիան ունի երկու ենթաբաժին․
ա․ մերոլոգիա՝ անատոմիական մարդաբանություն, ուսումնասիրում է մարդու օրգանների ու հյուսվածքների կապը և տարատեսակները (մաշկածածկույթները, զգացողության օրգանների արտաքին հատվածները, գանգը, գլխուղեղը, կմախքը, ընդերքը, ատամները, մկանները, անոթները և այլն),
բ․ սոմատոլոգիա, ուսումնասիրում է մարդու մարմնի կառուցվածքային հատկանիշների փոփոխականությունը (մարմնի ամբողջական չափերը՝ երկարություն, զանգված, մակերևույթ, ծավալ և դրանց փոխհարաբերությունները, առանձին մասերի արտաքին ձևերը, սեռային հատկանիշները, արյան որոշ բնութագրեր և այլն)։ 1960-1970 թվականներին մեծ զարգացում է ստացել մարդու տարիքային մորֆոլոգիան՝ կապված աքսելերացիայի (սեռական հասունացման արագացում) պրոբլեմների հետ։ Ուսումնասիրվում են նաև մորֆոլոգիական առանձնահատկությունների կապերը օրգանիզմի կենսաքիմիական, ֆիզիոլոգիական, էնդոկրինոլոգիական բնութագրերի հետ։ Մարդու մորֆոլոգիայի տվյալները լայնորեն օգտագործվում են մարդաբանական ստանդարտավորման և էրգոնոմիկայի (աշխատանքային պրոցեսներն ուսումնասիրող գիտություն) մեջ, օրինակ, լայն սպառման ապրանքների չափահասակային ստանդարտավորման և մարդու աշխատատեղի ռացիոնալ կազմակերպման համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 57