LilitMir/Ավազարկղ3

«Դրակուլայի որդին» (անգլ.՝ Son of Dracula), 1943 թվականի ամերիկյան սարսափ ֆիլմը, որի ռեժիսորն է Ռոբերտ Սիոդմակը, հիմնված է նրա կրտսեր եղբոր՝ Կուրտ Սիոդմակի բնօրինակ պատմության վրա։ Ֆիլմում նկարահանվել են Լոն Չեյնի Կրտսերը, Լուիզ Օլբրիտոնը, Ռոբերտ Փեյջը, Էվելին Անկերսը և Ֆրենկ Քրևենը։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում ԱՄՆ-ում, որտեղ նոր է բնակություն հաստատել կոմս Ալուկարդը (Չեյնի Կրտսեր): Քեթրին Քալդվելը (Օլբրիտոն), որն ուսումնասիրում է օկուլտիզմ, հրապուրվում է Ալուկարդով և ի վերջո ամուսնանում նրա հետ։ Քեթրինը սկսում է իրեն տարօրինակ պահել, ինչը ստիպում է նրան սիրահարված Ֆրենկ Սթենլիին (Փեյջ) կասկածել, որ նրա հետ ինչ-որ բան է պատահել: Նրան օգնում են դոկտոր Բրյուսթերը (Քրևեն) և հոգեբան Լազլոն (Բրոմբերգ), ովքեր գալիս են այն եզրակացության, որ Ալուկարդը վամպիր է։

Ֆիլմը Դրակուլայի մասին թվով երրորդ ֆիլմն է Universal ընկերության դասական սարսափ ֆիլմերի շարքում, նախորդը «Դրակուլայի աղջիկը» (1936 թվական) ֆիլմն էր։ Ֆիլմը նկարահանվել է շարքի նախորդ երկու ֆիլմերից տարբերվող հանգամանքներում: Universal-ում փոխվել էր տնօրենների խորհրդի նախագահը, և «Ֆրանկենշտեյնի որդին» (1939 թվական) ֆիլմի հաջողությունից հետո որոշվել էր զբաղվել այլ շարունակություններով։ Սկզբում ֆիլմի սցենարով զբաղվել է Կուրտ Սիոդմակը, որին հետագայում փոխարինել է Էրիկ Թեյլորը: Նկարահանումները սկսվել են 1943 թվականի հունվարի 7-ին և ավարտվել փետրվարի 2-ին։ Ստուդիայի նյութերից կամ առևտրային հաշվետվություններից պահպանվել են ֆիլմի արտադրության հետ կապված քիչ փաստաթղթեր։

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել նկարահանումների ավարտից մոտ կես տարի անց՝ 1943 թվականի հոկտեմբերի 20-ին Մեխիկոյի Cine Olimpia կինոթատրոնում։ Ֆիլմի թողարկումից հետո Boxoffice ամսագիրը «Դրակուլայի որդին» հռչակել է հիթ Միացյալ Նահանգներում, որտեղ նրա վաճառքը միջինից 23%-ով բարձր էր: Ֆիլմի նախնական ընդունելությունը կինոպատմաբան Գարի Դ. Ռոդսը բնութագրել է որպես «բազմազան»։

Սյուժե խմբագրել

Կոմս Ալուքկարդը՝ առեղծվածային անծանոթը, ժամանում է ԱՄՆ՝ Նոր Օռլեանի գնդապետ, Քալդվելի պլանտացիայի սեփականատիրոջ դուստրերից մեկի` Քեթրին Քալդուելի հրավերով։ Նրա ժամանումից անմիջապես հետո գնդապետը մահանում է և իր հարստությունը թողնում երկու դուստրերին. Քլերը ստանում է ամբողջ գումարը, իսկ Քեթրինը՝ նրա «Մութ կաղնիներ» պլանտացիան։ Քեթրինը գաղտնի ամուսնանում է Ալուկարդի հետ՝ խուսափելով իր վաղեմի ընկեր Ֆրենկ Սթենլիից։ Ֆրենկը փորձում է խանգարել զույգին և կրակում է Ալուկարդի վրա, բայց փամփուշտներն ուղիղ անցնում են կոմսի մարմնի միջով և խոցում Քեթրինին՝ ըստ երևույթին սպանելով նրան:

