Ճորտ ավատական (ֆեոդալական) կամ ճորտատիրության դարաշրջանի՝ տիրոջը հարկատու ռամիկ։ Կարելի է բացատրել նաև որպես անհատին ծառայող անձ, կամակատար։

Ճորտերի կողմից կոռի կատարումը ավատատիրոջ հողատարածքի վրա։ Անգլիա, 1310 թ․ ձեռագիր մատյանի նկարազարդում։
Ճորտատիրուհի Դարյա Սալտիկովան իր ձեռքով մտրակահարում է ճորտին։ Ռուսաստան, ԺԸ դար։
Ճորտի մտրակահարումը Ռուսաստանում։
Ճորտերի ամբոխը Ռուսաստանում։

Ծագում խմբագրել

Հայագիտության մեջ երկար ժամանակ չէին կարողանում պարզել ՙճորտ՚ բառի ծագումը, թեպետ բոլոր դարերում շատ լավ հայտնի է եղել այդ բառի նշանակությունը։ Սովորաբար «ճորտ» գոյականը նշանակում է Ավատատիրական կամ ֆեոդալաական դարաշրջանի ժամանակվա՝ տիրոջը հարկատու ռամիկ[1]։

Ճորտ բառի ծագումը անհայտ է, ըստ «Հայերեն ստուգաբանական բառարանի»[2], թեպետ նա բացատրում է այդ բառը որպես՝ «ծառա», «սպասավոր», «փոքրավոր», «ձիապան»[2]։ Հայերէն Արմատական բառարանը ևս չի կարողանում տալ ճորտ արմատի ծագումը[3]։ Ըստ իս, այն ծագում է ճոր բառից, որը նշանակում է ուժ, զոռ[4]։

Ստուգաբանություն խմբագրել

ՃՈՐՏ գոյականը հայկական բառարաններում ստուգաբանվում է որպես հպատակ, հարկատու (աւատատիրոջ)[5]։

Ստեփան Մալխասեանցի հայտնի բառարանում ՃՈՐՏ գոյականն ունի մի քանի նշանակություն․

Ա․ Սպասաւոր, ծառայ, փոքրաւոր[6]։

Բ․ Տան փոքրիկ ծառայ[6]։

Գ․ Աւատառու ազնուական[6]։ Կարելի է ներկայացնել որպես իր տիրոջ կամ ավելի ճշգրիտ՝ ավատատիրոջ՝ սյուզերենի նկատմամբ ավատատիրական կամ ֆեոդալական կախվածություն ունեցող անձ։

Դ․ Փողով գնուած անազատ մարդ, որին գնողը բանեցնում էր առանց վարձի և ըստ իւր հաճոյքի[6]։

Ե․ Իրաւազուրկ և անազատ գիւղացի, որն իւր ընտանիքով բնակւում է կալուածատիրոջ հողի վրայ, ու նրա համար աշխատում, և որին կալուածատէրը, իբրև իւր սեփականութիւն, կարող էր ծախել ուրիշին, և նոյնիսկ՝ անպատիժ սպանել[6]։

