Մագնիսական փոթորիկներ, Երկրի մագնիսականության տարրերի սահուն ընթացքը կտրուկ խախտող Երկրի մագնիսական դաշտի ուժեղ խոտորումներ։ Մագնիսական փոթորիկներ տևում են մի քանի ժամիցից մինչև մի քանի օր և դիտվում են ամբողջ Երկրի վրա միաժամանակ։ Որպես կանոն Մագնիսական փոթորիկներ բաղկացած են նախնական, սկզբնական, գըլխավոր և վերականգնման փուլերից։ Նախնական փուլում դիտվում են Երկրի մագնիսական դաշտի աննշան փոփոխություններ (հիմնականում բարձր լայնություններում), ինչպես նաև բնորոշ, դաշտի փոքր պարբերությամբ տատանումների գրգռումներ։ Սկզբնական փուլը բնութագրվում է դաշտի առանձին բաղադրիչների հանկարծակի վափոխմամբ ամբողջ Երկրի վրա, իսկ գլխավորը՝ դաշտի մեծ տատանումներով և հորիզոնական բաղադրիչի խիստ նվազմամբ։ Մագնիսական փոթորիկների վերականգնման փուլում դաշտը վերադառնում է իր նորմալ արժեքին։ Մագնիսական փոթորիկներ առաջանում են Արեգակի ակտիվ տիրույթներից դուրս եկող պլազմայի հոսքերով, որոնք համադրվում են արևապսակի պլազմայի հաստատուն, շառավղային արտահոսքին՝ արեգակնային քամուն։ Այդ պատճառով Մագնիսական փոթորիկները համարյա համընկնում են արեգակնային ակտիվության 11-ամյա պարբերության մաքսիմումների հետ։ Մագնիսական փոթորիկները երկրաֆիզիկական ավելի ընդհանուր երևույթի՝ մագնիսոլորտային փոթորկի հիմնական դրսևորումներից են։ Մագնիսոլորտային փոթորիկը ուղեկցվում է Երկրի վերին մթնոլորտում բևեռափայլի, իոնոլորտի գրգռումների, ռենտգենյան և ցածր հաճախականության ճառագայթումների առաջացումով։ Մագնիսական փոթորիկների ժամանակ էապես փոփոխվում են ռադիոալիքներն անդրադարձնող և կլանող իոնոլորտի շերտերի պարամետրերը (տեղաբաշխման բարձրություն, էլեկտրոնների խտություն և այլն), որի հետևանքով առաջանում են կարճալիք ռադիոկապի զգալի խանգարումներ։ Մագնիսական խոտորումների ժամանակ տեղի է ունենում նաև վերին մթնոլորտի տաքացում և ջերմության փոխանցում ներքնոլորտին։ Այս երևույթը նպաստում է ներքնոլորտում շրջապտտական շարժումների զարգացմանն ու ցիկլոնների առաջացմանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 118