Ցնցված Ֆրենկը վազում է պրոֆեսոր Բրյուսթերի մոտ և ամեն ինչ պատմում նրան, պրոֆեսորը գալիս է «Մութ կաղնիներ» և այնտեղ հանդիպում Ալուկարդին և կենդանի Քեթրինին։ Զույգը պատմում է նրան, որ այսուհետ իրենց օրերը նվիրելու են գիտական հետազոտություններին, իսկ հյուրերին ընդունելու են միայն գիշերը։ Ֆրենկը գալիս է ոստիկանություն և խոստովանում, որ սպանել է Քեթրինին։ Բրյուսթերը փորձում է համոզել շերիֆին, որ ինքը տեսել է Քեթրինին ողջ և առողջ, և որ նա ամբողջ օրը զբաղված է լինելու, բայց շերիֆը պնդում է, որ գնա «Մութ կաղնիներ»: Նա գտնում է Քեթրինի դիակը և բերում դիահերձարան:

Այդ ընթացքում Բրյուսթերի տուն է ժամանում հունգարացի պրոֆեսոր Լազլոն։ Բժիշկ Բրյուսթերը նկատում է, որ Ալուկարդ բառը հակառակ ընթերցմամբ կլինի Դրակուլա, և հասկանում է, որ նա վամպիր է: Ավելի ուշ մայրը որդուն բերում է պրոֆեսորի մոտ կծված պարանոցով, և դա միայն հաստատում է Լազլոյի ենթադրությունները։ Ավելի ուշ կոմսը գալիս է Բրյուսթերի և Լազլոյի մոտ, բայց նրանք հանում են խաչը, ուղղում այն կոմսի վրա, և նա անհետանում է:

Վամպիր Քեթրինը մտնում է Ֆրենկի խուց և բացատրում, որ ինքը դեռ սիրում է նրան, որ նա ամուսնացել է Ալուկարդի հետ միայն անմահության հասնելու համար, և որ նա ցանկանում է անմահությունը կիսել նրա հետ: Ֆրենկը սկզբում չի համաձայնում, բայց հետո զիջում է նրան, քանի որ նա ասում է նրան, թե ինչպես ոչնչացնել Ալուկարդին: Ֆրենկը փախչում է բանտից և փնտրում Ալուկարդի թաքստոցը. այն գտնվում է քարանձավի ճահիճներում, այնտեղ է նրա դագաղը, որի մեջ կոմսը թաքնվում է արևի լույսից։ Ֆրենկը այրում է նրա դագաղը: Կոմսն այլևս արևի ճառագայթներից թաքնվելու տեղ չունի և մահանում է։ Բրյուսթերը, Լազլոն և շերիֆը գտնում են այն վայրը, որտեղ ցերեկը քնում էր Ալուկարդը, և հայտնաբերում միայն նրա կմախքը։ Այնուհետև նրանք գնում են «Մութ կաղնիներ», որտեղ իմանում են, որ Ֆրենկը հրկիզել է նաև Քեթրինին և դրանով իսկ ոչնչացրել նրան:

Թիմ խմբագրել

Դերերում[1] խմբագրել

  • Լոն Չեյնի Կրտսեր` կոմս Ալուքարդ (Դրակուլա)
  • Էվելին Անկերս` Քլեր Քալդուել
  • Ռոբերտ Փեյջ` Ֆրենկ Սթենլի
  • Լուիզ Օլբրիտոն` Քեթրին Քալդուել
  • Ֆրենկ Քրավեն` դոկտոր Բրյուսթեր
  • Ջ. Էդվարդ Բրոմբերգ` պրոֆեսոր Լազլո
  • Սեմուել Հինդս` դատավոր Սիմոնս
  • Ադելին Դե Ուոլթ Ռեյնոլդս` մադամ Զիմբա
  • Պատրիկ Մորիարտի` շերիֆ Դևիս
  • Էտտա ՄակԴենիել` Սառա
  • Ջորջ Իրվինգ` գնդապետ Քալդուել
  • Չարլզ Բեյթս` Թոմի Լենդ (տիտրերում նշված չէ)
  • Ջոան Բլեր` տիկին Լենդ (տիտրերում նշված չէ)
  • Ջես լի Բրուքս` կամերդիներ Սթիվեն (տիտրերում նշված չէ)
  • Ջիմի Քրոու` մադամ Զիմբայի օգնականը (տիտրերում նշված չէ)
  • Սիրիլ Դելևանտի` բժիշկ Փիթերս (տիտրերում նշված չէ)
  • Ռոբերտ Դադլի` համաշխարհային դատավոր Ջոնաթան Քիրբի (տիտրերում նշված չէ)
  • Բեն Իրվեյ` Չարլի, գնացքի վագոնավար (տիտրերում նշված չէ)
  • Ռոբերտ Ֆ. Հիլ` Ֆրենկի տեղակալ (տիտրերում նշված չէ)
  • Սեմ ՄակԴենիել` Էնդի, ծառա, որը ողջունում է Դրակուլային (տիտրերում նշված չէ)
  • Ջորջ Միքեր` երեկույթի հյուր (տիտրերում նշված չէ)
  • Չարլզ Ռ. Մուր` Մեթյու, պլանտացիայի աշխատող (տիտրերում նշված չէ)
  • Ջեք Ռոքվել` Ջեք, տեղակալ (տիտրերում նշված չէ)
  • Ուոլտեր Սենդ` Մաք, տեղակալ (տիտրերում նշված չէ)
  • Էմմեթ Սմիթ` ծառա (տիտրերում նշված չէ)

Նկարահանող խումբ[1] խմբագրել

  • Ռեժիսոր` Ռոբերտ Սիոդմակ
  • Սցենարիստ` Էրիկ Թեյլոր
  • Բնօրինակ պատմություն` Կուրտ Սիոդմակ
  • Պրոդյուսեր` Ֆորդ Բիբի
  • Ասոցացված պրոդյուսեր` Դոնալդ Հ. Բրաուն
  • Գործադիր պրոդյուսեր` Ջեք Ջ. Գրոս
  • Կոմպոզիտոր` Հանս Զալտեր
  • Ձայնային ռեժիսոր` Բեռնարդ Բ. Բրաուն
  • Օպերատոր` Ջորջ Ռոբինսոն
  • Գեղարվեստական ղեկավարներ` Ջոն Բ. Գուդման, Մարտին Օբզինա
  • Զգեստների դիզայներ` Վերա Ուեսթ
  • Դեկորացիայի նկարիչներ` Ռասել Ա. Գաուսման, Էդվարդ Ռ. Ռոբինսոն
  • Մոնտաժ` Սոլ Ա. Գուդկայնդ
  • Տեխնիկական մասնագետ` Չարլզ Քերոլ
  • Ռեժիսորի օգնական` Մելվիլ Շայեր
  • Հանդերձապան` Վերա Ուեսթ