Օտարերկրյա զուգահեռներ խմբագրել

Հայկական «ճորտը» համապատասխանում է անգլո–սաքսոնական «սերֆ»–ին[7]։

Ճորտատիրական իրավունք խմբագրել

Ճորտերին հնազանդության մեջ պահելու համար ստեղծվել էր մի ամբողջ իրավաքաղաքական համակարգ, որը կոչվում է ՃՈՐՏԱՏԻՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ։ Վերջինս ավատատիրական կամ ֆեոդալական պետության իրավական նորմերի համակարգն է, որով կարգավորվել են կալվածատերերի և նրանցից անձնական կախման մեջ գտնվող գյուղացիների հարաբերությունները[8]։ ՃՈՐՏԱՏԻՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ սահմանել և ամրապնդել է ֆեոդալիզմի ժամանակ գյուղացիական կախվածության առավել լրիվ և դաժան ձևը։ Ճորտատիրական իրավունքի հիմնական հատկանիշն այն է, որ գյուղացիությունը համարվում էր հողին ամրացված, այստեղից էլ առաջացել է հենց այդ՝ ճորտատիրական իրավունքի հասկացողությունը։ Ճորտ գյուղացին իրավունք չուներ հեռանալու իր տիրոջից, պարտավոր էր նրա համար կատարել կոռ, բնամթերքով կամ դրամով վճարել բահրա[8]։ Նրանք, մյուս գյուղացիների նման, պետք է կատարեին նաև պետական պարհակային պարտավորություն՝ բեգար։ ՃՈՐՏԱՏԻՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆ օրինականացնում էր գյուղացու նկատմամբ կիրառվող ոչ միայն տնտեսական, այլև արտատնտեսական (բռնի) ճնշումը։ Արտատնտեսական հարկադրանքի ձևերն ու չափերը տարբեր էին, սկսած լրիվ ճորտացումից (որը քիչ էր տարբերվում ստրկականից), իսկ իրականում՝ չէր տարբերվում, վերջացրած գյուղացիների դասային անիրավահավասարությամբ՝ այս կամ այն երկրում ֆեոդալիզմի զարգացման պայմաններին համապատասխան[8]։ Ըստ ՃՈՐՏԱՏԻՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ, կալվածատերը իր ճորտի նկատմամբ ուներ ոչ լրիվ սեփականության իրավունք՝ նրան կարող էր վաճառել (հողի հետ միասին կամ առանց հողի), նվիրաբերել, ամուսնացող դստեր օժիտի մեջ մտցնել, ծեծել, աքսորել, բայց սպանելու իրավունք չուներ։ ՃՈՐՏԱՏԻՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆ ամենուրեք ձևավորվել է ֆեոդալական հասարակական–տնտեսական կարգերի առաջացման հետ միասին և հարատևել մինչև կապիտալիստական արտադրաեղանակի ծագումը[8]։ Այն ենթադրում էր բավականին ուժեղ պետական իշխանության առկայությունը, որը պետք է ապահովեր նրա հիմնական նորմերի իրականացումը։ Արևմտյան Եվրոպայում VII–IX դդ․ ճորտերն իրենց տերերից ունեին անձնական, դատական և հողային կախվածություն։ Բացառություն էին կազմում պալատական գյուղացիներն ու ստրուկները, սաժենահաշվով աշխատողները, որոնք հողին կամ պարոնին իրավաբանորեն ամրացված չէին[8]։ XIII–XIV դդ․, ապրանքադրամական հարաբերությունների զարգացման հետ, ճորտատիրական շահագործման նախկին՝ գյուղացուն առավել կախվածության մեջ պահող ձևերին փոխարինեցին բնամթերային, դրամական ռենտայի ձևերը, թույլատրվեց գյուղացիների փրկագնմամբ արձակումը։ X–XV դդ․, Արևմտյան Եվրոպայում ճորտատիրական կախման որոշ տարրեր տարածվում էին առանձին կատեգորիայի գյուղացիների վրա (վիլլաները՝ Կենտրոնական Անգլիայում, ռեմենսները՝ Կատալոնիայում, Ֆրանսիայում և Իտալիայի հարավում, սերվիները՝ Կենտրոնական և Հյուսիսային Իտալիայում և այլն)։ Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում (այդ թվում՝ Ռուսաստանում) ճորտատիրական իրավունքը կազմեց սոցիալական հարաբերությունների կարևորագույն մասը[8]։ Գյուղատնտեսական արտադրության վրա հիմնված ձեռնարկատիրական, կալվածատիրական տնտեսության զարգացումը, կոռային աշխատանքի արագ աճը և գյուղացիների բուրժուական շահագործմամբ շահագրգռված ազնվականության քաղաքական իշխանության առկայությունը այդ երկրներում նպաստեցին, այսպես կոչված, «ճորտատիրական երկրորդ հրատարակության» տարածմանը։ Արևելյան Գերմանիայում, Մերձբալթիկայում, Լեհաստանում, Չեխիայում, Հունգարիայում, Ռուսաստանում ճորտատիրական իրավունքը տարածվում էր գյուղացիության հիմնական մասի վրա։ Գյուղացիները պարտավոր էին իրենց տերերի համար աշխատել շաբաթվա 6 օրը, զրկված էին սեփականատիրական, անձնական, քաղաքացիական իրավունքներից։ Ճորտատիրական իրավունքը հիշյալ երկրներում հարատևեց ֆեոդալական հետադիմության հաղթանակի հետևանքով՝ երկար ժամանակ խոչընդոտելով կապիտալիստական հարաբերությունների զարգացմանը և վերացվեց XVIII–XIX դդ․ բարեփոխումների միջոցով[8]։

