Հոգևոր ասպետական միաբանություններ

Հոգևոր ասպետական միաբանություններ, ասպետների ռազմա-վանական կազմակերպություններ Արևմտյան Եվրոպայում։ Ստեղծվել են 12—13-րդ դարերում, խաչակրաց արշավանքների ժամանակ, կաթոլիկ եկեղեցու ղեկավարությամբ՝ արևելքում խաչակիրների տիրույթները պաշտպանելու և ընդլայնելու նպատակով, ինչպես նաև «անհավատների» (մուսուլմաններ, հեթանոսներ) դեմ պայքարի պատրվակով Եվրոպայում նոր հողեր նվաճելու համար։ Հոգևոր ասպետական միաբանություններից էին «հյուրընկալների», «տաճարականների», Տևտոնական միաբանությունները և այլն։ Միաբանության անդամները որպես վանականներ ուխտում էին լինել հնազանդ, ժուժկալ, որպես ֆեոդալ-ասպետներ կրում էին զենք, մասնակցում նվաճողական արշավանքների և այլն։ Հոգևոր ասպետական միաբանությունների կառուցվածքը հիերարխիկ էր։

Միաբանությունը գլխավորում էր ցմահ ընտրված և պապից հաստատված մեծ մագիստրոսը։ Նրան էին ենթարկվում «պրովինցիաների» (միաբանության տեղական ստորաբաժանումներ) պետերը, մարշալները (ֆինանսներ վարողներ), կոմանդորները (ամրոցների, դղյակների պարետներ)։ Պարգևների, զավթումների, վաշխառուական և առևտրական գործարքների միջոցով միաբանությունները ձեռք էին բերում մեծ հարստություններ, դառնում խոշոր հողատերեր և հասնում տնտեսական ու քաղաքական հզորության։ Եվրոպական պետություններում կենտրոնացված իշխանության ամրապնդման հետևանքով հոգևոր ասպետական միաբանությունները կորցրեցին իրենց նշանակությունը, թեպետ նրանցից մի քանիսը (օրինակ, Տետոնական, «հյուընկալների») գոյատևում են ցայսօր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 504
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոգևոր ասպետական միաբանություններ» հոդվածին։