Արտադրություն խմբագրել

Արտադրության մշակում և պատրաստում խմբագրել

«Դրակուլայի որդին» դարձել է Դրակուլայի մասին թվով երրորդ ֆիլմը, որը թողարկել Է Universal ընկերությունը, նախորդը «Դրակուլայի աղջիկն» էր (1936 թվական)[2]: Թոդ Բրաունինգի «Դրակուլայի» (1931 թվական) պրեմիերայից հետո` երեք շաբաթվա ընթացքում, Universal-ը Հեյսի գրասենյակ է ներկայացրել երեք ֆիլմերի շարունակությունների անունները՝ «Ժամանակակից Դրակուլա» (անգլ.՝ Modern Dracula), «Դրակուլայի վերադարձը» (անգլ.՝ The Return of Dracula) և «Դրակուլայի որդին» (անգլ.՝ The Son of Dracula)[3]: Այս ֆիլմերից որևէ մեկի հնարավոր սյուժեի վերաբերյալ նշումներ չկան[3]։ «Դրակուլայի որդին» արտադրվել է Universal-ում նախորդ երկու ֆիլմերից տարբերվող չափանիշներով: Ընկերությունը սարսափ ֆիլմերի արտադրության վրա աշխատանքը վերսկսել է միայն 1938 թվականին, առաջին թողարկված ֆիլմը դարձել է «Ֆրանկենշտեյնի որդին» (1939 թվական), իսկ Universal-ի խորհրդի նոր նախագահ Ջոն Չիվեր Քաուդին ակտիվ մասնակցություն է ունեցել ընկերության ստեղծման գործում[4]: Universal ընկերության շահույթը 1941 թվականին ավելի բարձր էր, քան 1940 թվականին, իսկ «Դրակուլա» և «Ֆրանկենշտեյն» (1931 թվական) ֆիլմերի ընդհանուր եկամուտը 1942 թվականի սկզբին Motion Picture Herald թերթի կողմից հայտարարվել է որպես «ապշեցուցիչ լավ բիզնես»[5]: Այս իրադարձություններից հետո` հունիսի 5-ին, Daily Variety-ն հայտարարել է, որ ազդարարվել են Լոն Չեյնի Կրտսերի մասնակցությամբ երկու նոր սարսափ ֆիլմեր՝ «Ֆրանկենշտեյնը հանդիպում է գայլ մարդուն» (1943 թվական) և «Դրակուլայի որդին»[6]:

1942 թվականի մայիսին Կուրտ Սիոդմակին հանձնարարվել է գրել ֆիլմի սցենարը[7]: Հունիսի 8-ին Լոս Անջելես Թայմս թերթը հայտնել է, որ Կուրտ Սիոդմակը դեռևս գրում է սցենարը[8]: Կուրտ Սիոդմակի նախորդ աշխատանքները հիմնված էին «Ֆ. Պ.-1-ը չի արձագանքում» (1932 թվական) ֆիլմի բնօրինակ վեպի և սցենարի «սարսափի» և գիտաֆանտաստիկայի, ինչպես նաև «Սև ուրբաթ» (1940 թվական), «Անտեսանելի մարդու վերադարձը» (1940 թվական), «Կապիկը» (1940 թվական), «Գայլ մարդը» (1941 թվական) և «Անտեսանելի գործակալը» (1942 թվական) ֆիլմերի հոլիվուդյան սցենարների վրա[8]: Հուլիսի 24-ին Motion Picture Herald-ը հայտնել է, որ Universal-ը ձեռք է բերել Սիոդմակի սցենարի սևագիր տարբերակը[9] ։ Daily Variety-ն նշել է, որ Էրիկ Թեյլորին հանձնարարվել է գրել վերջնական սցենարը[9]։ Թեյլորը նախկինում Սիոդմակի հետ աշխատել էր «Սև ուրբաթի» վրա, ինչպես նաև «Օպերայի ուրվականը» (1943 թվական) և «Ֆրանկենշտեյնի ուրվականը» (1942 թվական) ֆիլմերում[10]: 1984 թվականին Թոմ Ուիվերին տված հարցազրույցում Կուրտ Սիոդմակը ասել է, որ այն բանից հետո, երբ իր եղբայրը՝ Ռոբերտ Սիոդմակը, աշխատանքի է ընդունվել որպես ֆիլմի ռեժիսոր, նա ստիպել է եղբորը լքել նախագիծը[7][10]: Կուրտը բացատրել է, որ իրենք «եղբայրական թշնամություն են ունեցել: Երբ մենք Գերմանիայում էինք, Ռոբերտը ամսագիր ուներ, և երբ ես գրում էի նրա համար, ստիպված էի փոխել անունս։ Նրան միայն մեկ Սիոդմակ էր պետք։ Դա տևեց 71 տարի, մինչև նա մահացավ»[7]: «Դրակուլայի որդու» արտադրության պատմության մասին իր գրքում Գարի Դ. Ռոդսը ենթադրել է, որ Կուրտը կարող էր սխալվել այս կոնկրետ իրավիճակում, քանի որ որևէ ցուցում չկա, որ Ռոբերտն արդեն աշխատանքի է ընդունվել որպես ռեժիսոր, երբ Թեյլորն աշխատանքի է ընդունվել սցենարի վրա աշխատելու համար[10]: Ուիվերը ենթադրել է, որ ֆիլմի գործողությունները տեղի չեն ունենում «Դրակուլա» (1931 թվական) և «Դրակուլայի աղջիկը» (1936 թվական) ֆիլմերի շրջանակներում[11]։ Ուիվերը նշել է, որ «Դրակուլայի որդին»-ում պրոֆեսոր Լազլոն հայտարարում է, որ Կոմս Դրակուլան ոչնչացվել է 19-րդ դարում, ինչը չի համապատասխանում նախկինում հիշատակված երկու ֆիլմերի պատմությանը[12]։ Ուիվերը նաև ուշադրություն է հրավիրել մամուլի այն հոդվածի վրա, որում ասվում է, որ «թեև «Դրակուլայի որդին» շարունակություն չէ (1931 թվականի «Դրակուլայի»), այնուամենայնիվ այն հիմնված է հիմնականում վամպիրի մասին նույն սարսափելի լեգենդի վրա»[12]:

Լուիզ Օլբրիտթոնն ընտրվել է Քեթրինի դերի համար, իսկ նրա դերը Universal-ի կողմից հայտարարվել է հունվարի 7-ին։ Իմանալով այս ամսաթիվը՝ Ռոդսը ենթադրել է, որ դերասանուհուն դերի համար ընտրել են հենց վերջին պահին[13]։ Մամուլի հաղորդագրությունների համաձայն՝ Էվելին Անկերսը Քլերի դերի համար ընտրվել է դերասանների մեծ մասի ընտրությունից առաջ։ Չեյնին իր դերը ստացել է հենց առաջինը[13]: Անկերսը նախկինում արդեն նկարահանվել էր Universal-ի այլ ֆիլմերում, այդ թվում՝ «Կալանավորեք այս ուրվականին» (1941 թվական), «Գայլ մարդը», «Ֆրանկենշտեյնի ուրվականը», «Վայրի գերուհին» (1943 թվական) և «Խելագար Գուլը» (1943 թվական)[14]։ Universal-ը հայտարարել է, որ Ֆրենկ Քրևենը և Ջ. Էդվարդ Բրոմբերգը քասթինգ են անցել 1943 թվականի հունվարի 12-ին[15]:

Նկարահանումներ խմբագրել

 
Ֆիլմի պաշտոնական լոգոն

1942 թվականի հուլիսի 14-ին հայտարարվել է, որ նկարահանումները պետք է սկսվեն սեպտեմբերին[8]։ Ավելի ուշ՝ 1942 թվականի դեկտեմբերին, The Hollywood Reporter-ը հայտարարել է, որ նկարահանումները կսկսվեն 1943 թվականի հունվարի 4-ին[16]։ Այս վերջնաժամկետը պահպանելու համար Universal-ը դեկտեմբերի 29-ին Արտադրական օրենսգրքի ադմինիստրացիա (PCA) ներկայացրել է սցենարի նոր նախագիծ հաստատման համար, սցենարը կոչվում էր «Ճակատագիր» (անգլ.՝ Destiny)[16]: Դեկտեմբերի 31-ի պատասխանում ասվում էր, որ ներկայիս սցենարը չի հաստատվի PCA-ի կողմից, 1943 թվականի հունվարի 4-ին քննարկման է ուղարկվել սցենարի մեկ այլ տարբերակ, ինչը հանգեցրել է ֆիլմի նկարահանումների հետաձգման[17]։ Ֆիլմի նկարահանումները սկսվել են 1943 թվականի հունվարի 7-ին[2][17]:

