Հոգեախտորոշումը դիտարկվում է երկու կողմով, որոնք միաժամանակ ուղղություններ են հանդիսանում. 1) ախտորոշման տեսական- մեթոդաբանական վերլուծությունը որպես ճանաչողության յուրահատուկ տեսակ, 2) հոգեախտորոշման բնութագրիչների բացահայտումը որպես կիրառական գործունեություն և գիտակարգ։ Ախտորոշումը ժամանակակից մեթոդաբանական գրականության մեջ հասկացվում է որպես ճանաչողական գործընթացի հատուկ տեսակ, որպես ճանաչման հատուկ գործունեություն՝ ի տարբերություն մի կողմից գիտական ճանաչողության, մյուս կողմից՝ իմացման (կռահման)։ Գործնականում բոլոր հետազոտողները միաբան են այն հարցում, որ եզակի (բացառիկ, առանձին) օբյեկտի վիճակի ճանաչումն իրականանում է ընդհանուրի մասին գիտելիքի հիման վրա։ Այս իմաստով ախտորոշումը հանդիսանում է ճանաչողության յուրահատուկ միջանկյալ օղակ, որն ընկած է գիտական գիտելիքի ընդհանուր էության և կոնկրետ երևույթի, միակի ճանաչողության միջև, այսինքն. իմանալով համապատասխան դասի առարկաների մասին ընդհանուրը, մենք միաժամանակ չգիտենք հետազոտության տվյալ առարկան։ Լայն իմաստով ախտորոշումը բնութագրվում է որպես եզակի օբյեկտի վիճակի ճանաչման գիտագործնական գործունեություն՝ նորմին համապատասխանության տեսակետից։ Այն իրականանում է գիտությանը հայտնի դասի մեջ տվյալ օբյեկտի ամփոփման հիման վրա, հետապնդում է կանխատեսման, նորմալ գործառության վիճակին համակարգի վերադարձի կամ սատարման նպատակ։ Գիտության մեջ ախտորոշումը ձգտում է ախտորոշիչ գործունեության օրինաչափությունների խիստ նկարագրությանը. օրինակ՝ բժշկական պրակտիկայի բոլոր դեպքերում։ Հենվելով գիտական ճանաչողության մեթոդների վրա, այն կառուցվում է լոկ ստույգ փաստերի վրա, ելնում է ախտորոշման տրամաբանական հետևողականությունից։

Մյուս կողմից ախտորոշումը նաև արվեստ է հանդիսանում, որը մատչելի է յուրաքանչյուր գործնական աշխատողի համար, և որ նրա ախտորոշիչ գործունեության հիմքում ընկած է ինտուիցիան։

Երկու դեպքում էլ ախտորոշման օբյեկտիվության և հավաստիության համար պատասխանատվությունը բավականին մեծ է, քանզի մի դեպքում կարող են աղճատվել գիտական փաստերը, մյուս դեպքում խախտվում է ազդեցության միջոցների կիրառման բարեկրթությունը, էթիկան։ Իսկ առավել լայն իմաստով՝ խախտվում են բարոյական նորմերը, տուժում է սուբյեկտը, որի նկատմամբ կիրառվում են ախտորոշիչ ընթացակարգերը։ Հետազոտողների և պրակտիկայով զբաղվողների ճնշող մեծամասնությունը ելնում է այն հանգամանքից, որ ախտորոշումը հանդիսանում է միաժամանակ և° գիտությունե, և° արվեստե։ Որպես գիտակարգ, ախտորոշման մեջ, աշխատանքների մեծամասնությունում կիրառելի է ՙմարդ-մարդ՚ համակարգի նկատմամբ, և ընդունված է առանձնացնել միմյանց հետ անքակտելիորեն կապված 4 հիմնական բաժիններ՝ սեմիոտիկական, տեխնիկական, տրանաբանական և դեոնտոլոգիական։ Սեմիոտիկականը պարունակում է նախանշանների (հատկանիշների) նկարագրությունը, որոնք բնութագրում են նորմալ վիճակներն ու շեղումները, այսինքն. հիվանդությունների ամենատարբեր տեսակի ախտանիշների, հատկանիշների նկարագրությունը։

Տեխնիկականում տրվում է ախտորոշման օբյեկտի հետազոտման մեթոդների ու միջոցների բնութագիրը։

Տրամաբանական բաժնում բնութագրվում է ախտորոշիչ մտածողությունը, այսինքն. օբյեկտի ներքին վիճակների արտաքին նախանշանների կամ ախտանիշների շուրջ ճանաչողության գործընթաց է, որը սկսվում է նորմայից շեղման ի հայտ գալուն պես։

Դեոնտոլոգիականում գտնվում են հիվանդների հետ շփման սկզբունքներն ու բժշկական պրակտիկան։

Հոգեբանի համար, որը, մեր տեսակետով, պարտավոր է ունենալ հետազոտողին և պրակտիկին բնորոշ մասնագիտական պատրաստվածության համապատասխան մակարդակ, գիտելիքը հոգեախտորոշման ոլորտում անհրաժեշտ է ՙօդի ու ջրի պես՚։ Ոչ պակաս արդիական է այն փաստարկումը, որ հոգեախտորոշիչ մեթոդը պարունակում է յուրահատուկ չափողական գործիքակազմ, որն օժտված է սեփական բնութագրիչներով՝ հոգեկան երևույթների չափման տեսությամբ (հոգեչափում կամ փսիխոմետրիա) սահմանված։ Հոգեբան-ախտորոշողի որակավորման հիմնական արժեքն արտահայտվում է արդյունքների մեկնաբանման և եզրակացությունների ու հանձնարարականների կազմման փուլում։ Համապատասխանաբար, այս փուլում կարևոր է ինչպես հոգեբանական իրազեկությունը (կոմպետենտությունը), այնպես էլ արդյունքների տեսական վերլուծության խորությունը, որն իր ձևակերպմամբ պետք է տարբերվի և տարբերվում է զանազան մասնագետների կատարած վերլուծություններից։ Հոգեախտորոշումը, որպես գործունեություն, առանձին մարդու կամ խմբի հոգեկան յուրահատկությունների առկա վիճակների ճանաչողության մի գործընթաց է, որի պատճառները դիտարկվում են նորմայի չափանիշներին համապատասխան։ Ճանաչման գործընթացն իրականանում է ախտորոշողին քաջ հայտնի հասկացությունների համակարգի հիման վրա՝ որպես առանձին հետազոտվողի (մարդու կամ խմբի) ընդհանուր տիպին վերագրում, հոգեբանական յուրահատկությունների դրսևորման կանխատեսման նպատակով, ինչպես նաև նրանց վրա շտկողական կամ կանխարգելիչ ներգործության իրականացման նպատակով, որպեսզի ապահովվի գործունեության պահանջվող չափանիշները կամ կոնֆլիկտի բացառումը։ Վերջին տարիների բազմաթիվ հետազոտությունների ընդհանրացումը մատնացույց է անում այն, որ հոգեբանները հիմնականում ուշադրություն են դարձնում վարքի վերլուծությանը, փորձի պահին ստացված արդյունքներին, և շատ քիչ է օգտագործվում մարդու նախկինի փորձի ինֆորմացիան. ինքնադիտման մեթոդի, կենսագրական մեթոդի, փաստաթղթերի վերլուծության, գործունեության արդյունքների հոգեբանական վերլուծության օգնությամբ։ Միայն մարդու առկա վիճակով տարվելը պատահական չէ. այն շատ հոգեբանների համար ստացված ինֆորմացիայի օգտագործման անընդունակությամբ պայմանավորված ձևականացման, մեկնաբանման և համեմատական վերլուծության դժվարություններն են։ Նմանապես, հեղինակները հազվադեպ են անդրադառնում փորձագիտական գնահատականների մեթոդին, որն, անկասկած, ունի հոգեախտորոշիչ արժեք։ Փորձագիտական համակարգի մշակումը պահանջում է որոշակի պատրաստվածություն, և ստեղծման գործընթացում նախատեսում է պարտադիր 5 ընթացաշրջան. հիմնախնդրի առանձնացում, որի դեպքում ճշգրտվում է խնդիրը, որոշվում են գիտելիքի ակունքները (գրքեր, փորձագետներից, տարբեր մեթոդիկաներով ստացված տվյալներ և այլն)։ Կոնցեպտուալիզացիա, որի ընթացքում ձևավորվում է ստացված գիտելիքի կառույցը։ Իրացում, որպեսզի կառուցվի գիտելիքի փորձագիտորեն նախապատրաստված և ձևականացված հենք։ Թեստավորում. գնահատվում և ստուգվում է ստեղծված փորձագիտական համակարգի աշխատանքը՝ օգտվողների իրական հայցերին համապատասխան անցկացնելու նպատակով։ Որպես գիտակարգ, հոգեճանաչման կառուցվածքը ձևավորվում է 4 փոխկապակցված տեսություններով. հետազոտման օբյեկտի, հոգեախտորոշիչ մեթոդիկաների մշակման, հետազոտվողի հետ ախտորոշիչ փոխհարաբերությունների, հոգեբանական ախտորոշման առաջադրման։