Հունգարիայի մշակույթ, հունգարական մշակույթը բազմազան է՝ սկսած մայրաքաղաք Բուդապեշտից մինչև ուկրաինական սահմանի հարթավայրեր։ Հունգարիան ունի հարուստ ժողովրդական արհեստների ավանդույթ, օրինակ ասեղնագործություն, խեցեգործություն, փորագրություն։ Հունգարիայի երաժշտությունը դասակագրվում է Ֆերենց Լիստի ռապսոդիաներից, ժողովրդական երաժշտությունից մինչև ժամանակակից երգեր, որոնք իրենց վրա են կրում ժողովրդական և հռոմեական երգերի ազդեցությունը։ Հունգարիան ունի հարուստ և բազմազան գրականություն։

Ճարտարապետություն խմբագրել

Հունգարիայի տարածքում պահպանվել են նոր քարեդարյան կավե քանդակներ, սկյութների և կելտերի արվեստի հուշարձաններ։ Հռոմեական բնակավայրերում (Աքվինկ, Ակարբանցիա) հայտնաբերվել են մենատների, ամֆիթատրոնների, որմնանկարների, խճանկարների մնացորդներ, արձաններ, սկահակներ, ապակե իրեր։ 9-րդ դարում Հունգարիայի տարածքում վերաբնակված հունգարները բերել են մետաղամշակման ավանդույթներ։ 11-13-րդ դդ. կառուցվել են ռոմանական ոճի եկեղեցիներ (բազիլիկներ Պեչում, Ժամբեկում, Լեբենիում)։ Քանդակային հարուստ հարդարանքով ուշագրավ է Յակի տաճարը (1220-1256)։ Նրբագեղությամբ առանձնանում է էստերգոմի վաղ գոթական պալատական կապելլան։ 12-րդ դ. ծաղկում է ապրել Պեչ քաղաքի քանդակագործական արվեստանոցը։ 11- 12-րդ դդ. դեկորատիվ արվեստը ներկայանում է ոսկերչական իրերով, արծնով, գործվածքով։ 13-15-րդ դդ. կառուցվել են գոթական եկեղեցիներ (Շոպրոնում, Պեշտում), բարձր պատերով ու աշտարակներով կանոնավոր (Դիոշդյոր) և անկանոն (Վիշեգրադ) հատակագծերով դղյակներ։ Մարաոն և Դյորդ Կոլոժվարի եղբայրները ստեղծել են (14-րդ դ. 2-րդ կես) հունգար թագավորների և սրբերի տպավորիչ արձաններ։

Արվեստը բարձր զարգացման է հասել Մատյաշ Հունյադի թագավորի օրոք (15-րդ դ. 2-րդ կես), տարածվել է Վերածննդի մշակույթը (հատկապես քանդակագործությունը)։ Հունգարիայում Վերածննդի ուրույն ճարտարապետություն ձևավորվել է 16-րդ դ., երբ երկրի մշակութային կենտրոն է դարձել էստերգոմը (լավագույն կառույցներից է Բակոցեն կապելլան, 1506-1507)։ Վերելք են ապրել որմնանկարչությունը, դեկորատիվ արվեստը, գրքի նկարազարդումը։ Թուրքական արշավանքները խոչնդոտել են հունգարական մշակույթի առաջընթացին, բազմաթիվ քաղաքներ և հուշարձաններ ավերվել են։ 17-րդ դ. վերջից Հունգարիայի արվեստում ուժեղացել է ավստրիական մշակույթի ազդեցությունը, որն արտահայտվել է բարոկկո ոճի տարածմամբ։ Հիմնականում կառուցվել են եկեղեցիներ և մագնատների պալատներ (Ռացկևի պալատը, 1700-1702, ճարտարապետ՝ Ցա. Լ. Հիլդեբրանդ, Պեշտի, էգերի, էստերգոմի եկեղեցիները)։ 18-րդ դ. սկզբին, ժողովրդական-ազատագրական շարժման վերելքի շրջանում, գեղանկարիչ Ա. Մանյոկին սկզբնավորել է հունգարական դիմանկարչությունը։ 18-րդ դ. կեսին բարոկկոյի ճարտարապետությունը Հունգարիայում ծաղկում է ապրել՝ ձեռք բերելով ավելի զուսպ ձևեր (ճարտարապետ Ա. Մայերհոֆերի կառուցած պալատները Գյոդյոլյոյում և Պեշտում, էստերհազիի պալատը Ֆերտյոդում, 1760 -1772)։ 19-րդ դ. սկզբից ճարտարապետության և քանդակագործության մեջ իշխողը կլասիցիստական ոճն էր։ 1850-1860-ական թթ. առաջին պլան է մղվել ազգային-ազատագրական զաղափարներով տոգորված պատմանկարչությունը։ Զարգացել է գրաֆիկան (Միհայ Զիչի) և քանդակագործությունը (Մ. Իժո)։ Առաջատար դեր է խաղացել ժանրային ռեալիստական գեղանկարչությունը։ Հունգար խոշորագույն նկարիչ-դեմոկրատ Մ. Մունկաչիի ստեղծագործություններին բնորոշ է հոգեբանական խորությունն ու դրամատիզմը։