Ճորտերը Ռուսաստանում խմբագրել

Ռուսաստանում ճորտատիրությունն ու ճորտատիրական իրավունքը սկիզբ են առել XI դարից[8]։ Մինչև XV դ․ ճորտատիրական շահագործման ենթարկվել են գյուղացիական որոշ խավեր՝ ճորտացված ստրուկներ (տառապյալներ), պարտքի դիմաց կոռային աշխատանք կատարողներ (զակուպներ, սմերդներ), այլ խավերից ելած իզգոյներ (տնանկներ) ևն[8]։ Սմերդի և խոլոպի գույքային ու անձնական իրավունքները սահմանափակված էին հավասարաչափ[8]։ Նրանց սպանելու համար սահմանվում էր միևնույն տուգանքը։ XV դ․ ճորտատիրությունը Ռուսաստանում ընդգրկեց ողջ գյուղացիությունը, ուժեղացավ հողի սեփականատիրոջից նրանց կախվածությունը (Յուրիի օր, հողատիրոջը վերադարձնելու վաղեմության ժամկետի սահմանում կամ ընդհանրապես վաղեմության վերացում և այլն)։ 1861-ին ճորտատիրությունը Ռուսաստանում վերացվեց (տես Գյուղացիական ռեֆորմ 1861)[8]։

Ճորտերը Հայաստանում խմբագրել

Հայաստանում ճորտությունը և ճորտատիրական իրավունքը ծագել են վաղ ֆեոդալիզմի շրջանում, հողի մասնավոր ֆեոդալական սեփականության առաջացման հետ[8]։ Կալվածատերերն իրենց են ենթարկել չքավոր գյուղացիներին, ստիպել նրանց կոռային աշխատանք կատարել և իրենց ճորտացված ստրուկներին՝ «երդումարդ»-ներին դարձրել ճորտ գյուղացիներ[8]։ Դվինի 648 թվականի եկեղեցական ժողովի (տե՛ս Դվինի ժողովներ) 9-րդ կանոնը վկայում է, որ «ազատք զիւրեանց զերդումարդ բաժանեն․․․»[8]։ Այսպես կարող էին վարվել ոչ միայն ստրուկների, այլև ճորտերի հետ[8]։ Ճորտատիրական իրավունքն արտացոլվել է նաև Հայոց դատաստանագրքերում (Մխիթար Գոշի դատաստանագիրք, 2-րդ մաս, հոդված 3, Սմբատ Սպարապետի դատաստանագիրք, հոդված 118)[8]։ Ճորտատիրական իրավունքն ավելի մեծ թվով գյուղացիների վրա է տարածվել զարգացած ֆեոդալիզմի շրջանում, հատկապես Կիլիկիայի հայկական պետությունում[8]։ Հատկանշական է, որ «պառիկոս»-ներին (ճորտերին) վերաբերող նշված հոդվածը (118) Սմբատ Սպարապետը գրի է առել ստրուկներին նվիրված 115–117 հոդվածներից անմիջապես հետո[8]։ Հայտնի է նաև, որ մոնղոլական տերության առաջնորդի՝ Ղազան խանի 1303 թվականի յառլեխով (հրովարտակ) Արևմտյան իլխանության (այդ թվում՝ Հայաստանի) գյուղացիները փաստորեն ամրացվել են հողին[8]։ Այդ օրենքով 30-ամյա վաղեմության ժամկետ է սահմանվել փախած գյուղացիներին բռնի նրանց տերերին վերադարձնելու մասին[8]։ Ճորտատիրական իրավունքը դրանից հետո նույնպես դարեր շարունակ պահպանվել է զանազան դրսևորումներով։ Արևելյան Հայաստանում ճորտատիրական իրավունքը վերացվել է 1870-ի գյուղացիական ռեֆորմով (տես Գյուղացիական ռեֆորմ Հայաստանում (1870)), սակայն ճորտական աշխատանքի առանձին վերապրուկներ պահպանվեցին մինչև սովետական կարգերի հաստատումը[8]։ Իսկ ամբողջ ժողովրդի մեջ ճորտական հոգեբանությունը, ցավոք, խորը նստվածք է թողել, ինչը խանգարում է Հայ ժողովրդի ազատագրության և Ազատ, Անկախ, Միացյալ Հայաստանի ստեղծման գործընթացին։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Մանանդյան Հ․, Ֆեոդալիզմը Հին Հայաստանում, Ե․, 1934։
  • Սամուելյան Խ․, Հին հայ իրավունքի պատմություն, հ․ 1, Ե․, 1939։
  • Греков Б․ Д․, Крестьяне на Руси и древнейших времен до XVII в․, 2 изд․, кн․ 1–2, М․, 1952–54։
  • Бессмертный Ю․Л․, Северо-французский серваж, (К изучению общего и особенного в формах феодальной зависимости крестьян), в сб․։ Средние века, М․, 1971, в․ 33;
  • Кнапп Г․ Освобождение крестьян и происхождение сельскохозяйственных рабочих в старых провинциях Прусской монархии пер․ с нем․, СПБ, 1900․
  • Backman, Clifford R. The Worlds of Medieval Europe Oxford University Press, 2003.
  • Blum, Jerome. The End of the Old Order in Rural Europe (Princeton UP, 1978)
  • Coulborn, Rushton, ed. Feudalism in History. Princeton University Press, 1956.
  • Bonnassie, Pierre. From Slavery to Feudalism in South-Western Europe Cambridge University Press, 1991 excerpt and text search
  • Freedman, Paul, and Monique Bourin, eds. Forms of Servitude in Northern and Central Europe. Decline, Resistance and Expansion Brepols, 2005.
  • Frantzen, Allen J., and Douglas Moffat, eds. The World of Work: Servitude, Slavery and Labor in Medieval England. Glasgow: Cruithne P, 1994.
  • Gorshkov, Boris B. "Serfdom: Eastern Europe" in Peter N. Stearns, ed, Encyclopedia of European Social History: from 1352–2000 (2001) volume 2 pp 379–88
  • Hoch, Steven L. Serfdom and social control in Russia: Petrovskoe, a village in Tambov (1989)
  • Kahan, Arcadius. "Notes on Serfdom in Western and Eastern Europe," Journal of Economic History March 1973 33:86–99 in JSTOR
  • Kolchin, Peter. Unfree labor: American slavery and Russian serfdom (2009)
  • Moon, David. The abolition of serfdom in Russia 1762–1907 (Longman, 2001)
  • Scott, Tom, ed. The Peasantries of Europe (1998)
  • Vadey, Liana. "Serfdom: Western Europe" in Peter N. Stearns, ed, Encyclopedia of European Social History: from 1352–2000 (2001) volume 2 pp 369–78
  • White, Stephen D. Re-Thinking Kinship and Feudalism in Early Medieval Europe (2nd ed. Ashgate Variorum, 2000)
  • Wirtschafter, Elise Kimerling. Russia's age of serfdom 1649–1861 (2008)
  • Wright, William E. Serf, Seigneur, and Sovereign: Agrarian Reform in Eighteenth-century Bohemia (U of Minnesota Press, 1966).
  • Wunder, Heide. "Serfdom in later medieval and early modern Germany" in T. H. Aston et al., Social Relations and Ideas: Essays in Honour of R. H. Hilton (Cambridge UP, 1983), 249–72

