Մահափորձ Արկադի Ղուկասյանի դեմ

Մահափորձ Արկադի Ղուկասյանի դեմ, զինված հարձակում Արցախի նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ, որն իրականացվել է 2000 թվականի մարտի 22-ին[1][2]։ Մահափորձի հետևանքով Արկադի Ղուկասյանը ստանում է հրազենային վիրավորում[1][2]։ Իրավապահ մարմինները հայտարարում են, որ մահափորձի պատվիրատուն Սամվել Բաբայանն է[1][2]։

Մահափորձ Արկադի Ղուկասյանի դեմ
Թվականմարտի 22, 2000
ՎայրՍտեփանակերտ, Արցախ Արցախ
ՎնասվածքներԱրկադի Ղուկասյան
Մեղավոր է (են) ճանաչվելՍամվել Բաբայան

Նախապատմություն խմբագրել

1998-1999 թվականներից սկսում են խոսակցություններ շրջանառվել այն մասին, որ Արցախի քաղաքական և ռազմական ղեկավարության հարաբերությունները լարված են[1][2]։ Ստեփանակերտում խոսում էին Արցախի նախագահ Ռոբերտ Քոչարյանի և պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի «խուլ դիմադրության» մասին[1]։ 1999 թվականի ամռանը Ստեփանակերտի քաղաքապետ, ՆԳՆ նախկին ղեկավար Կարեն Բաբայանը, ով Սամվել Բաբայանի հարազատ եղբայրն է, հայտարարում է, որ համաձայն չէ Արցախի նախագահ Արկադի Ղուկասյանի որոշ քայլերի, մասնավորապես, Անուշավան Դանիելյանին Արցախի վարչապետի պաշտոնին նշանակելու հետ[1]։ Դրանից հետո Արցախի նախագահը մի շարք հանդիպումներ է ունենում Արցախի ռազմական գործիչների հետ, որոնց արդյունքները կողմերը տարբեր կերպ էին մեկնաբանում[1]։ 1999 թվականի դեկտեմբերին սկսում են հնչել Սամվել Բաբայանի հրաժարականի մասին կոչեր, որոնց նա հետևյալ կերպ էր արձագանքում. «Իմ հրաժարականը փախուստին հավասար մի բան է լինելու և փոքրոգության տպավորություն կթողնի։ Այժմ, երբ Վազգեն Սարգսյանն այլևս չկա, ես գնալու բարոյական իրավունք չունեմ։ Իմ հրաժարականը ձեռնտու է միայն մեր երկրի թշնամիներին»[1]։ 1999 թվականի դեկտեմբերի 14-ին Արցախի կառավարության շենքի դիմացի հրապարակում Արցախի վարչապետ Անուշավան Դանիելյանի և Սամվել Բաբայանի միջև ընդհարում է տեղի ունենում[1]։ Մի քանի օր անց Սամվել Բաբայանը հրաժարական է տալիս[1][2]։

Պատմություն խմբագրել

2000 թվականի մարտի 22-ին Ստեփանակերտում Արցախի նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ է իրականացվում, որի հետևանքով Արկադի Ղուկասյանը ստանում է հրազենային վիրավորում[1][2]։ Իրավապահ մարմինները հայտարարում են, որ մահափորձի պատվիրատուն Սամվել Բաբայանն է[1][2]։

Դատական նիստ խմբագրել

2000 թվականի հուլիսի 12-ին Արցախի գլխավոր դատախազի առաջին տեղակալ, քննչական խմբի ղեկավար Արամայիս Ավագյանը հայտարարում է, որ մահափորձի կազմակերպման համար մեղադրվող Արցախի նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի փաստաբանը բացահայտորեն ձգձգում է քրեական գործի նյութերի ուսումնասիրությունը` օրեկան ընթերցելով ընդամենը 15-20 էջ[3]։ Քննչական խմբի ղեկավարը ընդգծում է, որ նման ընթացքը ձեռնտու չէ նաև պաշտպանյալին, քանի որ, իր խոսքերով, Սամվել Բաբայանը նույնպես դժգոհություն է հայտնել նման դանդաղկոտության կապակցությամբ[3]։ Արամայիս Ավագյանը չի բացառել, որ եթե փաստաբան Ժուդեքս Շաքարյանը շարունակի հավատարիմ մնալ իր ընտրած ուղղությանը, քննիչը կարող է ընդունել որոշում` նյութերի հետ ծանոթանալու համար որոշակի ժամկետ սահմանելու վերաբերյալ[3]։ Արամայիս Ավագյանը հաղորդել է, որ մոտակա օրերում կավարտվի գործի ուսումնասիրությունը այլ մեղադրայլների նկատմամբ[3]։ Արցախի նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձի կազմակերպման քրեկան գործը բաղկացած է 15 հատորից[3]։

2000 թվականի սեպտեմբերի 18-ին Ստեփանակերտում մեկնարկում է Արցախի նախագահի դեմ մահափորձի գործով դատական նիստը[1]։ Ընդհանուր առմամբ գործով անցնում էր 16 անձ[1]։

2000 թվականի դեկտեմբերի 28-ին դատական նիստում կայանում է Սամվել Բաբայանի երկրորդ հարցաքննությունը, որի ընթացքում նա հրաժարվում է ապրիլի 3-ին տված խոստովանական ցուցմունքներից։ Այդ փաստը նա բացատրում է նրանով, որ ցուցմունք տալու պահին չէր գիտակցել, թե ինչ է ասել[1]։