19-րդ դ. վերջին կազմավորվել են Բուդապեշտի ճարտարապետական կերպարի բնորոշ գծերը՝ լայնահուն պողոտաներ, նեոգոթիկոյի, նեոբարոկկոյի, նեոռենեսանսի ոճերով կառուցված շենքեր (Պառլամենտը, 1884-1904, ճարտարապետ՝ Ի. Շտեյնդլ, Օպերային թատրոնը, 1875-1884, ճարտարապետ՝ Միկլոշ Իբլ)։ 19-20-րդ դդ. սահմանագծին երևան է եկել «մոդեռն» ոճը (Կիրառական արվեստի թանգարանը Բուդապեշտում, 1893-1896, ճարտարապետ՝ Է. Լեհներ)։ Բուդապեշտի հրապարակներում և պուրակներում կանգնեցվում են հուշարձաններ (Հունգարիայի 1000-ամյակի ճարտարապետական-քանդակագործական համալիրը, քանդակագործ՝ Դ. Զալա)։ 1900-1910-ական թթ. հունգարական արվեստը շարունակել է ազգային մշակույթի դեմոկրատական ավանդույթները (հայազգի Շ. Հոլոշի, Կ. Ֆերենցի, Ցա. Տորմա)։ Ա. Ֆենյեշի և Լ. Մեդնյանսկու ժանրային նկարները առանձնանում են հոգեբանական նրբագծերի հարստությամբ։ Ֆրանս. «Նաբի» խմբավորմանը մոտ է դիմանկարիչ և ժանրիստ Յո. Ռիպլի-Ռոնաին։ Ավանգարդիստական «Ութ» խմբավորման նկարիչները դիմել են էքսպրեսիոնիզմի և սեզանիզմի հնարքներին (Կ. Կեռնշտոկ, Ռ. Բերեն)։ 1915-1916 թթ. հանդես են եկել «հունգարացի ակտիվիստներ» հակամիլիտարիստական խմբավորման նկարիչները (Բ. Ուիտց, Շ. Բորտնիկ և ուրիշներ)։

Հունգարիայի գեղարվեստական կյանքում կարևոր դեր է խաղացել Հունգարական Խորհրդային Հանրապետության ստեղծումը (1919)։ Ֆաշիստական կարգերի հաստատումից հետո մի շարք հունգար արվեստագետներ հեռացել են Հունգարիայից։ Երկրում ստեղծագործել են նկարիչներ Դ. Դերկովիչը, Ի. Դեշի-Հուբերը, քանդակագործներ Դ. Դոլդմանը, Լ. Մեսերոշը, ինչպես նաև 1934 թվականին ստեղծված «Սոցիալիստական նկարիչների խումբ»։ Արվեստի պաշտոնական ուղղություններ են դարձել նատուրալիզմը, ակադեմիզմը և նեոբարոկկոն։

Ճարտարապետության մեջ առաջադիմական էին Բ. Լայտայի ֆունկցիոնալիստական կառույցները, քանդակագործության ասպարեզում՝ Ֆ. Մեդյեշիի, Բ. Ֆերենցիի և Դ. Բոկրոշ-Բիրմանի, գեղանկարչության ոլորտում՝ Վ. Աբա- Նովակի ռեալիստական աշխատանքները։ Հունգարիայում ժողովրդա-դեմոկրատական կարգերի հաստատումից հետո, շինարարության բուռն վերելքի հետ, զարգացել է մոնումենտալ արվեստը։ Ժամանակակից ճարտարապետությանը բնորոշ են հատակագծման նպատակայնությունը, պարզ ծավալների, բազմազան ձևերի զուգորդումը, հարդարանքում քանդակագործության, խճանկարչության, որմնանկարչության կիրառումը։

Լավագույն կառույցներից են՝ Բուդապեշտի ժողովրդական ստադիոնը (1948-1853, ճարտարապետ՝ Կ. Դավիդ և ուրիշներ), Շինարարական արդյունաբերության աշխատողների արհմիության տունը (1948-1949, ճարտարապետ՝ Լ. Դադորոշ և ուրիշներ), Էրժեբետ կամուրջը (1965, ճարտարապետ՝ Պ. Շալի) և այլն։ Շինարարությունը լայն թափ է ստացել ինչպես հին (Միշկոլց, Դյոր), այնպես էլ նոր (Դունաույվարոշ, Կոմլո, Տիսապալկոնիա և այլն) քաղաքներում, Բալատոն լճի առողջավայրերում։ Նոր քաղաքներն ունեն ռացիոնալ, ազատ հատակագծում, բնակելի թաղամասերն ուշագրավ են աշտարակային տիպի և հորիզոնական ձգված տների ռիթմիկ համադրությամբ։ Իրականացվում է Բուդապեշտի վերակառուցումը, բարեկարգվում են քաղաքի հին և նոր շրջանները։ ՀԺՀ կերպարվեստում նշանակալի է ազգային ռեալիստական ավանդույթները շարունակող ավագ սերնդի վարպետների գործունեությունը (գեղանկարիչ՝ Ի. Սյոնյի, քանդակագործ՝ Ժ. Կիշֆալուդի-Շտրոբլ)։ Մեծ տարածում է գտել պատմահեղափոխական և սոցիալիստական շինարարության թեմատիկան։ Նվաճումներ են արձանագրվել մոնումենտալ արվեստում։ 1960-ական թթ. արվեստին բնորոշ է գեղարվեստական որոնումների բազմազանությունը, ժողովրդին հոգեհարազատ աշխատանքների ստեղծումը (Ի. Դ. Կուրուց, Մ. Շոմոշ)։ Միաժամանակ վերջին տարիների արվեստում նկատելի է ձգտումը դեպի հուզաարտահայտչական լուծումները (գեղանկարիչ՝ Տ. Դուրաի, քանդակագործ՝ Ցո. Շոմոդյի, գրաֆիկ՝ Բ. Կոնդոր), սիմվոլիզմի և սյուրռեալիզմի տարրերի առկայությունը։ Ֆ. Մարտինի գեղանկարչությանը և Ցո. Բարչայիի մոնումենտալ խճապատկերներին բնորոշ են դեկորատիվ-վերացական և կառուցողական որոնումները։ Խոշոր նվաճումներ են արձանագրվել քանդակագործության ասպարեզում (Ե. Կերենյի, Ի. Կիշ) և դեկորատիվ արվեստում (Մ. Կովաչ, Ն. Ֆերենցի)։

Երաժշտություն խմբագրել

Հունգարիայի երաժշտական մշակույթը սկզբնավորվել է երաժշտական հարուստ բանահյուսության հիման վրա։ Հունգար ժողովրդական երգասացների (էպիկական երգեր, բալլադներ) մասին առաջին տեղեկությունները վերաբերում են 10-րդ դ.։ Քրիստոնեության ընդունումից (10-րդ դ.) հետո հունգարական երաժշտության զարգացման վրա մեծ ազդեցություն է գործել գրիգորյան խորալը։ 13-րդ դ. սկսել է զարգանալ պրոֆեսիոնալ երաժշտական արվեստը։ 15-րդ դ. Բուդայում և եպիսկոպոսների խոշոր պալատներում գոյություն են ունեցել կապելլաներ։ Չնայած օսմանյան արշավանքների հարուցած խոչընդոտներին, այդ շրջանում երևան են եկել առաջին աշխարհիկ երաժշտական երկերը (հունգարական տեքստերով ժողովածուներ)։ Ռեֆորմացիայի շրջանում տարածվել է հունգարական հոգևոր երգը։

 
Ֆերենց Լիստ

17-18-րդ դդ. հունգարական արիստոկրատական շատ տներ ունեին գործիքային և երգչախմբային կապելլաներ (օրինակ, իշխան Պ. Էստերհազիի նշանավոր կապելլան Յո. Հայդնի ղեկավարությամբ)։ Արևմտաեվրոպական ազդեցությամբ զարգացել է քաղաքային երաժշտական կյանքը։ Հունգարական առաջին երաժշաաբեմական ստեղծագործության հեղինակն է Դ. Մատրաին («Դյորդ Չեռնի», 1812)։ 18-րդ դ. վերջին քաղաքային միջավայրում ծագել է պարային գործիքային երաժշտության, այսպես կոչված, վերբունկոշ ոճը, որը 19-րդ դ. կեսերին դարձել է հունգարական ռոմանտիզմի հիմնական ոճը, օգտագործվել խոշորագույն կոմպոզիտորների (Հայդն, Մոցարտ, Բեթհովեն, Բրամս, Լիստ և ուրիշներ) երկերում։ Վերբունկոշին բնորոշ տարրերի մշակման հիման վրա Ցո. Ռուզիչկան ստեղծել է հունգարական առաջին օպերան («Բելայի փախուստը», 1822)։

18 -19-րդ դդ. սկզբին Հունգարիայի երաժշտական արվեստում երևան են եկել ազգային միտումներ, որոնք առավել վառ արտահայտվել են ռոմանտիկական ազգային օպերայում (հիմնադիրն է Ֆ. էրկեչը)։ 1834 թվականին ստեղծվել է առաջին, այսպես կոչված, Ազգային երաժշտական դպրոցը, որի հիման վրա Ֆերենց Լիստը 1875 թվականին հիմնադրել է Երաժշտական ակադեմիա (նախագահ՝ Ֆերենց Լիստ, տնօրեն՝ Ֆ. էրկել, 1918 թվականից՝ Ֆերենց Լիստի անվան երաժշտական արվեստի բարձրագույն դպրոց)։ 1837 թվականին Պեշտում հիմնադրվել է օպերային թատրոն, 1840 թվականին՝ Ազգային կոնսերվատորիա, 1853 թվականին՝ Ֆիլհարմոնիկ ընկերություն։

Հունգարական ազգային երաժշտական մշակույթի զարգացմանը մեծապես նպաստել է Ֆերենց Լիստի ստեղծագործական և հասարակական գործունեությունը։ Ազգային երաժշտական ավանդույթևերը զարգացրել է Մ. Մոշոնին (երկու օպերա, վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործություններ)[1]։

19-րդ դ. վերջին հանդես են եկել նշանավոր կատարողներ, հատկապես հռչակված էր ջութակի հունգարական դպրոցը (է. Ռեմենյի, Ե. Հուբաի և ուրիշներ)։

Հունգարիայում են ծնվել և գործել նշանավոր ջութակահարներ Յո.Յոահիմը, Մ. Հաուզերը, Լ. Աուերը, դաշնակահարներ Ա. Սեկեյը, Ա. Աենդին, դիրիժորներ Դ. Ռիխտերը, Ա. Նիկիշը։ 20-րդ դ. 1-ին կեսին համաշխարհային ճանաչում ստացան Ֆ. Լեհարի և Ի. Կալմանի օպերետները։ Հունգարական նոր երաժշտությունը (20-րդ դ. սկիզբ) կապված է Բ. Բարաոկի և Զ. Կոտսյի գործունեությանը։ 1945 թվականից Հունգարիայի երաժշտական կյանքը նշանավորվում է ազգային-դեմոկրատական մշակույթի ընդհանուր վերելքով, ինքնագործ արվեստի (երգչախմբեր, Փողային և սիմֆոնիկ նվագախմբեր, պարային կոլեկտիվներ) և երաժշտական կրթության զարգացումով։ Ժամանակակից կոմպոզիտորներից են՝ Պ. Կադոշան, Ռ. Մարոշը, Ա. Միհայը, Է. Սերվանսկին, Ֆ. Ֆարկաշը, Շ. Սոկոլային, Դ. Կուրտագան, Ֆ. Սաբոն։ Երաժշտական մշակույթի կենտրոնը Բուդապեշտն է, որտեղ գործում են՝ Ֆերենց Լիստի անվան հունգարական ազգային երաժշտական ակադեմիան, Բ. Բարտոկի անվան կոնսերվատորիան, Հունգարիայի օպերային թատրոնը և Օպերետայի մայրաքաղաքային թատրոնը, սիմֆոնիկ նվագախմբեր, ժողովրդական պարի պետական անսամբլը, «Բուդապեշտ» պարային անսամբլը, պրոֆեսիոնալ և սիրողական բազմաթիվ կոլեկտիվներ, հունգար երաժիշտների ասոցիացիան (1949), Հունգարական ԴԱ-ին կից ժողովրդական երաժշտության բաժանմունքը (1953), «Բարտոկի արխիվ» ընկերությունը (1961), երաժշտության ինստ. (1969) և այլև։ Երաժշտական կյանքի նշանավոր կենտրոններ են նաև Պեչը, Սեգեդը, Դեբրեցենը, Միշկոլցը։ Ժամանակակից նշանավոր երաժիշտ-կատարողներից են՝ դիրիժոր Ցա. Ֆերենչիկը, դաշնակահարուհի Ա. Ֆիշերը, ջութակահարներ Դ. Կովաչը և Վ. Տատիաին, օպերային երգիչ-երգչուհիներ Ա. Ֆարագոն, Դ. Մելիշը, Մ. Լասլոն, Օ. Սենին, օպերետային՝ Ռ. Ռատոնյին, Պ. Կերտեսը, է. Դալամբոշը, երաժշտագետներից և երաժշտական քննադատներից՝ Բ. Սաբոլչին, Ա. Մոլնարը և ուրիշներ։

