Մայակովսկի

գյուղ ՀՀ Կոտայքի մարզում

Մայակովսկի, գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում` մարզկենտրոնից 40 կմ հարավ-արևմուտք։ Նախկինում կոչվել է Շահապ[2]։

Գյուղ
Մայակովսկի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԿոտայքի
Այլ անվանումներՇահապ
ԲԾՄ1400 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն2167 մարդ (2012[1])
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Մայակովսկի (Հայաստան)##
Մայակովսկի (Հայաստան)

Տեղադրություն խմբագրել

Մայակովսկի գյուղը գտնվում է Աբովյան քաղաքից 2,5 կմ հարավ - արևելք՝ Նորգյուղ, Արամուս և Բալահովիտ գյուղերի միջակայքում՝ լայնագոգ հարթության վրա։ Ծովի մակերևույթից բարձր է 1410 - 1437 մ։

Անվանում խմբագրել

Մինչև 1940 թվականը հայտնի էր Շահապ անվամբ[3]։

Պատմություն խմբագրել

Մայակովսկի գյուղը միջնադարից եղել է Կոտեից գավառի հայաբնակ գյուղերից մեկը, սակայն 1604 թվականին շահաբասյան բռնագաղթի հետևանքով ամայացել է։ Շահապ անվամբ գյուղը հիշվում է 1760- ական թվականներին այդտեղ գտնվող Գեղարդավանքին պատկանող մի ձիթհանի առնչությամբ[4]։ Սակայն, ի տարբերություն մերձակա Բարձաբի, Կապուտան, Ակունք, Արամուս, Կամարիս, Էլառ և այլ գյուղերի, որոնք բռնագաղթից շատ չանցած վերակենդանացել են որպես հայաբնակ գյուղեր, Շահապը մնացել է սակավամարդ։ Շահապի շենացումն սկսվում է 1820- ական թվականների վերջերին՝ ռուս- պարսկական պատերազմից հետո Խոյ ու Սալմաստ գավառներից հեռացած և այստեղ բնակություն հաստատած հայերի շնորհիվ[3]։ Շահապը համալրվում է Մեծ եղեռնից հետո Վանի և Տարոնի շրջաններից փրկվածներով, իսկ ավելի ուշ՝ նաև Հյուսիսային Արցախից, մասնավորապես Գանձակից բռնագաղթված հայերի հաշվին։

Բնակչություն խմբագրել

Նախնիները հիմնականում գաղթել են 1829-1830 թթ.-ին Սալմաստի գավառի Հիջվազ գյուղից։ Սկսած 1831 թվականից մինչև մեր օրերը հասնող վիճակագրական տվյալների համադրումից երևում է, որ ընդհանուր առմամբ Շահապ-Մայակովսկին արձանագրել է բնակչության հարատև աճ։ Բացասական միտումներ նկատվել են 1838 - 1842 թվականներին բնակիչների մի մասի՝ այլ բնակավայրեր, մասնավորապես Փարպի [Ն 1], Խաթունարխ, Երևան և Թիֆլիս փոխադրվելու, 1914-1931 թվականներին Առաջին աշխարհամարտի և նրան հաջորդած տարիներին։

Մայակովսկու ազգաբնակչության փոփոխությունը.[6]

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 134 532 769 938 904 1143 1609 1727 1830 2161[7]

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, ծխախոտագործությամբ, պտղաբուծությամբ և բանջարա-բոստանային կուլտուրաների մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Մայակովսկիում է գտնվում 1828 թվականին կառուցված Սբ. Գևորգ գմբեթավոր եկեղեցին, Գերեզմանատան Սուրբ Հովհաննես եկեղեցին։

