Հրաբխագիտություն, գիտություն հրաբուխների ու հրաբխականության մասին։ Ուսումնասիրում է հրաբուխների առաջացման պատճառները, դրանց տեղաբաշխման օրինաչափությունները, գործունեության և կառուցվածքային առանձնահատկությունները, հրաբխային նյութերի (լավաներ, գազեր և այլն) կազմը, տեղադրման պայմանները, հրաբխականության դերը երկրի կառուցվածքի ու զարգացման պատմության մեջ ևն։ Հրաբխագիտության խնդիրներն են հրաբխային արտավիժումների կանխատեսումը, դրանց բնույթի վերահսկումը (ավերածություններից խուսափելու համար) և հրաբխային էներգիայի պաշարներից օգտվելու եղանակների մշակումը։

Հրաբխագետը դաշտային աշխատանքի ժամանակ

Հրաբխագիտությունը Հայաստանում խմբագրել

Միջին դարեր խմբագրել

Հայկական աղբյուրներում հրաբխագիտության առաջին տեղեկությունները հանդիպում են Հակոբ Մծբնացու հիշատակություններում և Ստեփանոս Օրբելյանի «Պատմութիւն նահանգին Սիսական» աշխատությունում։ Հայկական լեռնաշխարհի վերաբերյալ հրաբխագիտայաբ տվյալներ կան Հ. Աբիխի «Հայկական լեռնաշխարհի երկրաբանությունը» երկհատոր աշխատության մեջ։

20-րդ դարի հետազոտություններ խմբագրել

Հայաստանում 1927-1950 թթ.-ին հրաբխագիտական առաջին ուսումնասիրությունները կատարել են ԽՍՀՄ ԳԱ հատուկ արշավախմբերի մասնակիցներ Ֆ. Լևինսոն-Լեսինգը, Ա. Զավարիցկին, Ա. Լեբեդևը, Վ. Պետրովը, Լ. Կվաշան և ուրիշներ։

Հրաբխագիտությունը որպես առանձին գիտություն ՀՍՍՀ-ում խմբագրել

1959 թ.-ին Երևանում կայացած համամիութենական առաջին հրաբխագիտական խորհրդակցության որոշմամբ, 1963 թ.-ին Հայաստանի ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտում ստեղծվել է հրաբխագիտության բաժին (1976 թ.-ից՝ հրաբխագիտության լաբորատորիա)։ Հանրապետության տարածքի հրաբխագիտական ուսումնասիրությունները կատարվել են Հայաստանի ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտում և Հայաստանի բնապահպանության նախարարությունում։

Վերջին շրջանի հետազոտություններ խմբագրել

Մանրամասն հետազոտվել և տեղեկություններ են տրվել Հայաստանի տարածքին բնորոշ միածին հրաբուխների վերաբերյալ, քարտեզագրվել են Հայաստանի տարածքի հրաբխային առաջացումները, կազմվել է նորագույն հրաբուխների քարտացուցակ, ըստ խմբերի, տեսակների, հասակների նկարագրվել ու ստորաբաժանվել են ավելի քան 550 հրաբխային կենտրոն։

Հանրապետության տարածքի հրաբխայնությանը վերաբերող ուսումնասիրություններն ամփոփված են «Հայկական ՍՍՀ երկրաբանությունը» 3-րդ և 4-րդ հատորներում (ռուսերեն, 1966, 1970

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 612