Բալետ խմբագրել

Հունգարիայում բալետային ներկայացումներ կազմակերպվել են 1839 թվականից։ Ազգային սյուժեներով բալետներ ստեղծվել են XIX դ. 90-ական թթ.։ 1920—30-ական թթ. Բ. Բարտոկի և Զ. Կոդայի բալետային երաժշտության հիման վրա Դ. Հարանգոզոն բալետային ներկայացումներ է ստեղծել։ 1945 թվականից հետո Հունգարիայում ստեղծվել են բազմաթիվ ազգային բալետներ, այդ թվում՝ Ե. Կենեշեիի «Հարսնացուի թաշկինակը» (1951)։

Մեծ ուշադրություն է դարձվում ժողովրդական պարի զարգացմանը։ Ամենախոշոր բալետային խումբը գործում է Հունգարայի օպերային թատրոնում (Բուդապեշտ)։ 1960 թվականից Պեչում գործում է Ի. էկի ղեկավարած բալետային խումբը։ Բալետի առաջատար դերասաններից են՝ Բ. Բորդին, Ի. Օտրուբսփն, Կ. Սալաին, Վ. Ռոնան, Ժ. Կունը և ուրիշներ։ 1950 թվականին Բուդապեշտում բացվել է Բալետային արվեստի ինստիտուտ։

Թատրոն խմբագրել

Հունգարական թատերարվեստը արմատներով կապված է քոչվոր հունգարների հեթանոսական ծեսերին։ Քրիստոնեության ընդունումից հետո կաթոլիկ եկեղեցին արմատախիլ է արել հին մշակույթի տարրերը և փորձել երկրում արմատացնել լիթուրգիական դրաման։ Հունգարական դրաման ծնունդ է առել Ռեֆորմացիայի տարիներին։ 1790 թվականին կազմակերպվել է առաջին պրոֆեսիոնալ թատրոնը (Պեշտ)։ 1792 թվականին սկսել է գործել Ֆեյեր եղբայրների թատրոնը (Կլուժ, Տրանսիլվանիա)։ XIXtդ. սկզբին մեծ տարածում է գտել «շրջիկ» թատրոնը, որը լուսավորական նպատակներ ուներ, պայքարում էր հունգարերենի ճանաչման, ազգային մշակույթի զարգացման համար։ XIX դ. 1-ին կեսին գրվել են ազգային-ազատագրական թեմայով ռոմանտիկական դրամաներ։ 1837 թվականին բացվել է Պեշտի հունգարական թատրոնը (1840 թվականից՝ Հունգարիայի ազգային թատրոն), որն արագացրել է ազգային թատերարվեստի զարգացումը։ Այդ թատրոնի առաջադեմ դերասաններից էին Դ. էգրեշին, Մ. Լենդվաին, Ռ. Լաբորֆալվին և ուրիշներ։ Կապիտալիզմի զարգացումը ուժեղացրել է բուրժուական մշակույթի ազդեցությունը հունգ. թատրոնի վրա այդ շրջանում։ Դեմոկրատական ավանդույթների միակ պահպանողը Ազգային թատրոնն էր, որը մեծ վերելք է ապրել 1878֊-1894 թթ., երբ այնտեղ աշխատում էին ռեժիսոր (նաև տնօրեն) է. Պաուլաին, դրամատուրգ Դ. Չիկին և ողբերգակ դերասանուհի Մ. Ցասաին։

