Հրաբխականություն, երկրակեղևի խոր հորիզոններից մագմայական զանգվածների և հաճախ դրանց ուղեկցող գազանման նյութերի դեպի երկրի մակերևույթ տեղափոխման հետ կապված երևույթների ու պրոցեսների ամբողջություն։ Ընդգրկում է երկրի խորքում ու մակերևույթին մագմայի գործունեությունը պայմանավորող և տիեզերական երևույթները հրվիժակների առաջացումը Արեգակի վրա ևն)։ Ըստ դրսևորման առանձնահատկությունների և արտավիժած նյութերի տարբերում են պլատֆորմային, գեոսինկլինալային և լեռնածին (օրոգեն) հրաբխականություն, ըստ տևողության և հրաբխային կենտրոնների ձևերի ու տեղաբաշխման՝ բազմածին, միածին, ճեղքային, բազմաելք, մակաբույծ հրաբխականություն, ըստ տեղի՝ օվկիանոսային, մայրցամաքային, կղզային, ստորջրյա հրաբխականություն, ըստ դրսևորման ժամանակի՝ հնագույն, երիտասարդ, նորագույն, ժամանակակից հրաբխականություն, ըստ արտավիժված նյութերի գերակշռող կազմի՝ բազալտային, անդեզիտային, ռիոլիտային և այլ հրաբխականություն, ըստ երևույթների բնույթի՝ արտավիժումային, ներժայթքային, արտաժայթքային, արտապայթունային հրաբխականություն ևն։ Հայկական լեռնաշխարհի տարածքին առավել բնորոշ են գեոսինկլինալային (յուրայի, կավճի, էոցենի դարաշրջաններում) և լեոնածին (օլիգոցենի, պլիոցենի և չորրորդական դարաշրջաններում) հրաբխականություն։ Հայաստանի տարածքի զգալի մասը (Աշոցքի, Լոռու, Եղվարդի, Կոտայքի, Ջերմուկի, Եռաբլրի սարահարթեր, Ջավախքի լեռներ) ծածկված է պլիոցեն-չորրորդականի հրաբխյան նյութերով, որոնք պարունակում են շինանյութերի (բազալտ, տուֆ, ավազ, խարամ, պեմզա ևն) հարուստ պաշարներ։

Կարիմսկի հրաբուխ
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրաբխականություն» հոդվածին։