Սուրբ Գևորգ եկեղեցի խմբագրել

Թեև վաղագույն հիշատակության մեջ (1839 թվական) եկեղեցին վկայված է Սբ. Աստվածածին անվամբ, այնուամենայնիվ, արդեն հետագա վավերագրերում (1842 և 1909թվականներ) նույն եկեղեցին հիշվում է Սուրբ Գևորգ անվամբ։ Հարկ է նշել, որ վիմագրում հիշատակված Ղազար քահանա Պողոսյանը Պարսկահայքից իր իսկ հոտի հետ փոխադրված և արդեն Շահապում հովվությունը շարունակած հոգևորականն էր, քանի որ նա ծնվել է 1776 թվականին, քահանա ձեռնադրվել՝ 1810 թվականի մարտի 9-ին։ 1910 թվականին եկեղեցին վերակառուցվել է։

Ճարտարապետություն խմբագրել

Եկեղեցին ունի իր ժամանակաշրջանին հատուկ և լայն տարածքում գտած եռանավ բազիլիկ հորինվածք, կիսաշրջանաձև խորան, ուղղանկյուն հատակագծով զույգ ավանդատներ, արևմտյան և հարավային ճակատներից բացված զույգ մուտքեր։ Խաչաձև կտրվածքով երկու զույգ սյուները պահում են երկկենտրոն՝ սլաքաձև թաղը։ Արտաքուստ երեսապատված է սրբատաշ տուֆով, իսկ ներքուստ՝ սվաղված, որն էլ մասամբ որմնանկարազարդված է։

Գերեզմանատան Սուրբ Հովհաննես եկեղեցի խմբագրել

1947 թվականին գյուղ այցելած Հ. Եղիազարյանը նշել է.

  Գյուղի արևելյան ոզրին կա մի այլ եկեղեցու շենք, դա հին գյուղի եկեղեցին է..., այդ եկեղեցին նույնպես 19-րդ դարի գործ է, շարված է տուֆի անմշակ փոքր կտորներից, ցեխով, տանիքը փայտածածկ է եղել, որն այժմ ամբողջապես քանդված է։  

Ճարտարապետություն խմբագրել

Այս եկեղեցին իր չափերով ավելի փոքր է։ Այն ունի միանավ բազլիկ հորինվածք՝ արևմտյան ճակատից բացված մեկ մուտքով և արտաքուստ նույն ճակատին ագուցված գեղաքանդակ մի քանի խաչքարների բեկորներով, ներսում ՝ հյուսիսային որմում՝ մկրտարանի ավազանով։ Այդօրինակ խաչքարի մի բեկոր էլ ագուցված է եկեղեցու ներսում՝ մկրտարանի խորշի մեջ։

Գերեզմանոց խմբագրել

Ներկայումս գյուղն ունի ներեք գերեզմանոց։ Դրանցից ամենահինը գտնվում է գյուղի կենտրոնական մասում՝ Սուրբ Գևորգ եկեղեցուց շուրջ 200 մ հարավ- արևելք։ Իր հնությամբ երկրորդ գերեզմանոցը գտնվում է գյուղի արևելյան եզրին՝ նախկին ծխական, ներկայիս գերեզմանատան Սուրբ Հովհաննես եկեղեցու շուրջ։ Գյուղի երրորդ գերեզմանոցը գոյացել է վերջին տասնամյակներին և դեռևս պատմական արժեք չի ներկայացնում։

Տես նաև խմբագրել

Նշումներ խմբագրել

  1. Ի դեպ, Փարպի էր փոխադրվել նաև 1831 թվականին Շահապում գյուղապետ վկայված Ղազար Խուդգարյանը[5]․․․

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Կոտայքի մարզի մարդահաշիվը (հայ.)
  2. «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան - Շահապան». www.nayiri.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 5-ին.
  3. 3,0 3,1 «Նորգյուղ և Մայակովսկի գյուղերի պատմական հուշարձաններ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 29-ին.
  4. Սիմեոն կաթողիկոս Երևանցի, Ջամբռ, Երևան,2003
  5. ՀԱԴ, ֆ. 90, ց. 1, գ. 93, թ. 28; գ. 319, թ. 21
  6. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 131» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 10-ին.
  7. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները