Հոգուն վրա հասավ (Նար-Դոս)

«Հոգուն վրա հասավ», հայ գրող Նար-Դոսի «Մեր թաղը» նովելաշարի նովելներից է։

Հոգուն վրա հասավ
ԺանրԷպիկական
ՁևՆովել
ՀեղինակՆար-Դոս
ԵրկիրՀայաստան
Բնագիր լեզուՀայերեն
ՎիքիդարանՀոգուն վրա հասավ

Սյուժե խմբագրել

 

Ստեղծագործությունը սկսվում է ձմեռային օրերից մեկի նկարագրությամբ։ Նախշքար Դավիթը գնում էր տուն։ Նրա հագուստը ամբողջությամբ ծածկված էր ներկերի բծերով, որոնց մեջ գերակշռում էր սպիտակ գույնը։ Նա քայլում էր անորոշ քայլերով և քթի տակ մրթմրթում էր։ Նա ոչինչ չէր զգում՝ բացի ոգելից խմիչքի ծարավից, որը տանջում էր նրան։ Արդեն երեք շաբաթ էր, որ աշխատանք չուներ, որովհետև ձմեռ էր, ոչ մեկ տուն չէր կառուցում կամ վերանորոգում։ Ամռանն ու աշնանը աշխատած գումարը վաղուց էր ծախսել, իսկ այսօր առաջին անգամն էր, որ չէր խմել ո՛չ օղի, ո՛չ գինի։ Մինչև այդ օրը խմիչքն ապառիկով էր վերցնում, իսկ հիմա էլ չէին տալիս, որովհետև պարտքը դեռ հետ չէր տվել։ Տանն էլ այլևս չուներ մի այնպիսի իր, որ կարողանար վաճառել։ Տունը դատարկ էր, կինն ու երեխաները՝ սոված։ Հիմա նա տուն էր վերադաառնում ամեն ինչի ու ամենքի նկատմամբ,չարացած, որովհետև հույս չուներ, որ գոնե վաղը կամ մյուս օրը կգտներ խմելու մի հնար։ Նա գնաց տուն։ Դուռը բացեց խճճված մազերով մի փոքրիկ աղջիկ, և երբ նա փակում էր դոուռը, հայրը մի հարված հասցրեց երեխայի գլխին։ Երեխան ոչինչ չպատասխանեց, կռացավ ու ձեռքերով պահեց գլուխը. սպասում էր հաջորդ հարվածին, բայց այդ անգամ հայրը բավականացավ միայն մեկով։ Դավիթը սկսեց գոռգոռալ ու վատաբանել ընտանիքի անդամներին, բայց կինը նույնիսկ գլուխը չբարձրացրեց կարի վրայից։ Նրա համար արդեն սովորական էին դարձել ամուսնու կռիվներն ու հայհոյանքները։ Կնոջ միակ պատասխանն անտարբերությունն ոու լռությունն էր լինում միշտ, որպեսզի ավելի չբարկացնի ամուսնուն։ Այն ժամանակվանից, ինչ Մային ոտք էր դրել ամուսնու տուն, միայն ծեծ ու հայհոյանք էր տեսնում։ Սակայն դա տանելի կլիներ նրա համար, եթե ամուսինը գոնե երեխաների հոգսը քաշեր։ Նա վաստակածը վատնում էր միայն իր ուտելու և խմելու վրա, այդ պատճառով էլ նրա չլինելը կնոջն ավելի ձեռնտու կլիներ։ Մային աշխատում էր անդադար, կատարում էր ամեն տեսակ աշխատանք, որը նրան հալ ու մաշ էր արել։ Մի փոքր էլ գոռգոռալուց հետո հոգնեց ու պառկեց Դավիթը, սակայն պառկած տեղն էլ հանգիստ չէր մնում, անընդհատ դես ու դեն էր պտտվում։ Նրա գլխում մի միտք ծնվեց։ Նա բացեց պահարանի դուռը, որը լիքն էր խմիչքի դատարկ շշերով, վերցրեց մի շիշ, որի մեջ լցրեց ջուր և սկսեց խմել։ Ջուրը մի փոքր օղու համ էր ստացել, բայց դա բավարար չէր նրան։ Հետո տուն վերադարձավ Ակոբը՝ նրանց որդին, ով ութ տարեկան էր։ Նա նոր էր վերադառնում խանութից:Ակոբին տվել էին պղնձագործի մոտ մի տարի անվարձ ծառայելու, որպեսզի արհեստ սովորի։ Երեխան ուրախ էր, որովհետև գումար էր վաստակել առաջին անգամ։ Մային ասաց, որ պահի գումարը, որպեսզի հաց առնեն, բայց Դավիթը սոված գայլի պես հարձակվեց երեխայի վրա, վերցրեց նրա ձեռքից գումարն ու դուրս վազեց տնից։ Երբ Մային ուշքի եկավ, տեսավ, որ Ակոբը լաց է լինում։

Կերպարներ խմբագրել

  • Դավիթ
  • Մայի
  • Ակոբ
  • Երեխաներ

Գաղափարական վերլուծություն խմբագրել

Թաղի կյանքին բնորոշ երևույթն այն է, որ ամենօրյա թշվառ վիճակը, կարիքն ու աղքատությունը սպանում են մարդկային շատ հատկանիշներ, նրանք դառնում են մի իսկական չարիք իրենց հարազատների գլխին։ Երևույթի խտացումը «Հոգուն վրա հասավ» նովելն է։ Եթե նախորդ նովելներում առկա էր տիպական հանգամանքների և տիպական բնավորությունների համադրությունը, ապա այս գործում ավելի արտահայտիչ է դառնում հոգեբանական ռեալիզմի առանձնահատկությունը. միջավայրն ու այն ներկայացնող պարագաները դառնում են երկրորդական, շեշտադրվում են հերոսի հոգեկան ապրումները։ Նախշքար Դավիթի աշխատանքը ժամանակավոր է, և ընտանիքը պահելու անկարողությունը նրան դարձնում է հարբեցող։ Այս ուղին քայլ առ քայլ ընտանիքի հոգսերին անտեղյակ արհեստավորին հասցնում է կնոջ ու երեխաների համար մի իսկական բռնակալի վիճակի։ Այսպես ոչ միայն արհեստավորների, այլև մտավորականների մի ամբողջ խավի կամ միջին դասի բնորոշ է դառնում անհեռանկարայնությունը։ Աղբի ու փոշու մեջ կորած թաղը ամբողջացնում է հերոսի ներքին փոթորիկը. «սիրուհու պես տենչալի և մահվան չափ անդիմադրելի» խմիչքի կարոտը, գինեվաճառի մերժումը կարծես նրա էությունը դուրս էր հանել բանականությունից։ Ցրտի ու սովի մեջ տանջվող ընտանիքը չկա նրա համար, բռունցքով խփում է դուռը բացող աղջկա գլխին, ով հավի պես կուչ է գալիս դռան ետևում, հայհոյում կնոջը, պառկում ու ելնում, այս ու այն կողմ գնում խելագարի պես, խմիչքի շիշն է ջրով ողողում ու խմում, բայց ոչինչ չի հագեցնում նրա՝ խմիչքի նկատմամբ ունեցած անհագ ծարավը։ Հոգուն վրա է հասնում իր վարպետից առաջին վարձը ստացած տղան, որը ցանկանում էր ուրախացնել մորը, իսկ փողը հափշտակում ու դուրս է վազում հայրը[1]։

Ծանոթագրությունների ցանկ խմբագրել

  1. Սաֆարյան, Վազգեն (2022). 19-ՐԴ ԴԱՐԱՎԵՐՋԻ ԵՎ 20-ՐԴ ԴԱՐԱՍԿԶԲԻ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Երևան: ԵՊՀ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ. էջեր 191–192.