2001 թվականի փետրվարի 26-ին Սամվել Բաբայանի գործով մեղադրական վճիռ է կայացվում, որը նախատեսում էր ունեցվածքի բռնագրավում և 14 տարի ազատազրկում[1][2]։ Արցախի պաշտպանության նախկին նախարարը զրկվում է նաև «Արցախի հերոս» կոչումից և «Ոսկե արծիվ» շքանշանից[1][2]։

2004 թվականի սեպտեմբերի 17-ին Արկադի Ղուկասյանը Սամվել Բաբայանին ներում շնորհելու մասին հրաման է ստորագրում[1][2]։

Հետագա ընթացք խմբագրել

2020 թվականի մայիսի 29-ին Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար դարձած[4] Սամվել Բաբայանը նույն թվականին Արկադի Ղուկասյանի դեմ իրականացված մահափորձի գործով արդարացման գործընթաց է սկսում[5][6]։ Սամվել Բաբայանի փաստաբան Արամ Ղլեչյանը այս առիթով հարցազրույց է տալիս, որի ժամանակ ասում է․ «Այն ենթադրությունը, որ այստեղ քաղաքական ինչ-որ ազդեցությամբ սրբագրման խնդիր կա, անլուրջ է։ Սա նեղ իրավական գործընթաց է, ի հայտ են եկել հանգամանքներ, որոնք փաստում են այն մասին, որ այն անձինք, որոնք ցուցմունք են տվել այս գործով, ենթարկվել են խոշտանգումների։ Նրանց մի մասը թելադրանք են գրել, մի մասը ինչ-որ հորինվածք են հաստատել։ Հիմա այդ մարդիկ նախաքննական մարմնին ասում են, որ այն ինչ տեղի է ունեցել, իրականության հետ ոչ մի առնչություն չունի»[5][6]։

Արցախի դատախազության կապերի բաժնից հայտնում են, որ հուլիսի 27-ին Սամվել Բաբայանի փաստաբանից ստացված միջնորդության քննարկման արդյունքում օգոստոսի 20-ին գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվում է քրեական գործ[6]։ Ըստ դատախազության՝ գործը հարուցվում է Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը՝ զուգորդված բռնության գործադրմամբ) և 366-րդ հոդվածի 2-րդ մասով (Հետաքննություն կատարող անձի կողմից ցուցմունք տալուն հարկադրելը, որն ուղեկցվել է ծաղրուծանակով, խոշտանգմամբ) նախատեսված հանցագործությունների հատկանիշներով[6]։

Մահափորձը իրականացնողներ խմբագրել

Սամվել Բաբայան խմբագրել

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը ծնվել է 1965 թվականին Ստեփանակերտում[1][2]։ Նա Լեռնային Ղարաբաղի ազգային-ազատագրական շարժման ակտիվ մասնակիցներից է եղել[1][2]։ 1991 թվականին նա ձերբակալվել էր և մոտ 6 ամիս անցկացրել է Բաքվի բանտում[1][2]։ 1992-1993 թվականներին Արցախի զինված ջոկատների ղեկավարներից մեկն է եղել[1][2]։ Մասնակցել է Շուշիի ազատագրման գործողության մշակմանը և իրագործմանը[1][2]։ Այնուգետև՝ 1993 թվականի նոյեմբերից մինչև 1999 թվականի դեկտեմբերը, եղել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար[1][2]։ Հատկանշական է, որ 1994 թվականի Բիշքեկյան արձանագրության՝ Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված հրադադարի մասին եռակողմ համաձայնագրի տակ դրված է Սամվել Բաբայանի ստորագրությունը[1][2]։

2004 թվականին բանտից ազատվելուց հետո Սամվել Բաբայանը Արցապից տեղափոխվում է Հայաստան, ստեղծում «Դաշինք» կուսակցությունը, որն արդեն 2007 թվականին գործակցում էր Երևանի նախկին քաղաքապետ, ԵԿՄ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանի «Ազգային վերածնունդ», ինչպես նաև՝ Ռամկավար ազատական կուսակցությունների հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 «Պարզաբանում. Սամվել Բաբայան». mediamax.am. 2016 թ․ մայիսի 26. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 6-ին.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 «Գեներալ առանց բանակի. Ինչով էր զբաղվում «Իժոն» պատերազմից հետո». panarmenian.net. 2017 թ․ մարտի 27. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 6-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «ԼՂՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԳՏՆՈՒՄ Է, ՈՐ ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆԸ ԿԱՆԽԱՄՏԱԾՎԱԾ ՁԳՁԳՈՒՄ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՆՅՈՒԹԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ». panarmenian.net. 2000 թ․ հուլիսի 12. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 7-ին.
  4. «Սամվել Բաբայանը նշանակվել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար». armenpress.am. 2020 թ․ մայիսի 29. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 6-ին.
  5. 5,0 5,1 «Արկադի Ղուկասյանի դեմ իրականացված մահափորձի գործով ի հայտ են եկել նոր հանգամանքներ. ցուցմունք տվողները ենթարկվել են խոշտանգումների». 1in.am. 2020 թ․ սեպտեմբերի 13. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 6-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 «Արկադի Ղուկասյանի մահափորձի դեպքով նոր քրգործ է հարուցվել». infocom.am. 2020 թ․ սեպտեմբերի 11. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 6-ին.