Մազդակյան շարժում կամ Մազդակիզմ, գյուղացիության և քաղաքային չքավորության շարժում Սասանյան Իրանում V դարի վերջին-VI դարի 20-ական թվականներին։ Առաջացել է ազնվականության և զրադաշտական հոգևորականության ազդեցության ուժեղացման, կենտրոնական իշխանության թուլացման, արտաքին քաղաքականության անհաջողությունների և երկրում տարածված սովի հետևանքով։ 488 թվականի շարժման ղեկավարը և գաղափարախոսը քուրմ Մազդակն էր։ Մազդակյան շարժման գաղափարախոսության՝ մագդակիզմի հիմքը զրադաշտական դավանանքի չարի և բարու անընդհատ պայքարի դրույթն էր։ Նյութական փոխօգնության մասին Զրադաշտի պատվիրանը մազդակիզմը դիտում էր գույքային ընդհանրության և հավասարության գաղափարի մեջ։ Մազդակը կոչ էր անում սոցիալական անհավասարությունը վերացնել բռնի ուժով։ Սեփականության վերաբաշխումը, գույքային հավասարեցումը, իրավական հավասարությունը մազդաքյանների հիմնական պահանջներն էին։ Ազնվականության և հոգևորականության ազդեցությունը թուլացնելու նպատակով շահ Կավադ I (488-496) հարեց Մազդակյան շարժմանը։ 496 թվականին ազնվականությունը գահընկեց արեց Կավադ I-ին։ 499 թվականին վերագրավելով գահը, Կավադ I Մազդակյան շարժման մասնակիցներին տվեց պետական պաշտոններ, Մազդակը դարձավ մոգպետ։ Մազդակյանները սկսեցին իրագործել գույքային հավասարության գաղափարը։ Վախենալով Մազդակյան շարժման ուժեղացումից՝ Կավադ I մերձեցավ թուլացած ազնվականությանը և սկսեց հալածել Մազդակյան շարժման մասնակիցներին։ VI դարի 20-ական թվականներին Կավադ I-ի որդի Խոսրով I Անուշիրվանը ճնշեց Մազդակյան շարժումը։

Մազդակյան շարժում
Դիմանկար
Ծնվել է5-րդ դար
Մահացել է529 կամ 531
ԿրոնԶրադաշտականություն
Մասնագիտությունփիլիսոփա և քաղաքական գործիչ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 132