Ղարադաղլուի ազատագրում, մարտական գործողություն Արցախի Հանրապետության Մարտունիի շրջանի՝ Ղարադաղլու (այժմ՝ Վարանդա) գյուղի մոտ։ Տեղի է ունեցել 1992 թվականի փետրվարի 17-ին։ Ռազմական գործողությանը մասնակցել են Մարտունի քաղաքի, Ճարտար, Գիշի, Սպիտակաշեն, Հաղորտի, Կաղարծի, Ննգի գյուղերի կամավորական ջոկատները. ԼՂՀ ԻՊՈՒ առաջին վաշտը (հրամանատար՝ Ա. Ղուլյան) և «Արաբո» կամավորական ջոկատը (Մ. Եղիազարյան)։ Գործողության նպատակն էր ճնշել հակառակորդի կրակակետերը, պաշտպանել շրջակա գյուղերը մշտական հարձակումներից ու գնդակոծությունից, ապահովել շրջանի ճանապարհային հաղորդակցության անվտանգությունը։ Դեռևս 1988 թվականին կամավորական ջոկատները, Բաքվի հայ ազգաբնակչության կոտորածին ի պատասխան, պատժիչ գործողություն էին իրականացրել Ղարադաղլու գյուղում տեղակայված հակառակորդի դեմ, որից հետո հակառակորդը համալրել էր տեղի կայազորը և սաստկացրել հարձակումներն ու գնդակոծությունները շրջակա գյուղերի վրա։ 1992 թվականի փետրվարի 16-ի գիշերը Մուշկապատի բարձունքից գործել են ԼՂՀ ԻՊՈԻ-ի մեկական ականանետ և ինքնաշեն թնդանոթ, Կաղարծիի բարձունքից՝ ՀՄՄ։ Լուսադեմին ԻՊՈՒ ջոկատները տարբեր կողմերից հարձակվել են գյուղի վրա։ Հակառակորդը կատաղի ղիմադրել է հատկապես դպրոցի շենքի շտաբում։ Ազատամարտիկները, ճնշելով դիմադրության վերջին օղակները, թողնված միջանցքով դուրս են մղել կայազորի մնացորդները և ազատագրել գյուղը։ Ռազմական գործողության ժամանակ թշնամուց առգրավվել է 70 միավոր զենք, մեծ քանակությամբ զինամթերք, սպանվել է և գերեվարվել 60-ից ավելի զինվոր։ Գործողության թեժ պահին Ամիրանլարի հենակետից հակառակորդի կազմավորումները հարձակվել են Մարտունի քաղաքի ուղղությամբ՝ նպատակ ունենալով շեղել ԻՊՈՒ հրամանատարության ուշադրությունը Ղարադաղլուրից և կասեցնել հարձակումները, սակայն ԻՊՈՒ և կամավորական ջոկատները հաջողությամբ են իրականացրել Ղարադաղլուի ազատագրման գործողությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։