XIX դ. 60֊ 70-ական թթ. մայրաքաղաքում և գավառներում բացվել են նոր թատրոններ՝ Բուդայի ժողովրդական թատրոնը (1861֊-1864, 1867—1870), Պեշտի «Նեպսինհազը» (1875), Բուդապեշտի «Վիգսինհազը» (1896) և այլն։ XX դ. սկզբին ռեժիսոր Շ. Հևեշին կազմակերպել է նորարարական «Տալիա» թատրոնը (1904—1908)։ Ժողովրդա-դեմոկրատական կարգերի հաստատումից հետո Հունգարիայում նոր պայմաններ են ստեղծվել ազգային թատերարվեստի զարգացման համար։ 1949 թվականին Հունգարիայի բոլոր թատրոնները ազգայնացվել են։ Բացվել են նոր՝ Երիտասարդական, Տիկնիկային, Շրջիկ և այլ թատրոններ, ուր բեմադրվել են ինչպես ժամանակակից հունգար դրամատուրգներ Լ. Նեմետի, է. Ուրբանի, Ցո. Դարվաշի և այլոց գործերը, այնպես էլ խորհրդային պիեսներ։ Հունգարական թատրոնում ռեալիստական ավանդույթների ամրապնդմանը նպաստել է ռեժիսոր է. Դելերտը՝ բեմադրելով Ա. Չեխովի և Մ. Դորկու պիեսները։ 1970 թվականին Հունգարիայում գործել է 33 (19-ը՝ Բուդապեշտում) դրամատիկական թատրոն։ 1950—1970-ական թթ. առաջատար դերասաններից են եղել՝ Մ. Դաբորը, Շ. Պեչին, Հ. Դոբին, Տ. Մայորը, Կ. Լատաբարը և ուրիշներ։ Բուդապեշտում ստեղծվել է թատրոնի ԴՀԻ (1958), ինչպես նաև Թատրոնի և կինոյի ինստիտուտ։

Կինո խմբագրել

19-րդ դ. վերջին Հունգարիայում թողարկվել են առաջին փաստագրական ֆիլմերը։ 1901 թվականին նկարահանվել է առաջին խաղարկային «Պար» (ռեժիսոր՝ Բ. ժիտկովսկի) ֆիլմը, 1912 թվականից սկսվել է կանոնավոր կինոարտադրությունը։ Երկու համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակաշրջանում հունգարական կինոարվեստի վրա ազդել է ամերիկյան շահութաբեր կինոարտադրանքը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին թողարկվել են ազգայնական և ֆաշիստական տեսակետներ պրոպագանդող ֆիլմեր։ Երկրի ազատագրումից հետո ուղիներ են բացվել կինոյի գեղարվեստական զարգացման համար։ 1947 թվականին ստեղծվել է «Ինչ-որ տեղ Եվրոպայում» (ռեժիսոր՝ Դ. Ռադվանյի) հակապատերազմական թեմայով նշանավոր կինոնկարը։ Ազգայնացված (1948) կինեմատոգրաֆիայի խոշոր նվաճումներից էր «Մի թիզ հող» (1948, ռեժիսոր՝ Ֆ. Բան) ֆիլմը։ 1950-ական թթ. կինոստեղծագործությունների մեծ մասին բնորոշ էր սխեմատիզմը, իսկ 60-ական թթ. ֆիլմերին՝ հարցադրումների սրությունը, ճշմարտացիությունը։ Կարևոր խնդիրներ է շոշափում «20 ժամ» (1964, ռեժիսոր՝ Զ. Ֆաբրի), մարդկային բարդ փոխհարաբերություններ են վերլուծում «Հորձանուտում» (1963, ռեժիսոր՝ Ի. Գաալ) և «Հայրը» (1966, ռեժիսոր՝ Ի. Մաբո) կինոնկարները։

19-րդ դ. վերջի հունգարական հասարակության կյանքը, ֆաշիստական տիրապետության տարիներն արտացոլող ֆիլմերից են՝ «Առանց հույսի» (1965, ռեժիսոր՝ Միկլոշ Յանչո), «Սառն օրեր» (1966, ռեժիսոր՝ Ա. Կովաչ) և այլն։ Կինոյի մասնագետներ է պատրաստում Թատրոնի և կինոյի ինստիտուտը (Բուդապեշտ)։ 1956 թվականին ստեղծվել է Կինեմատոգրաֆիայի ԴՀԻ (Բուդապեշտ)։ ճանաչված կինոդերասաններից են՝ Շ. Պեչին, Մ. Գաբորը, Ե. Ռուտկաին, Տ. Տորդաին։

Ազգային տարազ (17–19-րդ դարեր) խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Broughton, pg. 159-167

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։