Ջորջ Վագներն ի սկզբանե պետք է դառնար ֆիլմի պրոդյուսերի օգնականը, սակայն չափազանց զբաղված էր «Օպերայի ուրվականը» (1943 թվական) ֆիլմով[6][7]: Հունվարի կեսերին նրան փոխարինել է Ֆորդ Բիբին[7][17]։ Բիբին նախկինում եղել էր «Ֆլեշ Գորդոնի ճանապարհորդությունը դեպի Մարս» (1938 թվական), «Բաք Ռոջերս» (1939 թվական), «Ուրվականի սպառնալիքը» (1939 թվական), «Ֆլեշ Գորդոնը նվաճում է տիեզերքը» (1940 թվական) սերիալների, ինչպես նաև գեղարվեստական ֆիլմերի, ինչպիսին էր, օրինակ, «Գիշերային հրեշը» (1942 թվական), համառեժիսորը[18]: Նա դարձել է ֆիլմի երկրորդ ռեժիսորը։ Նկարահանման հրապարակում տեղի է ունեցել դերասանների փոփոխություն. սկզբում Ֆրենկի դերի համար հրավիրվել էր Ալան Քերթիսը, սակայն նրան փոխարինել է Ռոբերտ Փեյջն այն բանից հետո, երբ Քերթիսը ծնկի վնասվածք է ստացել «Միս և ֆանտազիա» (1943 թվական) ֆիլմի եզրափակիչ տեսարանների նկարահանումների ժամանակ[19]։ Ռոդսի խոսքով՝ «Դրակուլայի որդու» արտադրության մասին քիչ մանրամասներ են պահպանվել ստուդիական ֆայլերի կամ առևտրային հաշվետվությունների տեսքով[20]։ Ֆիլմի նկարահանումներն ավարտվել են փետրվարի 2-ին[21]։

Ռոբերտ Սիոդմակը, որն այն ժամանակ պայմանագիր է կնքել շաբաթական 150 դոլարով, ասել է, որ չի ցանկանում նկարահանել այս ֆիլմը. նա սցենարն անվանել է «սարսափելի. այն հավաքվել է մի քանի օրում»: Նա հայտարարել է, որ այդ աշխատանքն անել իրեն համոզել է իր կինը, ով ասել է, որ եթե ցույց տա, որ «մի փոքր ավելի լավն է», քան Universal-ի մյուս ռեժիսորները, դա տպավորություն կթողնի ստուդիայի վրա: Նկարահանումների մեկնարկից երեք օր անց նրան առաջարկել են յոթ տարվա պայմանագիր։ «Մենք շատ վերաշարադրումներ ենք արել, և արդյունքը վատ չի ստացվել», - ասել է նա: «Այն լավը չէր, բայց որոշ տեսարաններ հաստատ որակյալ են ստացվել»[22]։

Ֆիլմը մոնտաժել է Սոլ Ա. Գուդքայնդը[23][24]։ Նա նախկինում աշխատել էր Բիբիի հետ՝ մոնտաժելով «Ֆլեշ Գորդոն» և «Ճանապարհորդություն դեպի Մարս» ֆիլմերը։ Ռոդսը մեկնաբանել է, որ քիչ բան է հայտնի ֆիլմի հետարտադրության մասին։ Նա նշել է, որ ֆիլմում առկա են միայն աննշան փոփոխություններ երկխոսություններում, որոնք դուրս են այն ամենից, ինչ գրված է սցենարի վերջնական տարբերակում[23]։

1943 թվականի մամուլի առաջին հաղորդագրություններում ասվում էր, որ որ ֆիլմի վամպիրը Դրակուլայի հետնորդն է, ինչն արտացոլված է ֆիլմի վերնագրում։ Սա հաստատվում է երկու կերպարների երկխոսության մեջ: Պրոֆեսոր Լազլոն և դոկտոր Բրյուսթերը մտածում են այն մասին, որ նա կարող է լինել իրական Դրակուլայի հետնորդը, սակայն ավելի ուշ տեսարաններից մեկում Քեթրինը, խոսելով վամպիրի մասին, արտասանում է «նա Դրակուլան է» արտահայտությունը[24]:

Այս ֆիլմն առաջինն էր, որ ցույց է տվել, թե ինչպես է չղջիկը վերածվում մարդու: Հնարքը կատարել է հատուկ հնարքների վարպետ Ջոն Փ. Ֆուլթոնը: Ֆուլթոնը Universal-ի հատուկ հնարքների գլխավոր նկարիչն էր 1933 թվականի «Անտեսանելի մարդը» ֆիլմից[25]:

