Հոսքային արտադրություն, արտադրության կազմակերպման մեթոդ։ Ապահովում է տեխնոլոգիական պրոցեսի բոլոր օպերացիաների ըստ ժամանակի համաչափ կատարումը, արտադրանքի թողարկման սահմանված տեմպերին համապատասխան աշխատատեղերի միջև արտադրության օբյեկտի տեղաշարժը։ Հոսքային արտադրության նախադրյալը մի օղակում համասեռ կամ կառուցվածքի ու տեխնոլոգիայի տեսակետից նման արտադրանքի թողարկման կենտրոնացումն է։ Հիմնական հատկանիշներն են.

  • արտադրության պրոցեսի մասնատվածությունն առանձին, համեմատաբար կարճատև օպերացիաների,
  • որոշակի օպերացիայի կատարման գծով յուրաքանչյուր աշխատատեղի մասնագիտացումը,
  • բոլոր օպերացիաների համաձայնեցված (նաև զուգահեռ) և ռիթմիկ կատարումը,
  • աշխատատեղերի տեղաբաշխումը տեխնոլոգիական պրոցեսի հաջորդականությամբ,
  • միջօպերացիոն տրանսպորտի առկայությունը։

Հոսքային արտադրության կազմակերպման հիմքը հոսքի հաշվարկային տակտի (աշխատօրվա տևողության հարաբերությունն արտադրանքի թողարկման օրական առաջադրանքին) և տեմպի (տակտի հակադարձ մեծության) որոշումն է, օպերացիաների սինխրոնության ապահովումը, իսկ ներդրման նախապայմանը՝ ձեռնարկության մասնագիտացումը։ Հոսքային արտադրությունը նպաստում է արտադրության օբյեկտի, դրա մասերի նորմալացմանը, ստանդարտացմանն ու միատեսակացմանը, բարելավում ձեռնարկության ֆինանսա-տնտեսական գործունեության բոլոր ցուցանիշները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 549