Հոմստեդ-ակտ (անգլ.՝ Homestead Act, homestead - տնամերձ հողակտոր), հողաբաժինների մասին օրենք՝ ընդունված ԱՄՆ-ում, 1862 թվականի մայիսին, 1861-1865 թվականների քաղաքացիական պատերազմի ժամանակ ժողովրդական զանգվածների և հանրապետական կուսակցության արմատական-դեմոկրատական թևի ճնշման տակ։ Համաձայն հոմստեդ-ակտի, 21 տարին լրացրած ԱՄՆ-ի յուրաքանչյուր քաղաքացի, որ չէր կռվել Հարավի կողմում ընդդեմ Հյուսիսի, կարող էր ստանալ 160 ակր (65 հա) հողակտոր՝ հանրային սեփականության կամ պետական հողերի ֆոնդից, վճարելով 10 դոլլար։ Նորաբնակը, որն սկսում էր մշակել հողն ու շինություններ կառուցել, 5 տարին լրանալուց հետո դառնում էր հողի սեփականատերը (անվճար)։

Նորվեգացի վերաբնակիչները Հյուսիսային Դակոտայում (1898)

Հոմստեդ-ակտով ԱՄՆ-ում բաժանվեց շուրջ 2 միլիոն հողաբաժին 285 միլիոն ակր (115 միլիոն հա) ընդհանուր տարածությամբ։ Հոմստեդ-ակտի, որը ստրկատերերի դեմ ուղղված միջոցառում էր, ընդունումը նշանավորեց գյուղատնտեսության մեջ կապիտալիզմի զարգացման ֆերմերական ամերիկյան ուղու համազգային հաղթանակը, որն ապահովում էր «...արտադրողական ուժերի ամենաարագ զարգացումը...»։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 541