Թողարկում խմբագրել

Նկարահանումների ավարտից հետո, մինչև դրա թողարկումը, անցնում է մոտ վեց ամիս[26]: 1943 թվականի փետրվարի 27-ի համարում Motion Picture Herald թերթը ֆիլմը համարել է 162 ֆիլմերից մեկը, որոնց համար հոլիվուդյան ստուդիաները դեռ չեն նշել պրեմիերայի ամսաթիվ[26]։ Քննարկելով ֆիլմի թողարկումը՝ Ռոբերտ Ջ. Քիսը ենթադրել է, որ ուշացումը պայմանավորված է ռազմական ֆիլմերով, որոնք, որպես կանոն, պետք է հնարավորինս արագ թողարկվեին, որպեսզի պահպանեին իրենց արդիականությունը, քանի որ Միացյալ Նահանգները ներգրավվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ[27]: ԱՄՆ-ում լայն վարձույթ դուրս գալուց առաջ ֆիլմը ցուցադրվել է Մեխիկոյի Սինե Օլիմպիա կինոթատրոնում 1943 թվականի հոկտեմբերի 20-ին: Այն թողարկվել է իսպանական կրկնօրինակով` El hijo de Dracula անվանմամբ: Դա կրկնակի ցուցադրություն էր, որին հաջորդել է «Վայրի գերուհին» (1943 թվական) ֆիլմը։ Այնուհետև տեղի է ունեցել ֆիլմի եռօրյա ցուցադրություն Կանադայում` Բրենդոն քաղաքում` «Capitol» կինոթատրոնում` սկսած 1943 թվականի նոյեմբերի 1-ից[28]։

«Դրակուլայի որդին» և «Խելագար Գուլը» ցուցադրվել են հոկտեմբերի 30-ին՝ կեսգիշերին, Միացյալ Նահանգների մեծ և փոքր քաղաքներում[29]: Օրինակ, այն ցուցադրվել է Միսսուրի նահանգի Մերիվիլ քաղաքի «Թիվոլի» թատրոնում և Յուտա նահանգի Սիդար Սիթի քաղաքի «Փարքսա» թատրոնում[30]։ Տպագիր հրատարակությունների մեծ մասը ֆիլմի պրեմիերայի մասին հայտարարել Է Նյու Յորքի «Ռիալտո» կինոթատրոնում նոյեմբերի 5-ին, թեև կինոթատրոնն ինքը չի հայտարարել այդ մասին[31][32]։ Ռիալտո կինոթատրոնում ֆիլմը նախապես նախատեսված երկշաբաթյա ցուցադրությունից տեղափոխվել է չորսշաբաթյա ցուցադրություն՝ առաջին շաբաթվա ընթացքում հավաքելով 11000 դոլար[32]: Boxoffice ամսագրի 1944 թվականի նոյեմբերի 11-ի համարում հրապարակվել է զեկույց 336 ֆիլմերի առաջին ցուցադրությունների մասին, որոնք թողարկվել են 1943 թվականի երրորդ եռամսյակից մինչև 1944 թվականի կեսերը ամերիկյան 22 խոշոր քաղաքներում: «Դրակուլայի որդին» ֆիլմի տոմսերի վաճառքը միջինից 23%-ով բարձր է եղել, և հրատարակությունը ֆիլմը հիթ է անվանել: Դա Universal-ի ամենահաջողված սարսափ և գիտաֆանտաստիկ ֆիլմն էր այս ժամանակահատվածում: Համեմատության համար նշենք, որ Universal-ի «Ջունգլիների կինը» (1944 թվական) և «Անտեսանելի տղամարդու վրեժը» (1944 թվական) ֆիլմերը ունեցել են համապատասխանաբար միջինից բարձր 14% և 13% արդյունքներ: Միևնույն ժամանակ, «Մումիայի ուրվականը» (1943 թվական) և «Խենթ գուլը» (1944 թվական) ֆիլմերը համապատասխանաբար միջինից 5%-ով բարձր և միջինից 2%-ով ցածր արդյունք են ունեցել: Եթե համեմատենք ֆիլմը այլ ընկերությունների ֆիլմերի հետ, ապա այն չի հասել նույն բարձր ցուցանիշներին, ինչպես 20th Century Fox ընկերության «Վարձակալը» (1944 թվական) կամ Paramount Pictures ընկերության «Անկոչները» (1944 թվական), ունեցել է նույն միջին ցուցանիշները, ինչ RKO ընկերության «ՈՒրվական նավը» (1943 թվական), և շրջանցել է Columbia Pictures-ի «Վամպիրի վերադարձը» ֆիլմը[33]։ Խոշոր քաղաքներից դուրս «Դրակուլայի որդին» ֆիլմի տոմսերի ամրագրումը տևել է երկու-երեք օր, ինչը ժամանակի սովորական պրակտիկա էր[34]:

«Դրակուլայի որդին» առաջին անգամ վերաթողարկվել է կինոթատրոններում 1948 թվականին[35]։ 1951 թվականի օգոստոսին Realart Pictures ընկերությունը, որը զբաղվում էր կինոթատրոններում ֆիլմերի կրկնակի վարձույթով, կինոթատրոններում 1948 թվականին «Դրակուլայի որդին» թողարկել է որպես «Սարսափի 7 օրեր» (անգլ.՝ 7 Days of Horror) փաթեթի մի մաս, որի արդյունքում մեկ շաբաթվա ընթացքում ցուցադրվել է 14 Universal ֆիլմեր[36]:



Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Rhodes, 2019, Son of Dracula (Universal, 1943)
  2. 2,0 2,1 «Son of Dracula». American Film Institute (անգլերեն). 2021 թ. մայիսի 03. Արխիվացված է օրիգինալից 2021 թ. մայիսի 03-ին. Վերցված է 2021 թ. օգոստոսի 03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. 3,0 3,1 Rhodes, 2019, էջ 48
  4. Rhodes, 2019, էջ 49
  5. Rhodes, 2019, էջեր 50—51
  6. 6,0 6,1 Rhodes, 2019, էջ 52
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Brunas, Weaver, Brunas, 2007, էջ 366
  8. 8,0 8,1 8,2 Rhodes, 2019, էջ 53
  9. Rhodes, 2019, էջ 55
  10. 10,0 10,1 10,2 Rhodes, 2019, էջ 56
  11. Rhodes, 2019, էջ 146
  12. 12,0 12,1 Rhodes, 2019, էջ 147
  13. 13,0 13,1 Rhodes, 2019, էջ 63
  14. Rhodes, 2019, էջեր 63—64
  15. Rhodes, 2019, էջ 65
  16. 16,0 16,1 Rhodes, 2019, էջ 59
  17. 17,0 17,1 17,2 Rhodes, 2019, էջ 61
  18. Rhodes, 2019, էջ 62
  19. Rhodes, 2019, էջեր 65—66
  20. Rhodes, 2019, էջ 67
  21. Rhodes, 2019, էջ 70
  22. Taylor, 1959, էջ 180
  23. Rhodes, 2019, էջ 72
  24. «Press kit from 1943 film». Universal publicity department. 1943. Արխիվացված է օրիգինալից 2021 թ. ապրիլի 19-ին. Վերցված է 2018 թ. հուլիսի 31-ին.
  25. Ron Miller Special Effects: An Introduction to Movie Magic. — Twenty-First Century Books, 2006 թ. հունվարի 01. — 134 с. — ISBN 9780761329183
  26. 26,0 26,1 Rhodes, 2019, էջ 94
  27. Rhodes, 2019, էջեր 94—95
  28. Rhodes, 2019, էջ 95
  29. Rhodes, 2019, էջեր 97—98
  30. Rhodes, 2019, էջ 98
  31. «Son of Dracula». IMDB.Com. 1943 թ. նոյեմբերի 05. Արխիվացված է օրիգինալից 2018 թ. մարտի 26-ին. Վերցված է 2018 թ. հուլիսի 31-ին. {{cite web}}: Unknown parameter |coauthors= ignored (|author= suggested) (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  32. 32,0 32,1 Rhodes, 2019, էջ 100
  33. Rhodes, 2019, էջ 93
  34. Rhodes, 2019, էջ 109
  35. Rhodes, 2019, էջ 91
  36. Rhodes, 2019, էջ 122

Գրականություն խմբագրել