Հունոտի կիրճ, բնապատմական արգելոց, որը գտնվում է Արցախի Հանրապետության Շուշիի շրջանում[1]։ Այստեղ են գտնվում պատմական, բնական և ճարտարապետական մի շարք գեղատեսիլ վայրեր։ 2020 թ, Արցախյան երկրորդ պատերազմից հետո Հունոտի կիրճի զգալի մասը դարձել է պետական սահման, հարավային մասը անցել է Ադրբեջանին։

Հունոտի կիրճ

Ջդրդուզ խմբագրել

Կատարոտ կամ Ջդրդուզ կոչվող դաշտավայրը գտնվում է Շուշի քաղաքի եզրին[2]։ Դաշտն ունի մոտ 5 հեկտար տարածք։

Շուշիի պարիսպներ խմբագրել

 
Շուշիի պարիսպներ

Պաշտպանական ամրոցների շինարարությունը սկսվել է 18-րդ դարում[1]։ Դրանք Շուշիին օգնում էին պաշտպանվել Մխիթարաշեն և Քարինտակ գյուղերի կողմից հարձակվող զավթիչներից։ Ինչպես նաև օգնում էին պաշտպանել Հունոտի ջրաղացները, որոնք Շուշիի համար կարևորագույն նշանակություն ունեին։

 
Ջդրդուզ

Զոնտիկներ խմբագրել

 
Մամռոտ քար ջրվեժ
 
Մամռոտ Քար ջրվեժ

Մամռոտ Քար ջրվեժն ավելի հայտնի է (ռուս.՝ зонтики) Զոնտիկներ կամ Հովանոց անունով։ Սկիզբ առնելով կիրճի ներսից այն թափվում է մամռապատ քարի վրա և հովանոցաձև ջրվեժ ձևավորում։ Մամռոտ Քար ջրվեժը գտնվում է Կարկառ գետի ափին՝ բնական լողավազանի մոտ։

 
Զոնտիկներ

Հունոտ գյուղ խմբագրել

Հունոտ գյուղը հիմնադրվել է 18-րդ դարում։ 1895 թվականին 130 բնակիչ ունեցող գյուղը մեծ դեր էր խաղացել Շուշիի համար։ Բերդաքաղաքին ալյուր մատակարարող ջրաղացների մեծամասնությունը գտնվում էին հենց Կարկառ գետի վրա՝ Հունոտի տարածքում[1]։ Գյուղը լքվել է 1930 թվականին։

Հունոտի ջրաղացներ խմբագրել

 
Հունոտի ջրաղացների ավերակներից

Հունոտի կիրճում և դրա շրջակայքում մոտ 12 ջրաղացների ավերակներ են պահպանվել[3]։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին այս ջրաղացները Շուշի քաղաքին ալյուր մատակարարելու գործում մեծ դեր են խաղացել։

Քարանձավ Ավանա Կարան խմբագրել

Բերդաքաղաք Շուշիի կիրճը հայտնի է նաև քարանձավներով, որի վրա այն կառուցվել է։ Դրանցից ամենամեծը և հայտնին Ավանա Կարան քարանձավն է։ Ավանա Կարանը գտնվում է Շուշիի հարավ-արևմուտքում, որը կոչվում է Ավանի Քերծ։ Քարանձավն ունի մոտ 75 մ խորություն և մինչև 15 մ հասնող լայնություն, իսկ բարձրությունը 7-10մ է[1]։ Քարանձավի ուղղահայաց մուտքի մոտ կարող եք տեսնել մարդաշեն հատվածներ, քարե պատեր և այլ կառույցներ։ Դրանք տարիներ շարունակ կառուցվել են տարբեր նպատակների ծառայելու համար, քանի որ քարանձավը մարդկանց կողմից օգտագործվել է Ք.ա. 2-րդ հազարամյակից սկսած մինչև 18-րդ դարը։

 
Շուշիի քարանձավներ

Քարանձավ Ալեքսանա Ղուզե խմբագրել

Ալեքսանա Ղուզե քարանձավը գտնվում է Քարինտակ գյուղի հարավ-արևմուտքում՝ Կարպեն Քերծ սարի ստորոտում՝ Զառ գետի ձախ ափին։ Այս քարանձավն ունի մոտ 50 մ խորություն և շուրջ 7 առանձնացած սրահներ։ Հելլենիստական դարաշրջանում բնակեցված լինելով՝ Ք.ա. 1-ին դարից մինչև մ.թ. 1-ին դարը քարանձավը հանդիսացել է հեթանոսական պաշտամունքի վայր։ Այսօր քարանձավը հանդիսանում է Արցախում բնակվող սպիտակաթև չղջիկների միակ հանգրվանը, որոնցից պետք է խուսափել, քանի որ մարդկանց ներկայությունը կարող է մեծ վնաս հասցնել դրանց բազմացմանն ու զարգացմանը[1]։

Պըլը Պուղի հուշաքար խմբագրել

Հայտնի սրամիտ Պըլըն ծնվել է 1731 թվականին, և չնայած մահացել է 1810 թվականին՝ նա դեռ ապրում է ժողովրդական բանահյուսության մեջ և ճանաչված է արցախյան բոլոր ընտանիքներում[4]։ Պըլը Պուղին զվարճացնում էր Մելիքին և նրա հյուրերին հանգստի և տոնակատարությունների ժամանակ։ Այդ ժամանակ նա համարձակորեն քննադատում էր նաև Մելիքի սխալ որոշումները, հաճախ դրանով իսկ օգնելով վերջինիս լուծել դժվար խնդիրներ։ Բանահյուսությանը համաձայն՝ Պըլը Պուղիի աճյունը գտնվում է Շոշ և Մխիթարաշեն գյուղերի արանքում տեղակայված քարանձավում, և այդտեղ էլ, 1976 թվականին կառուցվեց Վարանդայի Մելիք Շահնազարի պալատական ծաղրածուի՝ Պըլը Պուղու հուշաքարը։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Հունոտի Կիրճ - ՏԵՍԱՐԺԱՆ ՎԱՅՐԵՐ - Karabakh Travel». karabakh.travel. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 16-ին.
  2. «Արցախի զարմանահրաշ վայրերը». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 16-ին.
  3. «ՀՈՒՆՈՏԻ ԿԻՐՃ. ԱՐՑԱԽԻ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆԵՐԻՑ ՄԵԿԸ | Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության». hushardzan.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 16-ին.
  4. “Guidebook Artsakh”, Ministry of Economy of NKR, Stepanakert, 2016