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ՙԱւատական շրջանի տիրոջ հարկատու ռամիկ՞: Տե՛ս Բառգիրք հայերէն լեզուի։ Անդրանիկ Վարդապետ Կռանեան, Պէյրութ, 1998։ Էջ 278։
  2. 2,0 2,1 Հայերեն ստուգաբանական բառարան, Գեւորգ Ջահուկյան։ «Ասողիկ» Հրատարակչություն, Երեւան, 2010։
  3. Հայերէն արմատական բառարան։ Հրաչեայ Աճառեան։ Երեւանի Համալսարանի Հրատարակչութիւն, Երեւան, 1926։ Հատոր 3, Էջ 213։
  4. Ուստի Ճորտ կնշանակի ուժով, զոռով ենթարկված, հնազանդեցուած, կոտրուած մարդ։ Բացատրության հեղինակն է պատմաբան, գնդապետ Մնացական Ռ․ Խաչատրեանը։
  5. Տե՛ս, օրինակ՝ Յարութիւն Թ. Գայայեան, Բառարան Գանձարան Հայերէն Լեզուի. Գահիրէ։ Տպագրութիւն Գալֆա (1938)։ էջ 315։
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Աղբիւր՝ Ստեփան Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան. Երեւան։ Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն (1944), էջ 1372։
  7. Serf։ Person legally bound to a lord. In Europe, under the feudal system, serfs had to provide labour and other services and were usually bound to the land, holding a portion for their own use. Gone from w Europe by the end of the Middle Ages, serfdom persisted in Russia and parts of e Europe into the mid-19th century.
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 8,13 8,14 8,15 8,16 8,17 8,18 8,19 8,20 Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 7, էջ 105։

Արտաքին հղումներ խմբագրել