Մայրս և ես (կտավ)

Էդուարդ Իսաբեկյանի կտավը

Մայրս և ես, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի 1983 թվականին (կտավի վրա նշված է 1967) ստեղծած իմաստային մտահղացմամբ կտավ։

Մայրս և ես
տեսակգեղանկար
նկարիչԷդուարդ Իսաբեկյան
տարի1983
բարձրություն130
լայնություն80
նյութԿտավ, յուղաներկ
գտնվում էԷդուարդ Իսաբեկյան ցուցասրահ
հավաքածուԷդուարդ Իսաբեկյան ցուցասրահ
կայք
Ծանոթագրություններ

Պատմություն խմբագրել

Մոր մահից վեց տարի անց Իսաբեկյանն անդրադառնում է հարազատ կերպարին՝ անցյալին վերադառնալով նոր վերապրումով։ Ձգտելով ընդհանրացումների՝ նկարիչը մոր նկարագրին հաղորդում է մոնումենտալ երանգներ, հաստատում մայրության, որդիական սիրո, պարտքի, կարոտի մնայնությունը, մեկ անգամ ևս արժեքավորում հավերժական զգացմունքները, նեոռոմանտիկ թախիծով կարևորում հիշողությունը։ Նկարագրական կենցաղայնության փոխարեն արվեստագետը դիմում է յուրահատուկ մտորումների։ Ստեղծագործության հիմքը հոգևոր-հուզական զգայականությունն է՝ իբրև անձնավորված ապրում։ Պահպանելով մոր կերպարի անհատական գծերը, նկարիչը թեթև ձգվածություն է հաղորդում կնոջ իրանին, կեցվածքին՝ որոշ հանդիսավոր վեհություն։

Նկարագրություն խմբագրել

Կտավի ընդհանուր կոմպոզիցիոն կառուցվածքն աչքի է ընկնում ստատիկայի հանդիսավորությամբ։ Մոր վսեմ կերպարի կողքին Իսաբեկյանը ներկայանում է իբրև պատանյակ, սակայն դեմքի և արտահայտության նկարագրերի տարիքին անհամապատասխան դրամատիզմով, ինքնամփոփ հույզով, մտորումներով։

Մոր՝ տիկին Սաթենիկի կերպարն ամփոփված է հատուկ հանդերձներով, որոնց մի մասին Իսաբեկյանը պատմականացված տարազի բնույթ է հաղորդում. կապույտ բացվածքի և կրծքամասում երևացող շագանակագույն երանգային հագեցածություն ունեցող կարմիր շապիկի հատվածներում։ Կոլորիտի ընդհանուր գամման մուգ է։ Անթափանց ֆոնը ճեղքվում է լուսային ու գունային շեշտադրումներով։ Նկարիչն օգտագործում է լույսի ներքին էմոցիոնալ հնարավորությունները, դուրս բերելով մոր կերպարանքը խուլ ֆոնից, դիմահայաց վառ լուսավորում գլխաճակատը, աստիճանաբար սահեցնում այն (լույսը) մինչև ձեռքերը, ստեղծում դեմքի, պարանոցի հարուստ լուսաստվերային մշակումներ, հագուստի ձևերի ու ծալքերի չափավոր ռիթմ։ Կտավում վառ գունային հակադրություն է պատանու վերնաշապիկի ալ կարմիրը, որ հակադրում է ինքնապատկերի գունա-ծավալային տարբերությունը նկարի մյուս մասերի համեմատ։

Ստեղծագործության մեջ երկու կերպարների «գոյությունը» կտավի տարածական հարթության մեջ արտասովոր է ու երկակի։ Արվեստագետի մտահղացումն ինքնին հետադարձ հայացք է երկու անձերի, նրանց ճակատագրերի՝ մոր և իր. առաջին դեպքում ետմահու, երկրորդում՝ երիտասարդ տարիքի։ Կտավում մոր և որդու կերպարները կոնկրետ ատրիբուտներով հանդերձ՝ մեկնաբանված են տարանջատ, ժամանակային և հոգեբանական անջրպետային տարբերությամբ։ Իսաբեկյանն ինքնապատկերը տեղադրում է զգուշավորությամբ՝ չխաթարելով մոր կերպարի ամբողջականությունը, ստեղծագործության հիմնական գաղափարը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել